21 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107321.6 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Ղարաբաղյան կոնֆլիկտի քաղաքական լուծումը՝ հեռվում. ինչ են պահանջում կողմերը. «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Ղարաբաղյան կոնֆլիկտի քաղաքական լուծումը՝ հեռվում. ինչ են պահանջում կողմերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված պատերազմից 19 օր է անցել, սակայն հարցի կարգավորման քաղաքական տարբերակին հասնելու եզրերն այդպես էլ չեն երեւում: Եվ չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը, անդամ հանդիսացող Ռուսաստանի Դաշնությունը քայլեր են անում հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ, սակայն առնվազն այս փուլում պարզ է, որ ներկա պահին առկա լուծման տարբերակներին կոնֆլիկտի կողմերը չեն համաձայնում:

Իսկ որո՞նք են դրանք. երեկ մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հիշեցրեց Ղարաբաղյան խնդրի կարգավորման տարբերակ, որը, նկատենք, նախկինում ստացել էր «Լավրովյան ծրագիր» անվանումը: «Իհարկե, քաղաքական կարգավորումը հնարավոր է։

Այն առաջարկները, որոնք համանախագահները մշակել եւ շարունակում են մշակել, մնում են բանակցությունների սեղանին, դրանց բովանդակությունն արդեն հայտնի է. դա Ղարաբաղի շուրջ շրջանների փուլային, աստիճանական ազատագրումն է Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ եւ մինչեւ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելը Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ հուսալի կապի ապահովմամբ», – նշել էր Լավրովը:

Նրա այս հայտարարությունից ժամեր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ հղեց ժողովրդին եւ նաեւ ներկայացրեց այն ժառանգությունը, որ ստացել է Ղարաբաղյան կոնֆլիկտի մասով՝ ըստ էության մերժելով նաեւ վերը քաշած տարբերակները, որոնք տարիներ շարունակ քննարկվել են: «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ, ըստ էության, հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ:

Այդ պահանջի էությունը հետեւյալն էր. անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց եւ արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որեւէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում: Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն կամ, ավելի ճիշտ, բանակցային հանգրվան, ըստ էության, հրաժարվեց նման ձեւով հարցի քննարկումից, որովհետեւ դա անընդունելի էր»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ընդգծեց, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը եւս կողմ է եղել փուլային տարբերակին: Նկատենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2020 թվականի մայիսի 29-ին մասնավորապես նշել էր. «Այսօր բանակցությունների սեղանի շուրջ քննարկվում է հենց փուլային լուծումը: Ի՞նչ է դա նշանակում։ Առաջին փուլում ազատագրվում են գրավյալ տարածքները: Մենք դա կանենք, թող ոչ ոք չկասկածի»: Եվ, ահա, այսօր պարզ է, որ հայկական կողմի համար ընդունելի չէ այս տարբերակը. ի վերջո արյամբ են ազատագրվել այդ տարածքները, որոնք զիջման ենթակա չեն:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին