Գլխավոր » «Մենք կկորցնեք մեր մրցակցային առավելությունները, եթե շարունակվի դրամի արժևորումը». տնտեսագետ
Տնտեսություն և Բիզնես

«Մենք կկորցնեք մեր մրցակցային առավելությունները, եթե շարունակվի դրամի արժևորումը». տնտեսագետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած «100 փաստ»-ում շարադրված են միայն փաստեր, որոնք արձանագրել է վիճակագրությունը, որը հասու է բոլորին։ Newarmenia.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչաետ Փաշինյանի՝ օրերս հրավիրված մամուլի ասուլիսին, ասաց տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը` հավելելով. «Նիկոլ Փաշինյանն ուղղակի արձանագրում  է այն դրական տեղաշարժերը, որ մեր սոցիալ-տնտեսական ոլորտում տեղի են ունեցել։ Ըստ այդմ, խորհուրդ չեմ տա կասկածի տակ դնել որևէ փաստ։ Եթե կա կասկած, ապա խնդիրը Նիկոլ Փաշինյանը չէ, այլ պետք է դիմել պատկան մարմիններին»։

Ըստ տնտեսագետի` ՀՀ-ում տնտեսական առումով դրական տեղաշարժեր են տեղի ունենում։ «Եթե ինձ հարցնեն` իսկ արդյոք սա բավարա՞ր է, որ ՀՀ-ն կերպարանափոխվի, նոր տեսք ստանա, միանշանակ կասեմ` ոչ։ Մենք ունենք առանցքային խնդիրներ. տարիներ շարունակ ՀՀ-ն սեղմվել է` արտաքին պարտք, ահռելի արտագաղթ և այլն։ Հիմա կորը փոխվել է ու սպասել, որ միանգամից ամեն ինչ լավ է լինելու, այդպես չէ։ Որ ոլորտը մտնում ես, այդ աղբը, տգիտությունը, որ տարիներ շարունակ կուտակվում էր, այսօր դեռ մնացել է։ Եթե ներկա իշխանություններին այսօր մեղադրում են անփորձության մեջ, ապա նախկինների փորձը կիրառվում էր միայն գողանալու մեջ։ Իհարկե, այնտեղ ազնիվ մարդիկ եղել են, սակայն նրանց թույլ չեն տվել դրսևորվել, քանի որ իշխողը գողանալն էր»,- նկատեց նա։

Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «100 փաստ»-ում Բագրատ Ասատրյանի համար առավել գրավիչ են մակրոտնտեսական ցուցանիշները` կայունությունը, աճի տեմպերը, ոլորտային տեղաշարժերը։ «Տնտեսական աճը 6,8 տոկոս է։ Ճիշտ է, այն բավարար չէ, քանի որ խնդիրները լուծվում են միայն երկնիշ տնտեսական աճի պարագայում, սակայն լավ է, իհարկե, որ արդյունաբերության աճի տեմպը եղել է 8,5 տոկոս, սակայն վատ է, որ շինարարության աճը 4,5 տոկոս է։ Սա վատ է, քանի որ շինարարությունն առաջինն է զբաղվածության ապահովման առումով»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է քննադատությանը, թե որքան էլ «100 փաստ»-ում գրավիչ ցուցանիշներ են, դրանք, այնուամենայնիվ, անիրագործելի են, քանի որ վարչապետը տնտեսական ոլորտի մասնագետ չէ, Բագրատ Ասատրյանի համար նման գնահատականներն առնվազն զարմանալի են. «Վարչապետը քաղաքական գործիչ է, նա տնտեսագետ չէ, նա ունի քաղաքական թիմ։ Նիկոլ Փաշինյանն, այո՛, պետք է հանդես գա նախաձեռնություններով, որոնց միս ու արյուն պետք է տա թիմը։ Ես հիշում եմ, այսպես կոչված, արհեստավարժների կառավարությունը, որն ամբողջովին սուտ ու կեղծ էր»։

«100 փաստ»-ում Բագրատ Ասատրյանի համար վիճելի հատվածներ կան հարկաբյուջետային քաղաքականության առումով։ Ըստ նրա` 7 ամսվա ընթացքում մենք ունենք լուրջ պրոֆիցիտ` շուրջ 20 տոկոս։ «Կներեք, սա շատ լուրջ խնդիր է։ Ստացվում է` պետությունը եկամուտների տեսքով հավաքագրում է միջոցներ, ու դրանք քնացնում և դրանով իսկ փողազրկում  տնտեսությունը։ Մինչդեռ փողը պետք է շրջանառվի, աշխատի, մարդիկ պետք է վաստակեն, վերաբաշխվի և այլն։ Սա է տնտեսության իմաստը։ Նաև, սրան զուգահեռ, չպետք է մոռանանաք, որ տնտեսության մեջ մեծ տեղաշարժեր են եղել, հատկապես մարդկանց սպասումների մեջ. մարդիկ ունեն պոզիտիվ սպասումներ, մարդիկ իրենց սպառողական վարքագիծը կառուցում են այդ սպասումներ վրա։ Հիմա պետք է նպաստել սրան, սակայն բյուջեի այս վարքագծով զսպվում է։

Արդյունքը ցածր գնաճն է, մասնավորապես 7 ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմում է 1,9 տոկոս։ Սա շատ ցածր է, սա ծրագրայինից էլ է ցածր։ Սրան փոխկապակցվում է դրամի փոխարժեքը. մենք տարեսկզբից ունենք դրամի արժևորում։ Սակայն սա մեզ պետք չէ. մենք պետք է համաչափ` ծրագրայինի շրջանակներում, գնաճ, սղաճ ունենանք, և արժեզրկումն էլ այս շրջանակներում բնավ էլ չի վնասի մեր տնտեսությանը, մանավանդ երբ հաշվի ենք առնում մեր ԵԱՏՄ անդամակցությունը։ Մենք կկորցնեք մեր մրցակցային առավելությունները, եթե շարունակի արժևորման այս գործընթացը։ Տարեսկզբին մենք ունեինք արտահանման տեմպերի հարաբերական անկում, լավ է` հիմա դուրս եկանք դրական թվերի վրա, բայց էլի ցածր է. արտահանման աճն ընդամենը 3 տոկոս է։ 7 տոկոսանոց ՀՆԱ-ի դեպքում նման արտահանման ծավալով մեր երկիրը չի կարող զարգանալ. մեր արտահանման տեմպերը կրկնակի, եռակի ավելի բարձր պետք է լինեն, քան տնտեսական աճը»,- ընդգծեց տնտեսագետը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին