23 C
Yerevan
22 Սեպտեմբերի, 2020
99104 By Google Analytics 21.09.2020
Գլխավոր » ՄԱԿ-ում Բելառուսի հարցով ՀՀ ձեռնպահ քվեարկությունն ու Փաշինյանի կողմից Լուկաշենկոյին չշնորհավորելը բալանսավորված քաղաքականության փորձ են․ Բենյամին Պողոսյան
Գլխավոր Նորություններ

ՄԱԿ-ում Բելառուսի հարցով ՀՀ ձեռնպահ քվեարկությունն ու Փաշինյանի կողմից Լուկաշենկոյին չշնորհավորելը բալանսավորված քաղաքականության փորձ են․ Բենյամին Պողոսյան

Արևմուտքի փորձագիտական ու հասարակական սեկտորում ՀՀ-ի նկատմամբ կա դժգոհություն՝ կապված Բելառուսի նախագահին շնորհավորելու հետ, իսկ ԵՄ պետությունների բարձր մակարդակում՝ ոչ։ NewArmenia.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենյամին Պողոսյանը։ Նրա խոսքով՝ խնդիրը ոչ միայն Ալեքսանդր Լուկաշենկոյին ընտրության անմիջապես հաջորդ օրը շնորհավորելու մեջ է, այլ նաև այն, որ մինչ օրս ՀՀ-ն քաղաքական պասիվությունն է ցուցաբերում Բելառուսում կատարվող գործընթացների վերաբերյալ:

«Մի քանի օր առաջ որոշ հասարակական կազմակերպություններ ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա կազմակերպեցին, իսկ ես գիտեմ, որ ոչ պետական շրջանակներում այս ակցիան դրական ընկալվեց։ Բարձրաձայնվում էր, որ հույս ունեն, որ ՀՀ կառավարությունը, որն իշխանության է եկել հեղափոխության շնորհիվ, որը երկար տարիներ պայքարել է ավտորիտար համակարգի դեմ, եթե ոչ մոտ ապագայում, ապա, ի վերջո, կկատարեն ճիշտ ընտրություն։ Միջազգային քաղհասարակական սեկտորում դժգոհություն ՀՀ-ից կա, բայց ԵՄ պետությունների մակարդակով չկա»,- ասաց նա։

Պողոսյանը նկատեց, որ ԵՄ-ի կողմից Բելառուսին ուղղված տարբեր քննադատություններ ու խիստ հայտարարություններ են եղել, սակայն գործնական պատժիչ քայլեր մինչ օրս չկան, այլ կոչ է արվում երկխոսությամբ կարգավորել խնդիրը։ Նա հավելեց, որ ԵՄ առաջատար պետություններն այս հարցով ակտիվ համագործակցություն ունեն նաև ՌԴ-ի հետ, օրինակ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մինչև Լուկաշենկոյին հանդիպելը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ, ավելին՝ շեշտադրվել է, որ խնդիրը պետք է կարգավորվի հնարավորինս անցնցում ու լայն երկխոսության միջոցով։

«Թե՛ Պուտինը, թե՛ Լուկաշենկոն խոսում են սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու մասին, դրանից հետո գուցե նաև արտահերթ նախագահական ընտրությունների մասին։ Իհարկե, այլ բան է, որ ՌԴ-ն ու Բելառուսը մի փոքր տարբեր պատկերացումներ ունեն, թե այդ գործընթացները երբ պետք է տեղի ունենան, ու արդյունքում ինչպիսին պետք է լինի Բելառուսի նոր Սահմանադրությունը, պետական կառավարման համակարգը։ Ինչքանով հնարավոր է դատել առկա տեղեկություններից, ասես, ՌԴ-ն հակված է ունենալ կամ լրիվ  խորհրդարանական, կամ կիսանախագահական հանրապետություն, սակայն նախագահի լիազորությունների էական նվազեցրած տարբերակով, բայց Լուկաշենկոն, ասես, փորձում է մի փոքր նվազեցնել նախագահի լիազորությունները, բայց պահպանել նախագահի վճռորոշ դերը հանրապետության կյանքում։ Ինչ վերաբերում է ԵՄ-ին, պետք է փաստել, որ լուրջ հակազդեցությունը չկա, այլ կան միայն հայտարարություններ։ Պատժամիջոցներն էլ չեն լինելու տնտեսության տարբեր սեկտորներում, այլ անհատական են լինելու, այսինքն՝ խոսվում է 30-31 բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասին, սակայն հայտնի չէ՝ նախագահ Լուկաշենկոն կհայտնվի այդ պատժամիջոների ցանկում, թե՝ ոչ»,- ընդգծեց Բենյամին Պողոսյանը։

Քաղաքագետն, անդրադառնալով Բելառուսում մարդու իրավունքների պաշտպանության հարցում ՀՀ-ի՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ձեռնպահ քվեարկելուն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ալեքսանդր Լուկաշենկոյին չշնորհավորելու փաստին, նշեց, թե Հայաստանը շատ լավ հասկանում է, որ ինքը Բալառուսի ներքին քաղաքական կյանքի վրա որևէ ազդեցություն չունի, ավելին՝ չի էլ կարող ունենալ։

«Նույնիսկ ԵՄ-ի նման հսկան հիմա շատ լավ հասկանում է, որ իրավիճակի վրա ազդելու քիչ լծակներ ունի։ Բայց չմոռանանք նաև, որ մենք ԵՏՄ ու ՀԱՊԿ անդամ ենք, իսկ հեղափոխությունից անմիջապես հետո, Խաչատուրովի դեմ քրգործ հարուցելով, ՀՀ-ն սասանեց ՀԱՊԿ-ի հեղինակությունը, նույնիսկ կասկածներ ծնվեցին նոր իշխանությունների նկատմամբ, ու դրա համար, ինձ թվում է, հիմա ՀՀ իշխանությունները չեն ցանկանում կատարել քայլեր, որոնք նորից կարող են ընկալվել որպես ՀԱԿՊ-ի, ԵՏՄ-ի իմիջի վրա ազդող քայլ։ Հնարավորինս չեզոք քաղաքականությունը պայմանավորված է նրանով, որ նորից չբորբոքվի տրամադրությունը, թե ՀՀ-ում իշխանության են մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ հակված են ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին վնասելու, իմիջին հարվածելու, կազմակերպությունների ներսում խնդիր առաջացնելու»,- հավելեց քաղաքագետը։

Բենյամին Պողոսյանը համակարծիք չէ, որ ձեռնպահ քվեարկությունը կամ չշնորհավորելը հետ քայլ են, այլ բալանսավորված քաղաքականության փորձ է որակում։

«Բալանսավորման որոշակի փորձ է, մյուս կողմից էլ ցույց է տալիս, որ մենք 100 տոկոսով չենք աջակցում Լուկաշենկոյին, որի հետ կապված խնդիրներ կան։ Ես սա կհամարեի ոչ թե հետ քայլ, այլ ընթացիկ պրոցեսում բալանսավորման փորձ»,- նշեց Պողոսյանը։

Ինչ վերաբերում է հարցին, որ ՌԴ-ն պատրաստ է վարկ տալ Բելառուսին և այլն, արդյոք սա աջակցություն է Պուտինի կողմից, Բենյամին Պողոսյանը պատասխանեց, որ նախագահի ընտրություններից առնվազն մի քանի ամիս առաջ Լուկաշենկոյի դեմ հիմնական խաղացողը եղել է ՌԴ-ն։

«Բոլորը գիտեն այս մասին՝ այդ թվում Լուկաշենկոն, բայց խնդիրն այն էր, որ հստակ չէր՝ ՌԴ-ն ցանկանում էր տապալել Լուկաշենկոյին, թե ՌԴ-ն ցանկանում է թուլացնել նրան, հասնել Բելառուսի ու Արևմուտքի հարաբերությունների դադարեցման, քանի որ վերջին շրջանում նրանց հարաբերությունները կարգավորվում էին։ Պուտինի նպատակն էր մնալ Լուկաշենկոյի հետ դեմ դիմաց՝ առանց Արևմուքի բալանսավորման, որպեսզի ՌԴ-ին ավելի հեշտ տրվի միութենական հանրապետության ստեղծումը։ Այդ դիրքորոշումը ՌԴ-ի չի փոխվել, չեմ կարծում, որ նրանք Լուկաշենկոյին վստահում են,  քանի որ 2015 թ․-ից սկսած նրանց հարաբերությունը լարված էր, ավելին՝ մի շարք ռազմավարական հարցերոմ  Լուկաշենկոն ՌԴ-ին մերժել էր»,- եզրափակեց Բենյամին Պողոսյանը։

Անի Արամի

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին