Գլխավոր » Ղարաբաղյան հիմնախնդիր. իշխանությունների գործունակության թաքնված ցուցիչը
Վերլուծական

Ղարաբաղյան հիմնախնդիր. իշխանությունների գործունակության թաքնված ցուցիչը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակնօրյա ֆեյսբուքյան իր լայվում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության հետ կապված ներքին լսարանում շրջանառվող թեզերին և ներկայացրել իր պարզաբանումները դրանց վերաբերյալ։ Հետհեղափոխական շրջանում տեղեկատվական-քարոզչական դաշտում մշտապես շրջանառվել են հակամարտության գործընթացի հետ կապված զանազան տեղեկություններ, որոնք կա՛մ իրականությանը չեն համապատասխանել, կա՛մ դրա խեղաթյուրմանն են ուղղված եղել։

Հայտնի փաստ է, որ Ղարաբաղյան հարցը ներկայումս ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում ամենաառաջնայինն է։ Իր ծագումից ի վեր այն ազգային, տարածքային, արտաքին քաղաքական, տնտեսական ու այլ շարժառիթներ էր ենթադրում և դրա գործոնային դերկատարությունը քաղաքական իշխանության արդյունավետության գնահատման տեսանկյունից չափազանց բարձր էր, ինչն ինչ-որ առումով լատենտ դրսևորում է։ Անկախության վերականգնումից էլ դեռևս տարիներ առաջ, երբ դեrևս Ղարաբաղյան շարժումն էր ծավալվում, այն շատ արագ վերածվեց լուրջ քաղաքական գործոնի և անմիջականորեն դարձավ ՀԽՍՀ-ի և Մոսկվայի միջև հարաբերությունների կարևոր առանցքը, որը պայմանավորեց նաև Հայաստանի նկատմամբ Կենտրոնական ապարատի վերաբերմունքի հարցը։ Անկախության առաջին տարիներին, դրա դերակատարությունն էլ ավելի աճեց, երբ շարժումը մտավ բացահայտ առճակատման և պատերազմի փուլ։ Ընդ որում, հիմնախնդրի՝ քաղաքական իշխանության վրա ազդեցության առաջին դրսևորումները երևացին հենց Ադրբեջանում, երբ այստեղ 1990-93 թթ.-ին իրար փոխեցին 3 քաղաքական իշխանություն։

Եթե Ադրբեջանի պարագայում, պատրազմի ընթացքն էր որոշիչ, ապա ՀՀ-ում հակամարտության հետ կապված ներքաղաքական գործընթացներն ավելի խորքային բնույթի էին։ Այսպես, պատերազմի տարիներին ձևավորվեց քաղաքական և ռազմական գործիչների շրջանակ, որոնք հակամարտության կարգավորման այս կամ այն ելքերը դարձրեցին քաղաքական իշխանության դեմ պայքարում լուրջ խաղաթուղթ, այն իրացնելով նաև հետագայում՝ իրենց իշխանավարման տարիներին։ Այդ շրջանակը հատկապես լավ էր ներկայացված նախորդ իշխանական համակարգում, որոնք հանրային դժգոհությունները մշտապես զսպում էին հակամարտության չկարգավորվածության հանգամանքով։ Դա արվում էր երկրում ցնցումների բացառման, քաղաքական կայունության պահպանման համար։  Երկրում առաջացած հանրային անվստահության, արդարադատության դեֆիցիտի, սոցիալ-տնտեսական դժվարությունների նկատմամբ ազգաբնակչության վերապահումներն այս տարիներին կարելի էր բացատրել նաև հակամարտության և դրանից ածանցված երևույթների նկատմամբ ունեցած տոլերանտությամբ։

Սակայն, ի վերջո, ձևավորվեցին վտանգավոր աստիճանի ստերեոտիպեր, ինչպիսիք էին,  օրինակ, Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնվարումը հակամատության հետագա կարգավորման հեռանկարներով բացատրելն ու այս առումով նրա անփոխարինելիության թեզը։ Մյուս, առավել կարևոր վտանգներից էր հանրային տիրույթում առաջացած մեծ կոնտրաստը, որը պայմանավորված էր հակամարտության ելքերի հետ՝ սկսած «ոչմիթիզականներից» ընդհուպ մինչև հակառակորդին ասիմետրիկ զիջումները։ Այս երկու խմբերի հակասությունները մշտապես էսկալացվել են թե՛ իրենց տեսլականների առումով, թե՛ միմյանց դեմ հանդես գալու առումով։ 

Ընդհանուր առմամբ կա կտրվածություն նաև հակամարտության կարգավորման ռեալ իրողություններից, ինչին էլ գումարվում է Ադրբեջանի բավականին մեծ հավակնություններն այս հարցում։ Ըստ էության, այս ամենի հաշվառմամբ էլ ներկա ընդդիմադիրները փորձում են անցնել շատ նուրբ սահմանները և շահարկումները տեղափոխել քաղաքական պայքարի ասպարեզ։ Ուստի նրանց կողմից միտումնավոր կերպով հակամարտության տարբեր դետալների հետ կապված շահարկումն էլ հիմնականում միտված են հանրային տարբեր շերտերի ակտիվացմանն ու քաղաքական իշխանության դեմ տրամադրելուն։ Ստացվում է, որ նախկինները չունեն ներկաների պետական կառավարման համակարգի կամ իշխանավարման համար այնքան սուր քննադատության դաշտ, որքան Ղարաբաղյան հակամարտության հետ կապված պերմանենտ շահարկումները։

Զանc չառնելով քննարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ներկաների վարած քաղաքականությունը, կարող ենք դրա արդյունավետության հետ կապված շատ կարևոր ցուցիչ առանձնացնել։ Ըստ էության, վայելելով բավականին բարձր ժողովրդականություն, ներկաներն այս զգայուն հարցում պատասխանատվության բավականին բարձր չափաբաժին ունեն հանրության առաջ, քանի որ եթե այս տեսանկյունից նախկինների պարագայում կարող էին  վերապահումներ լինել, ապա այժմ՝ հիմնախնդրի վիճահարույց կարգավորման պարագայում առաջին հերթին արձագանքելու է հենց փողոցը։ Սա է պատճառը, որ ներկայումս հենց հանրությունն է, որ հանդիսանում է հիմնախնդրի լուծման առաջնային արբիտրը, այլ ոչ թե նախորդ համակարգի ներկայացուցիչները, որոնք այս կամ այն կերպ փորձում են իրենց «ներկայությունն ու կարևորությունն» ընդգծել հիմնահարցի՝ ներքաղաքական ու արտաքին քաղաքական ընթացիկ դիսկուրսներում։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին