24 C
Yerevan
9 Հուլիսի, 2020
83244.8 By Google Analytics 07.07.2020
Գլխավոր » ՄԻԵԴ-ի եզրակացությունն ուժեղացնում է Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմին․ Ա․ Ղուկասյան
Քաղաքականություն

ՄԻԵԴ-ի եզրակացությունն ուժեղացնում է Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմին․ Ա․ Ղուկասյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը։

NewArmenia.am-ը հարցի հետ կապված մեկնաբանություն է խնդրել քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանից։

Նա նկատեց, որ Սահմանադրական դատարանը դիմել էր ՄԻԵԴ -ին 4 հարցով, որից առաջին 3 հարցերը վերաբերում էին խնդրին` արդյոք Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրված հոդվածը՝ Քրեական օրենսգրքի 300․1-ը,  համապատասխանում է օրենքի պահանջներին, այսինքն՝ այդ հոդվածը կարող է համարվել իրավական նորմ։

«Այդ հարցին ՄԻԵԴ-ը պատասխանեց հստակ, որ, այո, կարող է։ Ընդ որում 3 հարցից նա անհրաժեշտ գտավ պատասխանել 1 հարցի՝ երկու հարցը թողնելով առանց պատասախան ու համարեց, որ դրանք վերաբերում են կոնվեցիայի դրույթների ընդհանուր պարզաբանումներին, որոնք տվյալ գործի հետ չեն առնչվում։ Որպեսզի մեկնաբանությունների տիրույթ չառաջանա դատարանն այդ հարցերին պատասխան չտվեց, սակայն հստակ պատասխանեց, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը  համապատասխանում է միջազգային պրակտիկայում ունեցած օրենքի չափանիշներին։  Իմաստով երկրորդ, հերթականությամբ 4-րդ  հարցը վերաբերում էր  նրան՝ արդյոք 300․1 հոդվածը, որն ընդունվել է 2009 թ․-ին կարող է հետադարձ ուժ ունենալ ու կիրառվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Ընդ որում այս հարցն ուներ հետևյալ ենթատեքստը՝ արդյոք այն փաստը, որ Քոչարյանին մեղսագրով արարքները, որոնք գնահատվում են այդ հոդվածով, արդեն նշանակում է, որ քրեական գործը պետք է կարճվի, որովհետև ավելի ուշ ընդունված օրենքի չի կարող կիրառվել մինչ այդ կատարված գործողություններին, դատարանը պատասխանեց՝ ոչ, այսինքն՝ այն փաստից, որ օրենքն ընդունվել է 2009 թ․-ին դեռևս չի հետևում, որ այն չի կարող կիրառվել։ Այդ հարցում դատարանը պնդում է ու օրինակներ է բերում միջազգային պրակտիկայից, որ անհրաժեշտ են ուսումնասիրել գործի կոնկրետ հանգամանքները»,- ասաց նա։

Ղուկասյանը չի հերքում, որ դատարանն ընդգծում է, որ ոչ ոք չի կարող դատապարտվել  հետագայում ընդունած ինչ-որ օրենքի հիման վրա։ Բայց շեշտեց, որ խնդիրը նրանում է, թե նախորդ  ու հաջորդ օրենքի հոդվածները որքանով  փոխկապակցված են իրար հետ, արդյոք այդ նոր օրենքը ներառված է եղել նախորդ օրենքում։

«Ըստ էության՝ դա նշանակում է, որ 2008 թ-ին ՀՀ-ում նախատեսվո՞ւմ էր պատասխանատվություն սահմանադրական կարգը խախտելու համար, թե՞ ոչ։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ ոչ, իրենց  արձագանքները ՄԻԵԴ-ի խորհրդատվական եզրակացությանը բացահատում են այն, որ այդ մարդիկ համոզմունք ունեն, որ մինչև  2008 թ․-ն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները կարող էին իրար մեջ պայմանավորվել, որ Սահմանադրությունը ձևական բնույթ է կրում ու Սահմանադրության ֆունդամենտալ հիմք հանդիսացող հոդվածները՝ 1-ից մինչև  6-րդ-ի առաջին մասի, կարող են հաշվի չառնել։ Այդ հոդվածները Սահմանադրության հիմքերը կազմող հոդվածներ են, որտեղ բնութագրվում է մեր պետությունը, սահմանվում է, որ ժողովրդին է պատկանում իշխանությունը, սահմանվում է, որ մարդը բարձրագույն արժեք է ու նրա իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանվում են պետության կողմից, իսկ պետական պաշտոնյաներն իրավասու են անել միայն այն ինչ իրենց լիազորություն է տրված Սահմանդրությամբ ու օրենքերով։ Այսինքն՝ այդ դրույթները, ըստ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների, կարող էին մինչև 2009 թվականը ՀՀ-ում ազատորեն խախատվել բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, իսկ նման գործողությունները ես ու ընկերներս անվանում ենք քրեական ռեժիմ»,- շարունակեց Ղուկասյանը։

Քաղաքագետը նշեց, որ որքան էլ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պնդումներ անեն, միևնույն է, որևէ հանրապետություն չի կարող ենթադրել, ավելին՝ չի կարող առհասարակ գոյություն ունենալ, եթե երկրի բարձրագույն ղեկավարությունը վեր է կանգնած Սահմանադրությունից ու կարող է Սահմանադրության հիմնական նորմերը չհարգել ու չկատարել։

«Քոչարյանին մեղադրողների կողմն էլ այս որոշումը դիտարկում է որպես հստակ ուղեցույց, որ իրենք ճիշտ են, իսկ Քոչարյանի փաստաբանների կողմից բարձրացրած հարցերը գործնականում  բովանդակազուրկ են։ Մյուս կողմից տեսնում ենք, որ Քոչարյանի փաստաբաններն էլ փորձում են մեկնաբանել ի օգուտ իրենց պաշտպանյալի՝ պնդելով, որ եզրակացության մեջ կա արտահայտություն, որ օրենքը հետադարձ ուժ չունի, այսինքն՝իրենք կարդում են եզրակացության այդ դրույթը , բայց չեն կարդում  հաջորդը, որտեղ խոսվում է այն մասին՝ արդյոք նոր օրենքի պահանջը եղել է նաև հին օրենքում։ Անձամբ գտնում եմ, որ ՄԻԵԴ-ի այս եզրակացությունը մեղադրող կողմի համար ավելի դրական է, ուժեղացնում է մեղադրանքը»,- ընդգծեց Անդրիաս Ղուկասյանը։

Հարցին՝ ՄԻԵԴ որոշումը խորհրդարանը կկարողանա օգտագործել ՍԴ խնդրի կարգավորման հարցում, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց ՝չբացառելով, որ սա կազդի քաղաքական որոշման վրա։

«Ըստ էության՝ իշխանությունները, երբ առաջ էին քաշել Սահմանադրական դատարան կազմելու անհարժեշտությունը, նրանք հարցը չէին կապում Ռոբերտ  Քոչարյանի գործի հետ։ Հարցը Քոչարյանի հետ  կապում էին այլ քաղաքական գործիչներ՝ այդ թվում ես մատնացույց էի անում, որ անմիջական կապ կա իրադարձությունների  մեջ։ Այսօր պարզ է, որ իշխանությունների մտահոգությունները, որ ՍԴ-ն կօգտագործի միջազգային ատյանները, որպեսզի կարճի Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը, հիմա զգալիորեն նվազել է»,- եզրափակեց Անդրիաս Ղուկասյանը։

Անի Արամի

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին