21 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107334.4 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Մեր դիվանագիտությունը պետք է կարողանա աշխարհին բացատրել, որ Արցախի անկախության ճանաչումն է արցախահայության անվտանգության միակ գրավականը․ քաղաքական վերլուծաբան
Քաղաքականություն

Մեր դիվանագիտությունը պետք է կարողանա աշխարհին բացատրել, որ Արցախի անկախության ճանաչումն է արցախահայության անվտանգության միակ գրավականը․ քաղաքական վերլուծաբան

New Armenia.am- ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանը։

-Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը սեպտեմբերի 27-ի թուրք-ադրբեջանական սանձազերծած պատերազմից հետո  հատկապես սկսվեց լայնորեն շրջանառվել։ Ի՞նչ է տալու Արցախի անկախության ճանաչումը մեզ, պարո՛ն Հովսեփյան։

-Արցախի անկախության ճանաչման մասին մենք խոսում ենք դեռևս կոնֆլիկտի վերջին շրջանի սկզբնավորումից ի վեր՝ թե՛ 90-ականներին, թե՛ ապրիլյան պատերազմից հետո։ Հայաստանի, Արցախի հասարակա-քաղաքական շրջանակները մշտապես խոսում են անկախության շուտափույթ ճանաչման մասին, մոռանալով, որ համաշխարհային պրակտիկայում մեր նման փոքր պետությունները, որոնք կոնֆլիկտների մեջ են գտնվում, ինքնուրույն նմանատիպ նախաձեռնությամբ հանդես գալով, դժվար են հաջողության հասնում, կամ ընդհանրապես չեն հասնում։ Հետևաբար, երբ խոսում ենք Արցախի անկախության ճանաչման մասին, առաջին հերթին պետք է նկատի ունենանք, թե  համաշխարհային ասպարեզում՝ ինչպիսի դաշնակիցներ ունենք, և որ պետություններն են պատրաստ ճանաչել Արցախի անկախությունը։ Ի վերջո, Արցախի անկախության և ինքնորոշման հայտը, երբ մենք ներկայացնում ենք՝ դրանով դիմում ենք միջազգային հանրությանը, հետևաբար, կարծում եմ, որ Արցախի անկախությունը Հայաստանը պետք է ճանաչի ոչ առաջինը։ Եթե նայենք մնացած կոնֆլիկտների պատմությունները, ապա թե՛ Կոսովոյի, թե՛Օսեթիայի և մնացածների պարագայում, առնվազն տվյալ պետության կողմից, որը կոնֆլիկտի մաս է՝ անկախությունը չի ճանաչվում։ Կոսովոյի դեպքը շատ նման է Ղարաբաղին այս առումով՝ հատկապես, եթե նկատի ունենանք, որ Արցախի անկախությունը մենք առաջարկում ենք ճանաչել բացառապես էքզիստենցիալ-գոյաբանական վտանգից՝Արցախի բնակչությանը ետ պահելու տեսանկյունից, այսինքն՝ անջատում հանուն փրկության։ Այս տրամաբանությամբ առաջինը մենք պետք է տեսնենք, թե խոշոր պետություները ինչպես են արձագանքում դրան և Հայաստանը պետք է լինի գուցե երկրորդը, գուցե վերջինը, բայց՝ ոչ առաջինը, որովհետև, եթե դու ճանաչում ես այդ անկախությունը և դրա հետ մնում ես մենակ՝ գուցե սպառնալիք ստեղծես, որ նույնիսկ Մինսկի խմբի դռները քո առաջ փակվեն։

-Երեկ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ: Ի՞նչ արդյունք ակնկալել այս գործընթացից։

-Ֆրանսիայի կողմից Արցախի անկախության ճանաչման գործընթացները կարելի է դիտել երկու ասպեկտով։ Առաջինը՝ Ֆրանսիայի հանձնառությունը տարածաշրջանի, Հայստանի և հայերի հետ բարեկամության կոնտեքստում։ Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ Ֆրանսիան դրանով կարող է լուծել իր աշխարհաքաղաքական խնդիրներն ու նպատակները, որովհետև Մակրոնն ակնհայտորեն ձգտում է լիդերության Արևմուտքում։ Պնդել, որ Ֆրանսիան միակողմանիորեն կգնա Արցախի անկախության ճանաչմանը՝ այդքան էլ ճիշտ չէ։ Այստեղ պետք է հաշվի առնել, թե հայկական դիվանագիտությունը աշխարհում որքանով է կարողանում լինել համահունչ, համոզիչ։ Որովհետև Հայաստանը պետք է կոնկրետ պետությունների հետ կոնկրետ բանակցություններ վարի, աշխարհին համոզի ու բացատրի, թե ինչպես կարող է միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը ուղղակիորոն դադարեցնել Արցախում խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ձեռնարկած հրետակոծությունը։ Այսինքն՝ մենք պետք է կարողանանք աշխարհին բացատրել, որ Արցախի անկախությունը բացառապես միակ երաշխիքն ու գործոնն է, որ ապահովում է Արցախի բնակչության անվտանգությունը և կյանքի իրավունքը։ Ֆրանսիայի դեպքում, գուցե, սա ավելի հնարավոր է և, կարծում եմ, որ Ֆրանսիայի հետ լուրջ աշխատանքը կարող է նպաստել այդ հարցի դրական լուծմանը, բայց այստեղ բավականին մեծ աշխատանք ունենք անելու։

-Եթե մեզ հաջողվի Ձեր նշած աշխատանքները նորմալ տանել, և Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը՝ մյուս երկրները կհետևե՞ն Ֆրանսիայի օրինակին, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՄՆ — ն։

-Կարևոր հանգամանք է, մենք այդ ճանաչումը ինքնանպատակ ենք դարձնում, թե ոչ։ Եթե ասոցիացիաներ անենք ցեղասպանության հարցի հետ՝ բազմաթիվ երկրներ ճանաչել են, բայց դրանից, ըստ էության որևէ հարց չի լուծվել։ Եթե հիմա Արցախի անկախությունը Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն կամ մեկ այլ երկիր ճանաչի և մնա միայն հռչակագրի մակարդակում՝ հարց, որքանո՞վ է դա նպաստում Արցախի հարցի լուծմանը, չի նպաստում, ըստ էության։ Մենք այստեղ պետք է հասկանանք՝ ինչպես ենք աշխատում աշխարհի հետ և ինչպես ենք կարողանում այդ ճանաչումը պրակտիկացնել։ Օրինակ, եթե կարողանում ենք «անջատում հանուն փրկության» կամ «Անկախություն հանուն փրկության» սկզբունքներով  աշխարհին համոզել Արցախը ճանաչել, դրան պետք է հաջորդի ՄԱԿ-ի կողմից, ենթադրենք, կոնկրետ ուժերի ներգրավումն այդտեղ։ Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա կասկածում եմ, որ օրինակ՝ Մոսկվան կամ ԱՄՆ-ն կգնան այդ քայլին, որովհետև յուրաքանչյուրի շահերը տարբեր են։ Հետևաբար ասել, որ Ֆրանսիայի կողմից անկախության ճանաչումը շղթայական ռեակցիա պետք է բերի Մոսկվայում կամ Վաշինգտոնում, կարծում եմ, բացարձակ այդպես չէ։ Այստեղ մեր դիվանագիտության ուսերին բավականին լուրջ բեռ է ծառացած։

Քրիստինե Աղաբեկյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին