-2 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2020
116777.6 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստ. հնարավորություններ ու հեռանկարներ
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստ. հնարավորություններ ու հեռանկարներ

Այսօր, ուշ երեկոյան ԵԱՀԿ Մինկսի Խմբի համանախագահների նաախձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը (ԱԽ) փակ նիստում քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:

Համանախագահներ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան այս քննարկումը հատկապես կարևորեցին` հաշվի առնելով ռազմի դաշտում ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի կողմից հոկտեմբերի 10-ին և 17-ին համաձայնեցված երկու հրադադարները անտեսելու հանգամանքը, նաև Թուրքիայի անթաքույց միջամտությունը հակամարտությանը:

Ստեղծված իրավիճակը բավականին բարդ է՝ հակամարտության կողմերից մեկը պարզապես անտեսում է միջազգային հանրության կոչերը և շարունակում է ռազմական գործողությունները: Այս առումով կարիք կա ավելի գործուն մեխանիզմների կիրառման. ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը կարող է հանդիսանալ նման մի միջոց, քանի որ դա միակ միջազգային մարմինն է, որի որոշումները պարտադիր են կատարման համար: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նաև ունի լծակներ այդ որոշումների կատարումը ապահովելու համար:

Այստեղ կարևոր է հասկանալ ուժերի դասավորությունը և ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների շահերը տարածաշրջանում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք բոլորը ՄԱԿ-ի ԱԽ մշտական և վետոյի իրավունք ունեցող պետություններ են, ունեն շահագրգռվածություն կարգավորելու հարցը, ինչի մասին բազմիցս հայտնել են հրապարակային: Ավելին, ԼՂ հակամարտության կարգավորումը թերևս միջազգային միակ հարցն է, որ միավորում է Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային: Խնդիրը նրանում է, որ վերջին երկուսը չունեն լծակներ ազդելու պատերազմի ընթացքի, այն դադարեցնելու և զինադադար հաստատելու գործում: Այդ լծակներն ունի միայն Ռուսաստանը, որն էլ չունի որևէ միջազգային մանդատ այդ լծակները կիրառելու համար:

Դժվար է ասել, թե արդյո՞ք Ռուսաստանը կստանա այդ մանդատը` հաշվի առնելով Թուրքիայի ակտիվ միջամտությունը բոլոր ուղղություններով՝ ռազմական, ռազմական-խորհրդատվական, դիվանագիտական: Ռուսաստանի գործողությունների սահմանափակ լինելը պայմանավորված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ լինելու միջնորդական մանդատով, որը շատ թանկ արժե ՌԴ-ի համար, և նա չի ուզենա կորցնել միջնորդի այդ լեգիտիմությունը:

Միևնույն ժամանակ հակամարտությունը հղի է Ռուսաստան-ՆԱՏՕ սառը հակամարտության վերաճելու վտանգով՝ հաշվի առնելով Թուրքիայի ներխուժումը Հարավային Կովկաս: Այստեղ է, որ ՌԴ-ն պետք է հստակ դիրքորոշում հայցի ՆԱՏՕ անդամ երկրներից՝ արդյո՞ք նրանք կանգնած են Թուրքիայի նախահարձակ այս գործողությունների հետևում: Եթե նման բան չկա, ապա Ռուսաստանը պետք է ստանա լեգիտիմ իրավունք օժանդակելու հրադադարի հաստատմանը, հարկ եղած դեպքում նաև պարտադրելով այն: Թուրքիան պետք է զրկվի ՆԱՏՕ-ին դիմելու իր իրավունքից, քանի որ ՆԱՏՕ-ն իրականում մտադիր չէ միջամտել ԼՂ հակամարտությանը:

Մեծ է հավանականությունը, որ Չինաստանն էլ կպաշտպանի Ռուսաստանի մոտեցումները այսօր կայանալիք նիստի ընթացքում: Հարցական է Մեծ Բրիտանիայի կեցվածքը: Սակայն այստեղ նույնպես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը պետք է ստանա առաջնայնություն՝ հարցի կարգավորման համար: Հավատարիմ իր նախորդ հայտարարություններին, Մեծ Բրիտանիան պետք է սատարի Համանախագահների նախաձեռնություններին:

Փորձենք վերլուծել ՄԱԿ-ի ԱԽ-ում ընդունվելիք բանաձևը կամ հայտարարությունը: Եթե այն պարունակի որոշակի իրատեսություն և քաջալերի Ռուսաստանին՝ խաղաղություն, հրադադար կամ զինադադար հաստատելու իր գործադրած ջանքերին, դա կարող է նաև լրացուցիչ հնարավորություն տալ ՌԴ-ին հողի վրա շարունակելու այդ ուղղությամբ իր գործողությունները: Այսօր Ռուսաստանը կաշկանդված է այդ մանդատի բացակայությամբ և տարածաշրջանում գործում է սոսկ որպես միջնորդ կամ տարածաշրջանային գերտերություն: Եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն ճանաչի Ռուսաստանի ՛՛մանդատը՛՛ տեղում հրադադար հաստատելու հարցում (անգամ որպես հովանավոր), ապա վերջինիս գործողությունները կարող են լինել շատ ավելի առարկայական: Հենց այս պահին տեղի են ունենում քննարկումներ բանաձի դրույթների վերաբերյալ, և հենց հիմա է ուրվագծվում ընդունվելիք բանաձևը/հայտարարությունը:

Այս հարցում հույժ կարևոր է նաև հակամարտության կողմերի դիրքավորումը բանակցային սեղանին դրված փաստաթղթի վերաբերյալ: ՀՀ վարչապետ Փաշինյանի այսօրվա ֆեյսբուքյան գրառումը հուշում է, թե ինչպիսի դրույթներ կան դրանում: Ռազմի դաշտում այսօրվա գիշերվա դրությամբ ստեղծվելիք իրավիճակն ու ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւը կկանխորոշեն այդ փաստաթղթի ճակատագիրն ու կողմերի մոտեցումները:

Անահիտ Փանոսյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին