
1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժը միավորեց աշխարհի ավելի քան 113 երկրների, որոնք օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին` հաղթահարելու այդ աղետալի երկրաշարժի հետևանքները:
Սպիտակի երկրաշարժի հետևանքներից քաղված դասերը հիմք հանդիսացան լուրջ կառուցվածքային, ինստիտուցիոնալ և կազմակերպչական փոփոխությունների մեկնարկի համար:
Սպիտակի երկրաշարժի երեսունմեկերորդ
տարելիցի կապակցությամբ հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում ԱԻՆ
փրկարարների մասնակցությամբ և աջակցությամբ, դեկտեմբերի 2-ից 7-ը պետական
կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների
ներգրավմամբ կանցկացվեն 991 միջոցառումներ, սեմինարներ և վարժանքներ, իսկ
հանրապետության 38 համայնքներում` հրշեջ-փրկարարական գույքի ցուցադրություն:
Միջոցառումներն անց են կացվելու պետական կառավարման համակարգի մարմիններում,
հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, որը կարևոր քայլ է
հասարակության շրջանում դիմակայունության մշակույթ ձևավորելու ուղղությամբ:
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, դասընթացներ և վարժանքներ են անցկացվել Արդարադատության նախարարության «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի աշխատակիցների և Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 8 նախաուսումնական հաստատության կրթադաստիարակչական կազմի և երեխաների համար, իսկ Իջևանի թիվ 1 մանկապարտեզում անցկացվել է «Տարհանման իրականացում» թեմայով գործնական պարապմունք: