Գլխավոր » Մեկ տարուց ավելի Քոչարյանը խոստանում է ինչ-որ քաղաքական ձևաչափ ստեղծելու մասին, սակայն այդպես էլ որևէ հոդաբաշխ քայլ չի անում. Արման Բաբաջանյան
Գլխավոր Նորություններ

Մեկ տարուց ավելի Քոչարյանը խոստանում է ինչ-որ քաղաքական ձևաչափ ստեղծելու մասին, սակայն այդպես էլ որևէ հոդաբաշխ քայլ չի անում. Արման Բաբաջանյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Այսօր Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել լրատվամիջոցներից մեկին և իր ամբողջ խոսքը կառուցել է ներկայիս իշխանությունների տարբեր ուղղություններով վարած քաղաքականությունը քննադատելու վրա։ Ռ. Քոչարյանի հնչեցրած մի քանի թեզերի առնչությամբ NewArmenia.am-ը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ:

Պարոն Բաբաջանյան, արդյո՞ք իշխանության ներսում արևմտամետ ուժերի կամ անհատների առկայությունը առիթ է տալիս մեզ խոսելու այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները վտանգված են:

-Նախ, իշխանության մեջ արևմտամետների առկայության մասին թեզը մեղմ ասած չափազանցություն է: Գուցե իշխանության մեջ կան այդպիսի անհատներ, սակայն իշխանության արտաքին քաղաքական վեկտորալ ուղղվածության մասին դատում են ոչ թե նրա մեջ եղած անհատների կողմնորոշումներով, այլ պետության վարած արտաքին քաղաքականությամբ: Իսկ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, ուղղված է առավալապես դեպի Ռուսաստանը, այն ռուսամետ արտաքին քաղաքականություն է՝ ռուսական գործոնի դոմինանտությամբ: Դա ամենևին չի նշանակում, թե հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ չկան: Ոչ, խնդիրներ իսկապես կան, բայց ոչ այնպիսի սրությամբ, որը կստիպի խոսել այն մասին, թե հայ-ռուսական հարաբերությունները վտանգված են: Այդ խնդրիները կարծում եմ՝ լուծելի են ժամանակի ընթացքում և որքան ավելի շուտ մեր արտաքին քաղաքականությունը դառնա ավելի արժանապատիվ ու ինքնիշխան, այդքան ավելի արագ կլուծվեն այդ խնդիրները:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի որակումներին, ապա իր այսօրվա հարցազրույցով, ինչպես նախկինում, նա ընդամենը Ռուաստանին հիշեցնում է իր մասին: Խոսելով իշխանության մեջ արևմտամետների առկայության մասին, նա իր կարծիքով ծառայություն է մատուցում Ռուսաստանին՝ բացահայտելով Հայաստանի իշխանության իբրև թե հակառուսական դեմքը: Ոչ ավելին:

Ռ. Քոչարյանը խոսում է նաև ներքին տարանջատվածության մասին, նշելով, որ այդպիսի տարանջատվածություն հասարակության ներսում մինչ այժմ չէր եղել: Դուք հասարակության ներսում տեսնո՞ւմ եք նման մասնատվածություն:

-Հասարակության մեջ, գուցե որոշ չափով կա տարանջատվածություն, բայց դրա մեղավորներից մեկը առաջին հերթին հենց Ռոբերտ Քոչարյանն է, ով իր քարոզչական, տեղեկատվական ռեսուրսներով ամեն օր, ամեն ժամ ամեն ինչ անում է այդ տարանջատվածությունը խորացնելու համար: Դա, սակայն, նրան չի հաջողվում, որովհետև եթե անգամ հասարակությունը տարանջատված է այս կամ այն խնդրի շուրջ, եթե անգամ հասարակությունը սկսի բացասաբար վերաբերվել իշխանությանը, դրանից ուղղակի չի բխելու, որ նույն այդ հասարակությունն ընդունում է Ռոբերտ Քոչարյանին: Ճիշտ հակառակը՝ անկախ բոլոր տարաձանյություններից ու տարանջատվածության մակարդակից, հասարակությունը միակարծիք ու միակամ է մեկ հարցում՝ նախկին իշխանություններին, այդ թվում ու առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին կտրականապես մերժելու հարցում:

Որքանո՞վ է Ռ. Քոչարյանն օբյեկտիվ ներկայացնում իրավիճակը և հիմնավորում, թե լուծումներ չի առաջարկում կառավարությանը, քանի որ համարում է, թե դա անիմաստ է:


-Ռոբերտ Քոչարյանը չափազանց սուբյեկտիվ է ներկայացնում իրավիճակը: Նա խիստ սուբյեկտիվ ու խոցելի աշխարհաքաղաքական վերլուծություն է կատարում և Ռուսաստանին է վերագրում մի դեր ու առաքելություն, որը Ռուսաստանը չունի և օբյեկտիվորեն չի կարող ունենալ: Կարծում եմ՝ այդպիսով Քոչարյանն ընդամենը ուզում է հաճոյանալ Ռուսաստանին, ոչ ավելին, քանի որ նրա վերլուծությունը զուրկ է գոյություն ունեցող իրողությունների անաչառ գնահատականից: Նա ընդամենը ցանկանում է ընդգծել Ռուսաստանի անփոխարինելիությունը Հայաստանի համար և ուղիղ տեքստով, առանց ձևականությունների ասում է, թե Ռուսաստանը Հայաստանի համար այլընտրանք չունի: Դա իրականում խայտառակ մոտեցում է, հատկապես, երբ այդ մասին խոսում է մեկը, ով 10 տարի զբաղեցրել է Հայաստանի նախագահի պաշտոնը: Մյուս կողմից նա այդ պաշտոնում ամեն ինչ արել է Ռուաստանի անփոխարինելիությունն ապահովելու համար՝ Ռուաստանին նվիրելով Հայաստանի գրեթե բոլոր ռազմավարական ձեռնարկություններն ու Հայաստանի ինքնիշխանությունը, ընհանուր առմամբ: Ինչ վերաբերում է կառավարությանը լուծումներ առաջարկելուն, ապա չեմ կարծում կառավարությունը սպասում է Ռոբերտ Քոչարյանի առաջարկած լուծումներին: Բացի այդ իրավիճակը, թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական առումով, թերություններով հանդերձ, կառավարելի է և ամենևին չունի այն ապոկալիպտիկ երանգները, որոնք ամեն կերպ փորձ է անում ներկայացնել Ռոբերտ Քոչարյանը: Նրա մտածությունն ու մտքերի տրամաբանությունը չափազանց պարզունակ են. Հայաստանում ստեղծել ֆորսմաժոր և Ռուաստանի միջամտությամբ հասնել իշխանափոխության: Հասկանալի է, որ այդ դերը Քոչարյանը վերապահում է անձամբ իրեն: Սակայն, քաղաքականության մեջ վաղուց նման պարզունակ սխեմաները չեն գործում և Քոչարյանի ասածներն ավելի շատ մենակյաց մարդու մտորումներ են, քան քաղաքական գնահատականներ:  

Ընդհանուր առմամբ Դուք Ռ. Քոչարյանին ՀՀ քաղաքական ներկապնակի ո՞ր հատվածում եք տեսնում: Ի՞նչ տեղ է նա և իր թիմը ներկայումս զբաղեցնում հայաստանյան քաղաքական դաշտում:

— Քոչարյանը և նրան սատարող ուժերը գտնվում են քաղաքական դաշտի ռևանշիստական բևեռում: Թիմ ասվածը Քոչարյանի դեպքում չափազանցություն է, քանի որ թեև մեկ տարուց ավելի նա խոստանում է ինչ-որ քաղաքական ձևաչափ ստեղծելու մասին, սակայն այդպես էլ որևէ հոդաբաշխ քայլ չի անում, նրա կողքին վստահություն վայելող որևէ մեկը չկա, ի պաշտպանություն նրա կազմակերպվող ակցիաներում մենք տեսնում ենք հասարակության կողմից վաղուց մերժված ինչ-որ դեմքերի, որոնց դժվար է քաղաքական թիմ անվանելը: Զբաղեցնելով, ինչպես ասացի քաղաքական դաշտի ռևանշիստական հատվածը, միևնույն ժամանակ Քոչարյանն ու նրան սատարողները հանդիսանում են այսպես կոչված հինգերորդ շարասյան ներկայացուիցիչները, որոնք հանուն իրենց նպատակների իրագործման, հանուն իշխանության գալու պատրաստ են համագործակցել անգամ սատանայի հետ: Տվյալ դեպքում խոսքը Ռուաստանի մասին է, որի մտացածին աջակցության վրա էլ կառուցված է քոչարյանական ողջ կամպանիան: Քոչարյանի այսօրվա հարցազրույցը դրա լավագույն վկայություններից մեկն էր:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին