21 C
Yerevan
30 Սեպտեմբերի, 2020
101619.2 By Google Analytics 29.09.2020
Գլխավոր » ՀՖՖ-ն բանակցում է Կարանկայի և Սոլարիի հետ. «Ժամանակ»
թերթերի տեսություն

ՀՖՖ-ն բանակցում է Կարանկայի և Սոլարիի հետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

Մեր տեղեկություններով՝ ՀՖՖ ղեկավարությունը այժմ բանակցում է մի շարք բարձրակարգ մասնագետների, այդ թվում նաև՝ Կարանկայի և Սոլարիի հետ։ Ամենայն հավանականությամբ Հայաստանի ազգային հավաքականը կունենա իսպանացի կամ իսպանական ֆուտբոլային մոդելը դավանող մասնագետ։ Կրկին պետք է անդրադառնանք կարևոր մի գործոնի։ Անցյալ տարվա հունվարին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն էր նշանակվել իսպանացի հայտնի մասնագետ Խինես Մելենդեսը: Վերջինիս գործառույթի հիմքում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է, ինչպես նաև բոլոր հավաքական թիմերի համակարգումը: Մելենդեսին նշանակելով ՀՖՖ տեխնիկական տնօրեն՝ հայկական ֆուտբոլային գերատեսչությունն ըստ էության պատասխանատու որոշում կայացրեց մարզաձևի զարգացման իսպանական մոդելն ընտրելու վերաբերյալ:

Մինչև 17 տարեկանների Հայաստանի հավաքականն այսօր գլխավորում է իսպանացի Ռուբեն Լեսկանոն, իսկ երիտասարդական հավաքականը՝ մեկ այլ իսպանացի մասնագետ Անտոնիո Ֆլորեսը: Այսինքն՝ երիտասարդ և պատանի ֆուտբոլիստների հետ այսօր աշխատանք է տարվում հստակ ծրագրով, որը մշակել է Մելենդեսը։

Արմեն Գյուլբուդաղյանցը ազգային թիմի ղեկին հայտնվել էր անցյալ տարվա հոկտեմբերին՝ մինչև Մելենդեսի Հայաստան գալը: ՀՖՖ-ն չգնաց կտրուկ քայլի, և չնայած Ազգերի լիգայի խաղարկությունում մեր հավաքականի ձախողմանը՝ Գյուլբուդաղյանցը պաշտոնանկ չարվեց: Ընդունենք, որ եթե ընտրել էինք իսպանական մոդելը, ապա այնքան էլ տրամաբանական չէր երկրի գլխավոր թիմը տեղացի մասնագետին վստահելը։ Կարծում ենք՝ շատ ավելի պատեհ կլիներ, եթե Գյուլբուդաղյանցը անցյալ տարվա գարնանը ընդգրկվեր ազգային թիմի մարզչական շտաբում, իսկ գլխավոր մարզիչը կամ ժամանակակից ֆուտբոլում թիմի մենեջեր կոչվածը նշանակվեր Մելենդեսի կողմից: Այս պարագայում մոդել կոչվածը շատ ավելի ամբողջական և հեռանկարային տեսք կունենար: Այս տարբերակը հիմա էլ ակտուալ կարելի է համարել։

Ստեղծված իրավիճակում, կարծում ենք, որոշակիորեն անհասկանալի կլինի, եթե Հայաստանի ազգային հավաքականը գլխավորի, ասենք, իտալացի կամ գերմանացի մասնագետ: Իտալացի մարզիչը դժվար թե համաձայնի աշխատել մի միջավայրում, որտեղ գործի է դրված ֆուտբոլի զարգացման իսպանական ծրագիրը: Ցանկացած բարձրակարգ մասնագետ կպնդի, որ դուստր հավաքականները աշխատեն իր նախընտրած ծրագրով:

Գաղտնիք չէ, որ երիտասարդական և պատանեկան հավաքականները ազգային թիմի գլխավոր ռեզերվն են: Անհասկանալի կլինի նաև, եթե ազգային հավաքականի ղեկը կրկին վստահվի տեղացի մասնագետի: Խնդրի ամենաօպտիմալ լուծումը թերևս գլխավոր մարզչի ընտրությունը Խինես Մելենդեսին վստահելն է: Տրամաբանական է, որ նա կնախընտրի իսպանացի մասնագետի, ում ճանաչում և վստահում է: Եթե ընտրել ենք մի ճանապարհ, ապա դրանից շեղվելը բոլորովին ճիշտ չի լինի: Եթե ընտրել ենք իսպանական մոդել, ապա այն պետք է լինի ամբողջական և աշխատի՝ ինչպես մեխանիզմը: Բոլորովին այլ հարց է՝ ընտրված մոդելը ճի՞շտ է, թե՞ սխալ: Այսօր, սակայն, այս հարցն այնքան էլ կարևոր չէ, քանզի հայկական ֆուտբոլը 20 տարի շարունակ առաջ չի շարժվել հստակ ծրագրով, և թերևս առաջին անգամ է ընտրվել զարգացման մոդել: Արդյունքը կարող ենք տեսնել միայն տարիներ անց, իսկ հիմա մեր միակ խնդիրը հնարավորինս արագ առաջ շարժվելն է:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

ՀՖՖ-ն պատրաստվում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ

Նատա Հարությունյան

ՀՖՖ-ն երկրպագուներին կոչ է անում զերծ մնալ մարզադաշտի հարակից տարածքներում կուտակումներից

Նատա Հարությունյան

Բացահայտել են ՀՖՖ նախկին նախագահի և «Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի» տնօրինության ապօրինությունները

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին