21 C
Yerevan
8 Օգոստոսի, 2020
90707.2 By Google Analytics 07.08.2020
Գլխավոր » Մեկ մարդու կուսակցությունը. Media.am
Քաղաքականություն

Մեկ մարդու կուսակցությունը. Media.am

հետևեք մեզ նաև Telegram-ում

Անձեռնամխելիությունից վերջերս զրկված և քրեական գործով մեղադրյալ դարձած Գագիկ Ծառուկյանը ոչ միայն Հայաստանի ամենամեծ խորհրդարանական ընդդիմադիր ուժի ղեկավարն է, այլ նաև երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Hetq.am-ը հաշվարկել է նրա հայտարարարգրած միջոցները՝ 99 միլիարդ դրամ կամ 206 միլիոն դոլլար։ Ծառուկյանի իրական կարողությունը կարող է ավելի մեծ լինել։ Այս մասին գրում է Media.am-ը:

Ծառուկյանը հիմնադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2004 թ․։ Media.am-ը ուսումնասիրեց կուսակցության գործող պատգամավորների կենսագրությունները, և պարզեց, որ 26 պատգամավորներից 14-ը Գագիկ Ծառուկյանի բարեկամներն են, նրա հիմնած հեռուստաընկերության նախկին լրագրողները, նրա բիզնես-ընկերությունների նախկին աշխատակիցները կամ նրա ղեկավարած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ փոխկապակցված անձիք։

2017-ից մինչ օրս պատգամավոր է Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Գայանեի ամուսինը՝ Դավիթ Մանուկյանը։ Վերջինս Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է։

Հեղափոխությունից հետո խորհրդարանական արտահերթ ընտրություններին պատգամավոր ընտրվեց նաև Ծառուկյանի խնամու՝ դեսպան Անդրանիկ Մանուկյանի խորհրդական Արման Աբովյանը։

Այժմ Աբովյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարն է։ Նրա կինը՝ Նատալիյա Բուկովսկայան հայտարարագրել է շուրջ 105 հազար դրամ եկամուտ, որը ստացել է Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ից։

Պատգամավոր էր նաև Ծառուկյանի մյուս փեսան՝ Արգամ Աբրահամյանը։ Նա նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է և «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր է եղել 2017-2018 թթ․։

2007-ից ի վեր ԲՀԿ պատգամավոր է Տիգրան Ստեփանյանը, ով Արգամ Աբրահամյանի մերձավորներից է։ Երբ Արտաշատի քաղաքապետի ընտրություններին ԲՀԿ-ն որոշեց չեզոքություն պահպանել, Ստեփանյանը հայտարարեց, որ սատարելու է Արգամ Աբրահամյանի թեկնածությունը, «քանի որ Արգամն իմ մտերիմ ընկերն է»։

Խնամիական այս թևի ծանոթ-բարեկամներից ևս մեկ պատգամավոր է ԲՀԿ խմբակցությունում։  Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարեկամ Կարինե Պողոսյանը, ով 2012-ին ՀՀԿ պատգամավոր էր դարձել, իր ձևակերպմամբ, «շնորհիվ և հանուն» Հովիկ Աբրահամյանի, դուրս եկավ ՀՀԿ-ից և 2017-ից ի վեր «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր է։

Կենտրոն հեռուստաընկերության լրագրողներ

Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Կենտրոն» հեռուստաընկերության երկու լրագրող անդամակցել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և դարձել ԱԺ պատգամավոր։

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը աշխատել է «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայկական ժամանակ» պարբերականներում։ 2007-ին նա հեղինակել և վարել է «Կենտրոն» հ/ը «Վերելք» քաղաքական հաղորդաշարը։ Նույն տարում նա ընտրվել է պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով։

Մեկ այլ պատգամավոր՝ Իվետա Տոնոյանը, մասնագիտական գործունեությունը սկսել է որպես «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության լրագրող։ 2010-2012 թթ․, երբ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար էր ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը, նա աշխատել է որպես նախարարության հասարակույնության հետ կապերի բաժնի պետ: Այնուհետև վերադարձել է «Կենտրոն» որպես լրատվական ծառայության տնօրեն: Տոնոյանը նաև «Կենտրոն» հ/ը տնօրենների խորհրդի անդամ է:

2015 թ. Տոնոյանը դարձել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն և այս պաշտոնը թողել է երկու տարի անց՝ դառնալով ԱԺ պատգամավոր։ Պատգամավոր դարձավ նաև նրա տեղակալը՝ Շաքե Իսայանը։

2012-ից ի վեր Տոնոյանը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն է։

«Մուլտի գրուպ» կոնցեռնի և այլ կազմակերպությունների աշխատակիցներ

ԱԺ ևս հինգ պատգամավորներ աշխատել կամ աշխատում են Գագիկ Ծառուկյանի հիմնած կազմակերպություններում։

Շաքե Իսայանը 2012-2015 թթ․ զբաղվել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի սոցիալական լրատվության մարքեթինգով, այնուհետև երկու տարի աշխատել է որպես «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Իվետա Տոնոյանի տեղակալ։ 2017-ին ընտրվել է ԲՀԿ պատգամավոր։

Նորա Առուստամյանը «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի դուստրն է։ 2014-2017 թթ․ նա աշխատել է որպես Գագիկ Ծառուկյանի օգնական, ապա դարձել ԲՀԿ պատգամավոր։ Գագիկ Ծառուկյանին նա անվանում է իր «մանկության հերոս»։

2018-ին պատգամավոր է դարձել նաև «Մուլտի գրուպի» ներքին վերահսկողության ծառայության պետ Արթուր Գրիգորյանը։

Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ավտոտրանս» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Դալլաքյանը նույնպես պատգամավոր է դարձել հեղափոխությունից հետո՝ 2018-ին։

Վերջապես, հեղափոխությունից հետո պատգամավոր դարձավ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետը՝ Էդուարդ Բաբայանը։ Վերջինս մեկ այլ անձի ծեծի ենթարկելու մեղադրանքով 2019-ին դատապարտվեց 3,5 տարի ազատազրկման, բայց համաներմամբ ազատ արձակվեց։

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ փոխկապակցված անձիք

2004-ից Գագիկ Ծառուկյանը գլխավորում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ)։ Այս կառույցի հետ կապված են ԲՀԿ մի քանի պատգամավորներ։

Պատգամավոր Վարդևան Գրիգորյանը դեռ 1999-ից ՀԱՕԿ գործկոմի անդամ է, իսկ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ, պատգամավոր Էդուարդ Բաբայանը ՀԱՕԿ-ի նախագահի խորհրդականն է (հասարակական հիմունքներով)։

ՀԱՕԿ-ը ֆինանսավորում է ստանում պետական բյուջեիցՄիջազգային օլիմպիական կոմիտեից և այլն։ Սակայն ՀԱՕԿ ղեկավարի անձնական միջոցները նույնպես ծախսվում են մարզիկների և ֆեդերացիաների կարիքները հոգալու համար։

ԲՀԿ երկու պատգամավորներ՝ Արտյոմ Ծառուկյանը և Վահե Էնֆիաջյանը համապատասխանաբար հրաձգության և բասկետբոլի ֆեդերացիաների նախագահության անդամ են։

Այս ֆեդերացիները ֆինանսավորում են ստանում կառավարությունից։ Սակայն պետական բյուջեն ֆինանսավորման միակ աղբյուրը չէ․ դրանք ֆինանսական աջակցություն են ստանում նաև ՀԱՕԿ-ից, մարզվում Ծառուկյանի կառուցած «Օլիմպավան» կենտրոնում և այլն։

Այդպես, հրաձգության ֆեդերացիան ՀԱՕԿ-ից աջակցություն է ստացել զենք և հանդերձանք ձեռք բերելու համար։ Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը ասում են, որ ժամանակ առ ժամանակ ֆեդերացիան աջակցության խնդրանքով դիմել է անձամբ Գագիկ Ծառուկյանին և «չի եղել պահ, որ դիմենք՝ մեզ չօգնի»։

Հրաձգության ֆեդերացիայի նախագահության անդամ է ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը։

Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն է, ով եղել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, իսկ հեղափոխությունից հետո մի քանի ամիս աշխատել է որպես արտակարգ իրավիճակների նախարար։

Բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահը նշում է, որ մարզիկների հաջողությունները պայմանավորված են նաև նրանով, որ նրանք կարող են ապրել և մարզվել Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներով կառուցված «Օլիմպավան» կենտրոնում։

Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ է ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։

ՀԱՕԿ-ի, «Կենտրոն» հեռուստաընկերության, «Մուլտի գրուպ» կոնցեռնի և այլ կազմակերությունների միջոցով ԲՀԿ մի շարք պատգամավորներ կապված են Գագիկ Ծառուկյանի հետ։ Որոշ պատգամավորներ էլ ԲՀԿ առաջնորդի հետ անձնական,  բարեկամական կապ ունեն։

Media.am-ը առաջիկայում կանդրադառնա այլ կուսակցություններից ԱԺ պատգամավորների գործնական, աշխատանքային ու ազգացկական կապերին։

Նմանատիպ Հոդվածներ

Հետկանչ. Ում է ԲՀԿ-ն առաջադրելու Սերգեյ Բագրատյանի փոխարեն. «Ժամանակ»

Սերինե

Կառավարության հրաժարականի պահանջը մեր օրակարգում է․սահմանային իրավիճակով պայմանավորված՝ time out ենք վերցրել. Գևորգ Պետրոսյան

Սերինե

«Հայրենիք»-ը և ՀՅԴ-ն համարում են, որ ԲՀԿ-ն լուրջ չի վերաբերվում իրենց համագործակցությանը. «Ժամանակ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին