Գլխավոր » ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի 69-րդ նստաշրջանը՝ Երևանում
Քաղաքականություն

ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի 69-րդ նստաշրջանը՝ Երևանում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Նոյեմբերի 19-21-ը Երևանում տեղի կունենա Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարիչների խորհրդի 69-րդ նստաշրջանը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի նախագահ Ռոնալդ Լեմանը, գործադիր տնօրեն Դեյվիդ Կլիվը և համապատասխան պաշտոնյաներ ՄԳՏԿ անդամ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից և Եվրոպական Միությունից:

ՄԳՏԿ պատվիրակության անդամներն այսօր հանդիպել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և ՄԳՏԿ հայաստանյան տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Համլետ Նավասարդյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունն ու մինչ օրս Հայաստանի գիտահետազոտական կազմակերպություններին տրամադրած աջակցությունը: Նա կարևորել է Հայաստանի համար արդիական խնդիրների լուծման նպատակով ՄԳՏԿ մասնակից երկրների հետ հետագա համագործակցությունը՝ հատկապես միջուկային անվտանգության, միջուկային թափոնների վերամշակման, շրջակա միջավայրի պահպանության, ջրային ռեսուրսների կառավարման, միջսահմանային կենսաանվտանգության, սեյսմոլոգիայի և այլ ոլորտներում:

Ա. Հարությունյանը նշել է նաև, որ ներկայումս Հայաստանն ունի տարբեր մարտահրավերներ, և դրանց թվում առավել կարևոր է գիտության զարգացումը, բարձրագույն կրթության և գիտության կապի ուժեղացումը, ինչպես նաև բուհական ծրագրերում գիտության բաղադրիչի զգալիորեն ավելացումը:
ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի նախագահ Ռոնալդ Լեմանը շնորհակալություն է հայտնել կառավարիչների խորհրդի հերթական նստաշրջանը Հայաստանում անցկացնելու հնարավորության և ընդունելության համար: Նա նշել է, որ հայկական գիտահետազոտական խմբերի կողմից ներկայացված հայտերն ու իրականացված ծրագրերն ավանդաբար արժանանում են բարձր գնահատականի՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացմանը՝ որպես գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանային առաջատարներից մեկի: Ներկա փուլում ՄԳՏԿ-ն  հատուկ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային խոշոր գիտական  նախագծերի իրականացմանը, դրանցում երիտասարդ գիտնականների ներգրավվածությանը, գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացմանը: Ռ. Լեմանը հույս է հայտնել, որ Հայաստանը կշարունակի իր ակտիվ համագործակցությունը ՄԳՏԿ-ի հետ:

 Նշենք, որ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը միջկառավարական կազմակերպություն է, որն ստեղծվել է 1992 թվականին՝ Եվրոպական Միության, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի կողմից: Հետագայում կենտրոնին են միացել այլ երկրներ, այդ թվում՝ 1994 թ.-ից՝ Հայաստանը:  Կենտրոնի հիմնական նպատակը ազգային և համաշխարհային տեխնոլոգիական խնդիրների լուծմանը, կոնվերսիոն ծրագրերի, հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացմանն աջակցելն է, ԱՊՀ երկրներում գիտելիքահենք տնտեսության ձևավորմանը, այդ երկրների գիտնականների միջազգային գիտական հանրությանը ինտեգրվելուն նպաստելը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին