5 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116732.8 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Մեկնարկել է աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման ծրագիրը
Այլ Լուրեր

Մեկնարկել է աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամիսներ առաջ դիմել էր Ասիական զարգացման բանկին (ADB)՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության և հեռավար կրթության պայմաններում աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման նպատակով դրամաշնորհային ծրագիր իրականացնելու առաջարկով։

Անցկացված դրամաշնորհային ծրագրի մրցույթի արդյունքում, Ասիական զարգացան բանկի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում, Մանկական զարգացման հիմնադրամը սկսել է հետազոտել COVID-19 համավարակով պայմանավորված՝ առցանց ուսուցման ժամանակ տարրական դպրոցի ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների հոգեբանական խնդիրները։

Ծրագրի նպատակներից է ուսումնասիրել, թե ինչ խնդիրների են բախվել վերոնշյալ խմբերը և հատկապես ինչն է սթրեսային իրավիճակ ստեղծել։ Ծրագրում ընդգրկված փորձագետները վստահ են, որ հեռավար շփումը, տևական մեկուսացումը, ամբողջովին տեղափոխումն առցանց կրթության հարթակ և թվային տեխնոլոգիաներին տիրապետելու խնդիրը երեխաների, ծնողների և ուսուցիչների համար անհետևանք չեն լինի։

«Այս ծրագրի իրականացումը կօգնի նաև հզորացնել դպրոցական համակարգում հոգեբանական ծառայությունները՝ աշակերտներին և ծնողներին շարունակական աջակցություն ցուցաբերելու, կրթության կազմակերպման համատեքստում նախկին ռիթմը պահպանելու, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակով պայմանավորված սթրեսները նվազեցնելու նպատակով»,-նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Մեր հետազոտությունը վերաբերելու է տարրական դպրոցին, որտեղ սովորում է 154.409 աշակերտ։Հետազոտության մեջ ընդգրկված է բանիմաց մասնագիտական թիմ, և վստահ եմ, որ ծրագրի ավարտին մենք լուրջ արդյունք կունենանք ինչպես աջակցության գործիքներ ստեղծելու, այնպես էլ կարողությունների զարգացման առումով»,-իր հերթին ընդգծել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Նշենք, որ ծրագրի իրականացման ընթացքում կգործի թեժ գիծ, որի միջոցով մարդիկ կարող են պատմել իրենց խնդիրների մասին։ Մանկական զարգացման հիմնադրամի սոցիալական աշխատողները կարձագանքեն զանգերին և կուղղորդեն աջակցության կարիք ունեցողներին։ Իբրև ծրագրի բաղկացուցիչ մաս՝ մասնագետները նաև կգնահատեն այդ ընտանիքների կարիքները, նրանց համար կապահովեն հեռավար խորհրդատվություն։

Հիմնադրամը կմշակի հետազոտության ընթացքում հայտնաբերված խնդիրների մեղմմանն ուղղված մեխանիզմներ և գործնական ուղեցույցներ՝ տեսանյութեր, մուլտիմեդիա նյութեր, խորհրդատվական թերթիկներ, որոնք կծառայեն ծրագրի շահառու խմբերին։ Ասիական զարգացման բանկը Հայաստանում կրթության ոլորտի զարգացման հիմնական գործընկերներից է և շարունակում է օժանդակել այն ոլորտներին, որոնք ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգում ունեն գերակայություն:

Նմանատիպ Հոդվածներ

Հոգեբանական աջակցություն ուսուցիչներին, աշակերտներին և նրանց ծնողներին

Նատա Հարությունյան

ՀՀ-ում 1280 ուսուցիչ և 2426 աշակերտ ուսումնական տարին կսկսի հեռավար

Նատա Հարությունյան

Ծնողը մտել է դասարան, հարվածել ուսուցչուհուն, երեխան խուճապահար վազել է տնօրենի հետևից. ՀԺ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին