Գլխավոր » Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդումը՝ գերխնդիր
Վերլուծական

Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդումը՝ գերխնդիր

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ նոյեմբերի 26-ին և 27-ին միջազգային երկօրյա համաժողով է ընթանում, որին ներկա են ՌԴ-ի, Եվրոպայի ու Արևելքի երկրների բավականին լուրջ մասնագետներ, օմբուդսմեններ, մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված ինստիտուտների ղեկավարներ։ Պատահական չէ սույն միջոցառմանը նման բարձր մակարդակի ներկայացվածությունը:

Դա մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի գրանցած նվաճումների խոսուն ցուցանիշն է։ Համաժողովի ընթացքում հիմնաքարային էր հատկապես վարչապետ Փաշինյանի ելույթը։ Նախ, նա ընդգծեց երկրում պետական ինստիտուտների կայացման հետ կապված ներկա կառավարության վերաբերմունքը՝ որպես ապագային միտված ձեռնարկումներ։ «Մենք հիմա կարիք ունենք մեր երկրի ժողովրդավարությունն ուժեղ դարձնել ինստիտուցիոնալ առումով, նկատի ունեմ այնպես, որ դրա ապագան որևէ կերպ կախված չլինի որևէ լիդերի, որևէ անձի, որևէ քաղաքական կուսակցության ճաշակից, տրամադրությունից, հայեցողությունից: Այս հարցում մենք, իհարկե, աներկբա գնալու ենք առաջ»,-հայտարարել է վարչապետը:

Սա պետականակենտրոն քաղաքականության հիմնասյուներից է, որով դրվում է օրվա իշխանությունից ու քաղաքական կոնկրետ լիդերի ազդեցությունից զատ պետական կառավարման համակարգի կայացվածության ապահովման հարցը։ Սրա հետ կապված պետք է նշել, որ հետխորհրդային շատ երկրներ են տառապել այն «հիվանդությամբ», երբ կառավարող ուժն իշխանության ապահովման համար սերտաճել է պետական կառավարման համակարգի հետ։ Սա կործանարար է ոչ միայն պետությունների համար, այլև կոնկրետ քաղաքական իշխանության համար։ Ցավոք, հետանկախացման շրջանում մեր հանրապետությունը ևս անմասն չմնաց այս գործընթացներից։ Իսկ ինչքանո՞վ է սա աղերսվում ՄԻՊ-ի ինստիտուտի կայացվածությանը։ ՄԻՊ-ը՝ որպես մարդու ֆունդամենտալ իրավունքների ապահովման ինստիտուտ ոչ միայն պետք է ամբողջապես անկախ գործի օրվա քաղաքական իշխանությունից, այլև ողջ դատաիրավական համակարգից։ ՄԻՊ-ի գործունեության հետ կապված, այնուհանդերձ, ներկայումս առկա են մի շարք դժվարություններ։

Արտասահմանյան երկրների փորձը վկայում է, որ հասարակական կյանքի կարգավորման առանձին ուղղություններում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը ոլորտային ուղղվածություն ունի, ինչպես օրինակ՝ տնտեսական օմբուդսմեն, ռազմական օմբուդսմեն և այլն։ Մեր պարագայում ՄԻՊ գործառույթներն ընդգրկում են բոլոր ոլորտները, ինչն էլ նրա գործունեության ապահովման տեսանկյունից բավականին համընդգրկուն ու ծավալուն աշխատանք է ենթադրում։ Մյուս խնդիրն այն է, որ տարբեր ոլորտներում առկա օրենսդրական կազուսներն ու բացերը լայն դաշտ են բացում դրանց չկարգավորվածության համար, ինչի ողջ ծանրաբեռնվածությունը նույնպես ընկնում է ՄԻՊ-ի վրա։ Այս տարի այս ամենին միացավ նաև դատա-իրավական համակարգի բարեփոխումների խնդիրը, որը լուրջ գործունեության դաշտ բացեց նաև օմբուդսմենի համար, որին «ձնագնդի էֆֆեկտի» նման գումարվեցին առկա քաղաքական շարժընթացները և ընդդիմադիրների ակտիվացումը, որոնց կողմից իրավական ապահովման հետ կապված դաշտ նետված դժգոհությունն իր որոշակի սայրերով ուղղվում է նաև ՄԻՊ-ի դեմ։

Կարճ ասած, ՄԻՊ-ը ներկայումս բավականին լուրջ մարտահրավերների հետ գոյակցության պայմաններում է գործում։ Այնուհանդերձ, պետք է ֆիքսել նաև, որ հեղափոխական ալիքի տարափի տակ դատա-իրավական ոլորտում առկա իրավիճակը լուրջորեն փոխվեց և նոր միջավայր ձևավորվեց։ Ոլորտի հիմնական մարմինների անկախության մակարդակի տեսանելի աճ գրանցվեց։ Հետահայաց նայելով, կարելի է փաստել, որ ՄԻՊ-ը տարբեր իրավիճակների վերաբերյալ իր գնահատականներում բավականին կոշտ է եղել ներկա իշխանությունների նկատմամբ, միևնույն ժամանակ, որևէ կաշկանդվածություն չի հայտնել իր որևէ հայտարարության կամ վճռի հետ կապված իշխանությունների արձագանքների վերաբերյալ, ինչին ականատես ենք եղել դատա-իրավական այլ ինստիտուտների պարագայում։

Զգալիորեն նվազել է նաև արտասահմանյան երկներում ապաստան հայցող քաղաքացիների թիվը, ինչը նախկինում մեծապես արդարդատության դեֆիցիտով էր պայմանավորված։ Ամփոփելով, նշենք, որ ՄԻՊ-ն իր դերով բավականին առանձնանում է, քանի որ բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության ռեալ բաստիոնն է։ Վերջինիս անկախության բարձր չափաբաժինն էլ իր հերթին կարևոր գրավական է հենց քաղաքացիների համար՝ իրենց իրավունքների պաշտպանության ու արդարության զգացողության ամրապնդման տեսանկյունից։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին