-2 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115568 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Մարզպետներն ու համայնքապետերը կամավորական ջոկատներ են կազմել, ոմանք արդեն իսկ մեկնել են առաջնագիծ
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Մարզպետներն ու համայնքապետերը կամավորական ջոկատներ են կազմել, ոմանք արդեն իսկ մեկնել են առաջնագիծ

Արցախ-Ադրբեջան շփման գծի ամբողջ երկայնքով արդեն 26 օր է` պատերազմ է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ելույթում կոչ արեց  համայնքներին, ՀԿ-ներին  կամավորական ջոկատներ կազմել ու մեկնել առաջնագիծ։ Վարչապետ Փաշինյանի կոչին արդեն իսկ մարզետարաններում, համայնքներում  սկսել են կամավորական ջոկատների կազմավորումը։

Արձագանքել են․

Տավուշ Հայկ Չոբանյան․ «Սիրելի հայրենակիցներ, վարչապետի կոչին ի պայասխան երեկոյան հանդիպել եմ Տավուշի համայնքապետերի և վարչական ղեկավարների հետ: Միահամուռ հաստատել ենք հայրենիքի պաշտպանությանը բոլորիս զինվորագրվելու պատրաստակամության մասին: Ստեղծվում են համայնքային կամավորական ջոկատներ։ Ռազմաճակատում կերտվող հաղթանակը մինչև վերջ հասցնելու և ամրապնդելու համար հայրենիքը բոլորիս կարիքն ունի: Յուրաքանչյուրս անենք առավելագույնը հանուն հաղթանակի, հանուն Հայաստանի»։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան «Զինվորական երդումս տվել եմ 15 տարի առաջ, իսկ հիմա եկել է պահը, որպեսզի իմ երդմանը հավատարիմ, զինակից ընկերներիս հետ միասին, մասնակից լինեմ հայրենի սահմանների պաշտպանությանն ու մեր հաղթանակի կերտման Սուրբ գործին։ Արարատի մարզի բոլոր համայնքներում այժմ կազմավորվում են կամավորական ջոկատներ, որոնք գլխավորելու են համայնքների ղեկավարները կամ համայնքից պատասխանատու որևէ անձ։ Սիրելի՛ արարատցիներ, շտապեք կամավորագրվել և ձեր կանոնավոր ջոկատով եկեք միանանք առաջնագծում կռվող մեր հերոս տղերքին։ Գալիս ենք»։

Արարատի մարզի Այգեզարդ համայնք «Սիրելի’ Այգեզարդ համայնքի բնակիչներ, ականջալուր լինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին և հաշվի առնելով ստեղծված ներկա վիճակն ու մեր անելիքները` կոչ ենք անում մեր բնակիչներին` այս պահից սկսած դիմել համայնքապետարան կամավորագրվելու, ձևավորելու կամավորական ջոկատներ` հայրենիքի պաշտպանության սուրբ գործին միանալու նպատակով:Ի գործ»

 Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենյամինյան «Սիրելի համաքաղաքացիներ, ականջալուր լինելով ՀՀ վարչապետի կոչին՝ իմ գլխավորությամբ կազմավորվում է կամավորական ջոկատ։Հայրենքի պաշտպանության սրբազան գործի համար բոլորս պարտավոր ենք համախմբվել և միասին կերտել մեր նորօրյա հաղթանակը: Ուստի, մեր գոյության վճռորոշ պայքարի այս օրերին կոչ եմ անում մեր համայնքի բնակիչներին՝ կամավորագրվել հայրենական պայքարին։Վաղը ժամը 9.00ից սկսած կարող եք դիմել Արտաշատի համայնքապետարան՝ ձևավորելու «Արտաշատ» կամավորական ջոկատ և միանալու արդար պայքարին։Փառք Հայոց բանակին»

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան «Քիչ առաջ ավարտվեց Արմավիրի մարզի խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում օրակարգային համար մեկ հարցը վերաբերում էր հանուն Հայրենիքի պաշտպանության մարզում ինքնապաշտպանական ջոկատների ձևավորմանը։Հպարտությամբ փաստում եմ, որ մարզի բոլոր համայնքների ղեկավարներն իմ գլխավորությամբ պատրաստ են զինվորագրվելու Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին և մեկնելու Արցախ՝ մեր արդար պայքարն իր հաղթական ավարտին հասցնելու համար։Եվ ուրեմն, ի գործ»։

Հայաստանի միակ կին քաղաքապետ Դիանա Գասպարյան. «Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, հայտարարում եմ, որ այսօրվանից կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը և գնալու եմ իմ բաժին հաղթանակի հետևից։ Կոչ եմ անում էջմիածնեցի տղամարդկանց այս պահից զինվորագրվել, կազմել կամավորական ջոկատ և միանալ Հայրենիքի պաշտպանությանը»Ж

Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը կամավորների ջոկատով արդեն մեկնել է առաջնագիծ:

ՀՀ Կոտայքի մարզպետարան «Սիրելի՛ հայրենակիցներ, կոտայքցիներ, ականջալուր լինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին և հաշվի առնելով ստեղծված ներկա վիճակն ու մեր անելիքները՝ կոչ ենք անում մեր մարզի բոլոր համայնքների բնակիչներին՝ այս պահից սկսած դիմելու ձեր համայնքի համայնքապետարաններ՝ կամավորագրվելու, ձևավորելու կամավորական ջոկատներ՝ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին միանալու նպատակով:ն Պետք է գիտակցենք, որ այլ ճանապարհ չունենք, քան պայքարելը մինչև վերջ՝ մեր իրավունքների և մեր ազատության համար:Ի գո՛րծ»։

Վայոց  Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան «Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ վայոցձորցիներ, հանուն հայրենիքի կենաց-մահու այս պատերազմում, դժվար, բայց կարևորագույն դրվագներով ենք անցնում, որպես միասնական, մեկ բռունցք դարձած ազգ ու ժողովուրդ՝ ոչ միայն ամրագրելով մեր գոյության իրավունքը, այլև կերտելով մեր զավակների կայուն ու երջանիկ ապագան:Հետևելով ՀՀ գերագույն հրամանատարի կոչին, ինքս միանում եմ և դիմում, մեր քաջարի վայոցձորցիներին, մեր մարզի բոլոր բնակիչներին, կամավորագրվել, համախմբվել,պայքարել՝ շարունակելով մեր պապերի և մերօրյա հերոսների՝ անմահացած առյուծասիրտ վայոցձորցիների, կիսատ թողած գործը: Մեզանից յուրաքանչյուրից է կախված Հայրենիքի պաշտպանությունը, մեր մայրերի, զավակների խաղաղ ու ապահով կյանքը, մեր օջախների պահպանությունը»։

Վայոց Ձերի մի շարք համայքնի ղեկավարներ նույնպես կամավորագրվել են։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան «Ես՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանս, միանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, վայրկյան անգամ չվարանելով՝ կամավորագրվում եմ Հայրենիքիս պաշտպանության սուրբ գործին: Րոպեներ առաջ Լոռու համայնքապետերի հետ անցկացված մարզխորհրդի նիստի ավարտին վարչապետի կոչին միահամուռ կերպով և առանց երկմտելու միացան նաև մարզի համայնքների ղեկավարները, ովքեր վաղն արդեն կներկայացնեն իրենց կողմից ղեկավարվելիք կամավորական ջոկատների կազմերը: Եվ ուրեմն՝ ի զեն»։

Լոռու մարզկենտրոն Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյան․ « Վանաձորի քաղաքապետարանի վարչակազմը՝ տեղակալներ, աշխատակազմի քարտուղար, բաժնի պետեր և անձամբ ես, պատրաստ ենք զինվորագրվելու Հայրենիքի պաշտպանության գործին»։

Շիրակի մարզպետ  Տիգրան Պետրոսյան․ « Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի շիրակցիներ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքելով՝ դիմում ենք մեր մարզի բնակիչներին, պետական և ՏԻՄ կառույցների, մարզում գործունեություն ծավալող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին կամավորագրվել հայրենիքի պաշտպանության սրբազան գործին։ Այս պահից սկսած կարող եք դիմել ձեր համայնքապետարաններ կամ զինվորական կոմիսարիատներ՝ ձևավորելու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայության ներքո գործող կամավորական ջոկատներ և միանալու հայրենական պայքարին, որի զինվորն ենք յուրաքանչյուրս»։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան ․ «Հպարտությամբ ասում եմ, որ բոլորը միահամուռ, իմ գլխավորությամբ,պատրաստակամություն հայտնեցինք ստեղծելու կամավորական ջոկատներ, և մեր արդար պայքարը փառքով ու հաղթանակով պսակելու»։

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյան «Ես որպես մարզի ղեկավար դիմում եմ մարզի համայնքների ղեկավարներին, բնակիչներին տեսաուղերձով կոչ արեց իր հետ միասին զինվորագրվել հայրենիքի սուրբ հողի պաշտպանությանը: Կոչ եմ անում բոլորդ ինձ հետ միասին զինվորագրվել, բոլորս  հասկանում ենք պահի լիջութունը ու թե ինչ է ուզում թնշանամին»։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ  գրել է․ «Երևանի կամավորական ստորաբաժանման կազմավորումը ընթացքի մեջ է։ Ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը»:

Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյան․« Սիրելի համաքաղաքացիներ, հետևելով ՀՀ վարչապետի կոչին՝ կամավորագրվում եմ մեր սուրբ հայրենիքի պաշտպանության գործին։Վճռորոշ այս պահին կարևոր է բոլորիս համախմբումն ու միասնական պայքարը, ուստի կոչ եմ անում կամավորագրվել և միասնական կերպով մասնակցել մեր նորօրյա հաղթանակի կերտման գործին: Իմ գլխավորությամբ ձևավորվող ջոկատին միանալու համար հենց այս պահից սկսած կարող եք դիմել Ջերմուկի համայնքապետարան»։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին