Գլխավոր » Մեկնարկեց Ռ. Քոչարյանի և այլոց առաջին դատական նիստը
Գլխավոր Նորություններ

Մեկնարկեց Ռ. Քոչարյանի և այլոց առաջին դատական նիստը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը։

Առավոտվանից դատարանի բակում են հավաքվել ի պաշտպանություն և ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի պայքարող քաղաքացիներ: Ոստիկանական ուժերը նրանց բաժանել են երկու տարբեր հատվածների՝ բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ընդհարում էին ունեցել ոստիկանների հետ, որի արդյունքում մեկ անձ բերման էր ենթարկվել: Ռոբերտ Քոչարյանի կալանքը պահանջող քաղաքացիները պարբերաբար վանկարկում եմ՝ «Քոչարյան՝ ցմահ», «Քոչարյան՝ մարդասպան» կոչերը:

Դատական այսօրվա նիստին ներկա են նաև 2008թ. մարտի 1-ի զոհերի հարազատները, ՀԱԿ անդամներ, Ազատամարտիկների դաշինքը:    

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների քրեական գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ըստ մեկ այլ մեղադրանքի՝ Ռոբերտ Քոչարյանը 2008թ. փետրվարին և մայիսին գործարար Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 մլն դրամին համարժեք 3 մլն դոլար կաշառք։ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այս գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ, երբ զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել, որ, տվյալ ժամանակաշրջանում հանդիսանալով պաշտպանության նախարարի տեղակալ-Երևանի կայազորի պետ՝ այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, որ, տվյալ ժամանակաշրջանում զբաղեցնելով Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու սահմանադրական կարգը։

Բացի այդ, ըստ մեղադրական եզրակացության, Գևորգյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2008թ. ապրիլին գործարար Սիլվա Համբարձումյանից Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309 մլն դրամին համարժեք 1 մլն դոլար կաշառք, ինչպես նաև՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին