24.5 C
Yerevan
19 Հոկտեմբերի, 2020
106886.4 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Մերթ ընդ մերթ «ընդդիմադիրները»․ ՀՅԴ և ԲՀԿ
Այլ Լուրեր

Մերթ ընդ մերթ «ընդդիմադիրները»․ ՀՅԴ և ԲՀԿ

Հոկտեմբերի 8-ին ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները համատեղ հանրահավաք կանցկացնեն՝ պահանջելով կառավարության հրաժարականը: Պատմության անիվը, ինչպես տեսնում ենք, հերթական անգամ կոտրվում է իր սիրած փոսում: Ոչ շատ հեռավոր 2014-ի հոկտեմբերին էր,  հերթական մի քառյակ, որը ՀՅԴ-ի սահուն ճողոպրանքից հետո վերածվեց եռյակի, հանրահավաք էր անում՝ օրվա իշխանությունից պահանջելով իրենց ներկայացրած 12 կետերի մասին հաշվետվություն: Այն ժամանակ էլ, ՀՅԴ-ն բարձագոչ տեքստերով «քննադատում էր» իշխանությանը՝ մինչ այն, երբ եկավ իսկական քննադատության պահը: Պարզվեց, 2014-ի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ՀՅԴ-ն չի կարող մասնակցել, քանի որ ոչ միայն որևէ խնդիր չունի օրվա իշխանության հետ, այլև ավելին՝ լիովին աջակցում է վերջինիս սահմանադրական փոփոխությունների  նախաձեռնությանը: Հանրահավաքն անշուշտ կայացավ առանց որևէ լուրջ հետևանքի, համենայնդեպս պետության ու հասարակության համար, հետո էլի հանրահավաքներ եղան, որոնցից ամենահայտնին 2015-ի փետրվարի 20-ի չեղարկված էր: Մի խոսքով, չփորփրենք ԲՀԿ-ի ցավոտ վերքերը:

Իսկ ինչ էր անում ՀՅԴ-ն: Այս հարցի պատասխանն առավել քան երևութական էր՝ ՀՅԴ-ն վաճառվում էր կամ ավելի ճիշտ՝ սակարկում էր իր գնի շուրջ՝ Սերժ Սարգսյանի հետ: Ավելի բարձր գին ստանալու համար դաշնակցականները նախաձեռնեցին իրենց իրազեկող շրջայցերը Հայաստանով մեկ՝ գովերգելով ու պաշտպանելով Սահմանադրական փոփոխությունները:  Սահմանադրական տխրահռչակ հանրաքվեից հետո եկավ պտուղները հավաքելու ժամանակը՝ սկզբում ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի քաղաքական համագործակցության համաձայնագիրն էր՝ 2016-ի փետրվարին, ապա 2017-ի կոալիցիոն հուշագիրը նույն այս ուժերի միջև: Թվում էր, թե ամեն ինչ ընթանում է առավել քան սահուն, բոլոր կողմերը կուշտ են, ունեն ազդեցության լծակներ, նախարարական պորտֆելներ, վերահսկելի ոլորտներ, անձեռնմխելի բիզնեսներ, հանքեր, ՀԷԿ-եր և այլն, սակայն եկավ կոալիցիոն ուժերի չարաբաստիկ 2018-ը ՝ իր ապրիլ-մայիսյան հետևանքներով: Մնացայալն արդեն գիտենք:

Այսօր կրկին եռյակ է հայտնվել ասպարեզում, ավելի ստույգ՝ ուզում է հայտնվել: Հին ու նոր անուններ են՝ ՀՅԴ, ԲՀԿ, «Հայրենիք»: Վերակազմյալ եռյակի հայտարարության մեջ ասված է՝ «2018 թ. գարնանը համաժողովրդական շարժումը ստեղծեց երկրի զարգացման որակապես նոր հնարավորություններ: Հանրության մոտ ձևավորվեցին արատավոր բարքերը պատմության գիրկն ուղարկելու, երկրում արդարություն հաստատելու, երաշխավորված և առավել բարեկեցիկ ապագա ունենալու արդարացի սպասելիքներ»: Եվ մի պահ կանգ ենք առնում. արատավոր բարքեր, արդարության հաստատում: Այսինքն եռյակն ընդունում է, որ երկրում եղել են արատավոր բարքեր, եղել է անարդարություն ու այդ ամենը եղել է մինչև 2018-ը: Եվ այստեղից հարցը, արդյո՞ք սույն եռյակի առնվազն երկու ներկայացուցիչները՝ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, այդ անարդարությունների ու արատավոր բարքերի ձևավորման գործընթացի անմիջական մասնակիցները չեն, արդյոք կոալիցիոն հուշագրերն ու քաղաքական համագործակցության վերաբերյալ հայտնի ու կուլիսային պայմանավորվածությունները չէին առաջին հերթին հիմք դառնում արծարծվող արատավոր բարքերին, արդյոք այս հայտարարությունն էլ հերթական անգամ իշխանությանը վաճառվելու մասին հայտարարություն-հրավեր չէ: Եվ բազմաթիվ այսպիսի «արդյոքներ»: Նոր իշխանությունը սակայն «վատ գնորդ է» և կարծես թե չի պատրաստվում սակարկությունների մեջ մտնել, և սա ավելի քան անհասկանալի է եռյակի կամ եռյակի որոշ ներկայացուցիչների համար:

Վերջիններիս պատկերացման մեջ պարզապես բացակայում է այն մտահայեցողությունը, որ հնարավոր է իշխանություն, որը քաղաքական առևտրով չի զբաղվում, և սրանից ավելի զայրացկոտ են դառնում, անհասկանալի բաներ պահանջում, հանրահավաք են նախաձեռնում: Ի դեպ վերջինս իրենց իրավունքն է, ավելին՝ նաև պարտականությունը, քանզի ինքզինքը քաղաքական ուժ համարող խումբը, եթե ոչինչ չի կարողանում անել, գոնե հանրահավաք պետք է անի: Թե ինչ է խոսվելու այդ հանրահավաքի ընթացքում, կարծես թե պարզ է՝ ծեծված թեմաներ, «ազգայինի» մասին դատարակաբանություններ՝ որպես կանոն ազգի ու ազգայինի հետ բնավ աղերս չունեցող, դիմակն ու դպրոցը, «գողացված մատանի», «հարբեցող ամուսին»: Մի խոսքով այն ամենն ինչը տեսնում ու լսում ենք եռյակին պատկանող մեդիաեթերներում: Եվ սա ամենացավալին է, քանի որ ցանկացած իշխանության համար վտանգավոր է ընդդիմության բացակայությունը, ցանկացած իշխանություն, ինչպես կասեր Վանոն, «արխայինանալու» հատկություն ունի, դա իշխանության բնույթի մեջ:

Ուստի երկրին, հասարակությանը, պետությանը և անշուշտ, իշխանությանը կենսական անհրաժեշտություն է ընդդիմությունը, իրական, արժեքային, արմատական ու գաղափարական ընդդիմությունը: Կարո՞ղ է արդյոք եռյակն ամբողությամբ և վերջինիս ներկայացուցիչներն առանձին-առանձին հավակնել նման պատասխանատվության: Պատասխանը հուսադրող չի կարող լինել, որովհետև ակնհայտ է՝ մի դեպքում գործ ունենք գաղափարական կուսակցության բուտաֆորայի հետ, որն իր հարյուրամյա քաղաքական ճանապարհը հանգեցրել է զուտ հարմարավետության գոտու շուրջ սակարկությունների, մյուս դեպքում՝ խոշոր ճորտատիրոջ անձնական քմայքների սպասարկուների բանակ է՝ կուսակցության անվան տակ, և վերջապես երրորդ դեպքում անհասկանալի մի խմբավորում, որի թեթև ձեռքով այլախեղվում են բառերն ու գաղափարները, որի կազմավորման հիմքում, թերևս, արտերկրյա շահերն ու սրանց զուգակցված «նեղացածության գործոնը»: Եվ այս խմբերն այսօր հավակնում են լինել ընդդիմություն, լինել քաղաքական և իրենց հավակնությամբ իսկ շարունակում են խանգարել երկրում քաղաքական դաշտի կայացմանը, ընդհանարապես, քաղաքականի՝ որպես իրողության ձևավորմանը, քանի նրանք իրենց բնույթով քաղաքական չեն և չեն կարող լինել, գուցե ճորտատիրական են, գործակալական, շահամոլական ու էլի հազար ու մի բան, բայց ոչ երբեք քաղաքական: Իսկ պետությունը, ինչպես բանաձևել է Կարլ Շմիթթը, հենց քաղաքականի արդյունքն է, քաղաքականի հետևանքը: Եվ այստեղից՝ վերոնկարագրյալ բովանդակությամբ ու բնույթով եռյակները հակոտնյա են պետությանը և ուրեմն խանգարում են պետության կայացմանը:

Անահիտ Փանոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Հայրենիքի պաշտպանության առաջնագծում

Նատա Հարությունյան

Հայրենիքի պաշտպանության առաջնագծում. տեսանյութ

Նատա Հարությունյան

ՀՅԴ անդամ երիտասարդները կոչ են անում արժանի գնահատական տալ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիային

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին