-3 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115852.8 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » «Մեր երիտասարդներից յուրաքանչյուրը մի հսկա է». «ՀԺ»
թերթերի տեսություն

«Մեր երիտասարդներից յուրաքանչյուրը մի հսկա է». «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․

«Հայկական ժամանակը» Դավթաշենի համայնքապետարանից փորձեց տեղեկանալ, թե ինչ ազդեցություն է թողել վարչապետի կոչը: «Դե անմիջապես ցուցակի առաջին համարն իմ անունը գրեցի (հիմա արդեն նրան թույլ են տվել կամավորների ցուցակը գլխավորել), հետո էլ սպասում էի, որ այսօր առավոտից կունենանք հոսք, բայց այն, ինչ տեսա, իմ սպասածից շատ-շատ ավելին էր, իրոք ոգևորիչ է»,- պատասխանեց համայնքապետարանի աշխատակից, փոխգնդապետ Սահակ Ասատրյանը: 

Վարչական շրջանում պատերազմի սկսվելուց ի վեր շուրջօրյա հերթապահություն է։ Ասատրյանն այստեղ է մնում բոլոր հերթապահների հետ. «Ու 24 ժամ շարունակ՝ պարբերաբար մարդիկ դիմում են ինձ, թե քո ձեռքերը երկար են, ծանոթ ունես, դասավորի՝ գնանք առաջնագիծ: Համոզում եմ՝ տղերք, մեր հերթը կգա։ Հենց մեր հերթը գա, բոլորս էլ գնալու ենք, բայց էսօր պետք ենք թիկունքում: Մենք հաջողության հասնողներին ասում ենք, չէ՞, թիկունք ունի, լավ մեջք ունի, ասում եմ՝ լավ մեջք լինենք, որ մեր տղերքն առաջնագծում հաջողեն: Իսկ երեկ վարչապետի ելույթից հետո գրեթե չեմ հասցնում իմ կամավորականների ցուցակը գրանցեմ՝ համ բնակիչների շրջանում է շատ-շատ՝ տղա-աղջիկ, համ վարչակազմից»,- ասաց նա:

Պատմեց, որ առավոտյան մի ծեր մարդ է եկել ու դիմել իրեն. «Ասում է՝ կամանդիր, քո հետ կարա՞մ տղավարի խոսամ: Ասում եմ՝ իհարկե, հայրիկ ջան, հենց էդպես պիտի խոսենք իրար հետ: Ասում է՝ գնացի վայենկոմատ, չտարան, գնացի, բժշկի թուղթ բերեցի, էդ էլ ջոկեցին, որ առողջ չեմ (հույս է ունեցել, որ զինկոմիսարիատում իր առողջական վիճակի մասին տեղեկանքը մանրամասն չեն ուսումնասիրի)։ Հիմա, ասում է, տղավարի ինձ մտցրա ցուցակիդ մեջ, տեր եմ մինչև վերջ»: Պապիկին, իհարկե, չեն ցուցակագրել, բայց նա էլ չի հանձնվել, գնացել է՝ էլի վերադառնալ-համոզելու մտքով:

Սահակ Ասատրյան ինքն էլ է դժվարանում այս օրերին հեռու լինել առաջնագծից։ Ասաց, որ մեծ ուրախությամբ կգնար կռվելու, բայց իրեն այստեղ են ծանր պարտականություն տվել՝ զինվորների զոհվելու լուրն է հաղորդում ընտանիքներին: Հաղորդում է սրտի մեծ ցավով, սգում նրանց հետ, կազմակերպում սգո արարողությունը, ու, իր խոսքով, եղբայր, հորեղբայր ու քեռի դառնում հանուն հայրենիքի ընկած երիտասարդներին: «Ես մտածում էի՝ ինձ պիտի սպանեն որդու լուրը հաղորդելու համար, իսկ նրանք, ահա, զանգել-հրավիրել են զոհված զինվորի ծննդյան տոնին, որ ամսի 28-ին է՝ ասում են, մեր ցավը մեզ հետ տանում ես, մեր հարազատն ես, ու ես գնալու եմ նրա գերեզմանին՝ որպես իմ եղբոր»:

Նա պատմում է մարդկանց մասին, ում հետ ծանոթացել է այս օրերին. «Հենց այս օրերին է երևում մարդկանց որակը. հոգով հսկա մարդկանց հետ եմ ծանոթացել: Մեր բնակիչները, մեր վարչական շրջանները տիտանական աշխատանք են անում, մարդիկ խնդրում են իրենց հերթապահության գրանցել, կամավորական աշխատանքներ են կատարում: Սգո սրահների տերերի մեջ մարդ կա, 25 օր ոչ մի դրամ ոչ մի պայմանով չի վերցրել: Մեր երիտասարդներից յուրաքանչյուրը մի հսկա է»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին