27 C
Yerevan
11 Օգոստոսի, 2020
91289.6 By Google Analytics 10.08.2020
Գլխավոր » Հ1-ի ռեպորտաժի շուրջ աղմուկ ստեղծելու հիմք չկար, բայց հասկանալի է աղմկողների նպատակը․ Տաթևիկ Հայրապետյան
Քաղաքականություն

Հ1-ի ռեպորտաժի շուրջ աղմուկ ստեղծելու հիմք չկար, բայց հասկանալի է աղմկողների նպատակը․ Տաթևիկ Հայրապետյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

New Armenia.amի զրուցակիցն է ԱԺ «Արտաքին հարաբերությունների» մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

-Տիկի՛ն Հայրապետյան, Հ1-ի հայտնի տեսանյութից հետո, որն անդրադարձել էր ՌԴ-ում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեին, և որտեղ ներկայացվել էր ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի խոսքը, համացանցում սկսվեցին բուռն քննարկումներ։ Ձեր կարծիքը կխնդրեի այդ տեսանյութի մասին ու արդյոք տեղի՞ն է այն աղմուկը, որն առաջացավ դրանից հետո։

-Լրագրողն իրականում ազատ է կազմակերպել իր ռեպորտաժն այնպես, ինչպես հարմար է գտնում, մենք գործ ունենք ազատ մամուլի հետ, և անկախ նրանից , որ Հանրայինով է հրապարակվում, միևնույն է, խոսքը լրագրության ազատության մասին է։ Երբ որ մեր մասին ամենավատ հոդվածներն են լույս տեսնում որոշակի կայքերում, միևնույն է, մենք չենք կարող սահմանափակել։ Չեմ կարող որակում տալ որևէ ռեպորտաժի, որովհետև այն ամբողջովին հիմնված է լրագրողի գործունեության վրա։ Ես որևէ տեղ, որևէ ռեպորտաժում ո՛չ հակառուսական, ո՛չ հակաամերիկյան, մեր գործընկերներից ոչ մեկի հետ կապված որևէ հակա բան երբևիցե չեմ նկատել, առավելևս Հանրային հեռուստաընկերության եթերում։

-Այդ դեպքում ինչո՞վ եք բացատրում ստեղծված աղմուկը։

-Հերթական արհեստական հրահրումներով, որովհետև մարդիկ միշտ սիրում են առիթից օգտվել տեղի, անտեղի, գերազանցապես անտեղի, և ինչ-որ իրավիճակ ստեղծել, սա նորություն չէ․ պարբերաբար, տարբեր փուլերում մենք սրա ականատեսն ենք լինում, երբ ամեն աննշան բան փորձում են ուռճացնել և ներկայացնել բացարձակ այլ լույսի ներքո։

-Տիկի՛ն Հայրապետյան, Հայստանում հակառուսական տրամադրություններ ստեղծելուն անդրադարձել է ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, մասնավորապես նշելով«վերջերս Հայաստանում տեղի է ունենում հակառուսական տրամադրությունների արհեստական սրացում, որոնք մեր երկրում ակտիվորեն իրագործվում են հակահայկական և հակապետական ուժերի ակտիվ ջանքերով»։ Այդպիսի սրացումներ Ձեզ համար նկատելի՞ են, թե ոչ, պատկերացում ունե՞ք՝ ինչ ուժերի է ակնարկում Ծառուկյանը։

-Կարծում եմ, որ այդ մեկնաբանությունները պետք է տա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ որ ուժերն են որակվում հակապետական, իսկ ինչ վերաբերում է տրամադրություններին․ ի՞նչ հակառուսական տրամադրությունների մասին է խոսքը, մենք ոչ միայն ռազմական-դաշնակցային հարաբերություններ ունենք, այլ մեր ժողովուրդները դարավոր մշակութային հարաբերություններ ունեն և այն խորքը, որն առկա է Ռուսաստանի հետ հարաբերություններում, ըստ էության, շատ յուրահատուկ է դարձնում դրանք և չեմ կարծում, որ որևէ անտեղի երևույթներ ստվեր են նետում այդ հարաբերությունների վրա, որովհետև դրանք ոչ միայն երկրների, ոչ միայն երկրի ղեկավարների բարեկամության և դաշնակցության արդյունք են, այլ՝ ժողովուրդների:

-Տիկի՛ն Հայրապետյան, իսկ ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանում տեղի ունեցած Սահմանադրական հանրաքվեն, ընդհանուր առմամբ, և հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում։

-Վստահ եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները շարունակելու են զարգանալ և էլ ավելի բարելավվել ու առաջընթաց գրանցել, իսկ Ռուսաստանի ներքին գործընթացները որևէ կերպ մեկնաբանելը սխալ եմ համարում, քանի որ դա սուվերեն երկրի որոշումներն են, և մենք ավելի քան հարգում ենք դրանք։ Ինչպես մենք ենք մեր երկրում որևէ փոփոխություն իրականացնում, այնպես էլ ցանկացած երկիր կարող է դա անել, և դրա վերաբերյալ մեկ այլ՝ թեկուզ դաշնակից երկիր, չի կարող գնահատականներ հնչեցնել։

-Ձեզ համար հասկանալի՞ և ընդունելի՞ են այն քննադատությունները, կարծիքները , որոնք հնչում են Հայաստանի ներսում Ալեքսեյ Նավալնիի անձի և նրա՝ այդ տեսանյութում հնչեցրած մտքերի վերաբերյալ։

-Ձեզ ասացի, որ ռեպորտաժների վերաբերյալ ես կարող եմ անձնական կարծիք ունենալ, բայց՝ չեմ կարծում, որ ռեպորտաժում արտահայտված մտքերը հիմք էին ծառայում նման բուռն ռեակցիաների համար, դրանք արհեստածին են ու ամբողջությամբ անտեղի և հստակ նպատակներ ունեն արհեստական աղմուկ ստեղծելու։ Քաղաքականության մեջ, դուրս գտնվող շատ գործիչների նպատակը հենց այդ աղմուկները ստեղծելն է, որից, չեմ հասկանում, թե ինչ օգուտ են ստանում, որովհետև հարաբերությունների խորությունը բոլորովին այլ չափանիշներով է չափվում, իսկ Ռուսաստանի ցանկացած այլ գործչի վերաբերյալ, եթե չեմ սխալվում, Հանրայինից էլ արձագանք եղավ, որ այդ քաղաքական գործիչների մասին ռեպորտաժներ պատրաստվում են նաև ռուսական Հանրայինով և այլ հեռուստաընկերություններով ինչպես աշխարհում ամեն տեղ։ Բնականոն, նորմալ երևույթ է, չեմ հասկանում, թե որտեղից է գալիս աղմուկը, որովհետև ռեպորտաժում արված ծաղկաքաղ մտքերը դրա համար որևէ հիմք չէին ստեղծում։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Ալիևը դարձել է իր իսկ քարոզած հակահայկականության գերին․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)

Սերինե

Ադրբեջանական մամուլում հայտնված` դիրք ռմբակոծելու տեսանյութը նորություն չէ․ պատգամավոր

Սերինե

Պատգամավորը պատմել է, թե ինչից է իրականում վախենում Իլհամ Ալիևը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին