Գլխավոր » «Մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ ես պար չեմ բեմադրել․ սա ծես է». Ռուդոլֆ Խառատյան
Այլ Լուրեր

«Մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ ես պար չեմ բեմադրել․ սա ծես է». Ռուդոլֆ Խառատյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության 28-ամյակի տարելիցին նվիրված միջոցառման բեմադրական հատվածներից մեկը բուռն քննարկումների առիթ դարձավ:Այդ խնդրի առնչությամբ Newarmenia.am-ը զրուցել է նշված հատվածի բեմադրիչ բալետմեյստեր Ռուդոլֆ Խառատյանի հետ:

Պարո՛ն Խառատյան, ո՞ւմ կողմից է եղել առաջարկը, որ  Ձեր մասնակցությունն  ունենաք Անկախության տոնակատարությանը:

– Ինձ Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճի տնօրինությունն առաջարկեց  իմ ներկայացումներից մեկից մի հատված ներկայացնել: Հետո պարզվեց բեմում ամբողջ նվագախումբն է նստելու և տեղ չի լինելու  պարային հատվածի համար: Այնուամնեայնիվ, միջոցառման ռեժիսորը առաջարկեց մասնակցել: Որոշեցի ծես ներկայացնել, որն աղոթքի նման է:

– Ի՞նչ խնդիր էիք դրել Անկախության 28-րդ ամյակի միջոցառման բեմականացումն  իրականացնելիս:

– Ինձ ասացին, որ Ա. Հարությունյանի երաժշտությունն է հնչելու, որի ներքո պետք է ինչ որ բան ներկայացնել: Երաժշտությունն ինձ համար որպես ֆոն էր աշխատում, և այնտեղ մի լիրիկական հատված կար, որտեղ էլ ծեսն էի բեմադրել: Ես ոչ թե ծիսական պար եմ բեմադրել, այլ՝ ծես, որում ձեռքերով ցույց էր տրվում յոթ թիվ, հավերժություն. ցանկացել եմ ցույց տալ, որ մենք գալիս ենք պատմությունից, ունենք պատմական անցյալ, արվեստ, որը եղել է հնում, կա այսօր և վաղն է լինելու:

– Այս տարի առաջին անգամ տոնական միջոցառումները Գյումրիում անցկացվեցին, ի՞նչ խնդիրներ առաջացան, ինչո՞վ էր բացատրվել Գյումրի տեղափոխելու որոշումը:

– Խնդիրներ չեն եղել: Ինձ թվում է շատ լավ որոշում էր, Հայաստանը միայն Երևանը չէ ու այս տարվա տոնակատարությանը  բոլոր շրջաններն  էին  մասնակցում: Գյումրին կարծես մեր հայրենիքի մի ձեռքը լինի, այն ինձ շատ հոգեհարազատ է: Գյումրիում մեծ ծրագիր ենք իրականացնելու. արվեստի կենտրոն ենք հիմնելու,  և արդեն մոտ հինգ դասընթաց եմ անցկացրել բալետի առաքելության վերաբերյալ: Գյումրեցիներին պետք է բզել, նրանց մեջ մեծ պոտենցիալ կա, որը պետք է արթնացնել:

– Պարո՛ն Խառատյան, բեմադրության մեջ կային հանրության մեծամասնության կողմից միանշանակ չընկալված բեմադրական կտորներ: Կարծում եմ, դուք էլ կռահեցիք խոսքը որ հատվածների մասին է. երբ բեմ են դուրս գալիս կանացի կիսաշրջազգեստներ հիշեցնող հագուստով բեմական կերպարներ: Մամուլում և սոցիալական ցանցերում այդ տեսարանն ասոցացվել է համասեռամոլության պասիվ քարոզի հետ:

– Հագուստը վերցված է 2015 թվականին իմ  բեմադրած «Զույգ արեգակ» բալետից, իսկ կրծքավանդակներին նկարված էր Լճաշենից գտնված 2-րդ հազարամյակի արևի սիմվոլներ: Մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ ես պար չեմ բեմադրել․ սա զուտ ծես է, որը հիմնված է հայկական լեռնաշխարհում ստեղծված, պատմությունից եկող սիմվոլների վրա: Հանդերձանքը պայմանավորված է տեղի պատմությամբ: Բալետի դերասանների խնդիրներից է, որ կարողանա մարմնով պատմել ներկայացման հոգևոր, էմոցիոնալ կողմերի մասին: Սա է կարևոր, իսկ հիմա թե ով ինչ կասի… ամոթ է, նույնիսկ տգիտություն: Բալետ գիտե՞ք, որտեղ մերկ չեն: Երբ որ, 2015 թվականին բեմադրեցի «Զույգ արեգակներ»-ը, որը դարձավ տարվա լավագույն ներկայացումն,  այդ ժամանակ ոչ ոք չէր ասում մերկ են, մերկ չեն կամ այս ինչեր եք անում: Մեր թագավորները կամ հոգևորականությունը, որ երկար հանդերձանքով են, ի՞նչ է բոլորը համասեռամոլներ են:  Սրանք քաղաքական խաղեր են, որ հանրության մի մասը վերցրեց դարձրեց փաթաթան: Ինձ համար սա արժեք չէ, արժեք է այն, որ հանրությունը արթնացավ ու հասկացավ, որ այն առաքելությունը,  խաղացանկը, տեսլականը, որը պիտի ունենար օպերային թատրոնն ու գնար առաջ, չի ունեցել, դա բաց է եղել:

– Պարոն Խառատյան, երբ բեմադրում էիք այդ հատվածը, սպասո՞ւմ  էիք այսպիսի արձագանք: Ի՞նչ եք ցանկացել փոխանցել լսարանին բեմադրական այդ հատվածով:

– Չէի սպասում, որ նման արձագանք կգտնի, բայց ինձ մի կողմից ուրախացրեց, որ ժողովուրդը հետաքրքրված է, քննարկում է, ինչ-որ բաների հետ համաձայն չէ:  Ամեն մարդ պետք է իմանա, որ մենք Նարեկացի ենք ունեցել, դրանից առաջ թագավորներ, որոնք մերկ են եղել, արհեստական մորուք են կպցրել, որ մեռյալների աշխարհից գիտելիքներ քաղեն: Երբ որ սկսում ես քանդել մեր պատմությունը, տեսնում ես ինչ հարուստ ազգ է մեր ազգը, ու այսօր մնացել ենք նեղ, մենակ քոչարի  հեյ-հոպ տղերքի մեջ: Ցանկացած զարգացած երկիր պետք է դասական պարարվեստ ունենա: Դասականը հոգևոր արժեքն է, ազգայինը՝ ֆիզիկական: Մեկը մյուսին չի խանգարում, ինչպես որ կա տղամարդ ու կին, սև ու սպիտակ, այսինքն՝ մեկը մյուսին լրացնող գաղափարներ, որ մեկն առանց մյուսի չի կարող լինել: Սա է մեր գաղափարը, որին պետք է ձգտենք:Մեր հասարակությունը պետք է կրթվի, որ հասկանա ուր է տանում, ինչ է ուզում ասել: Մենք խորը շերտեր ունեցող ազգ ենք, շատ բան ունենք ներկայացնելու, ու մեր արժեքները պետք է հասկանա  ոչ միայն ներսի հանդիսատեսն, այլև՝ դրսինը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին