21 C
Yerevan
1 Հունիսի, 2020
70174.7 By Google Analytics 31.05.2020
Գլխավոր » Մինչև 60 տարեկան վիրուսակիրները այսուհետ կբուժվեն տանը
Սոցիալական

Մինչև 60 տարեկան վիրուսակիրները այսուհետ կբուժվեն տանը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է «Արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը»:

Դրա համաձայն՝ մինչև 60 տարեկան վիրուսակիրները այսուհետ կբուժվեն տանը. Նրանց նկատմամբ հեռախոսով վերահսկողություն կիրականացնի պոլիկլինիկայի բուժանձնակազմը:

Բժիշկը կապ է հաստատում հաստատված COVID-19 պացիենտի հետ, ճշտում է գանգատները, ուղեկցող հիվանդությունները: Ելնելով հաստատված COVID-19 պացիենտի գանգատներից, որոշում է կայացնում տնային այցելության մասին` տեղում գնահատելու պացիենտի ծանրության աստիճանը, որի հիման վրա որոշում է կայացնում հոսպիտալացման անհրաժեշտության մասին:

Հաստատված COVID-19 պացիենտի հոսպիտալացման համար պոլիկլինիկայի բժշկի կողմից իրականացվում է էլեկտրոնային ուղեգրում և կանչ է տրվում շտապ բժշկական օգնության ծառայությանը` պացիենտին համապատասխան հիվանդանոցային կազմակերպություն տեղափոխելու համար:

Պոլիկլինիկայի աշխատաժամերից դուրս և ոչ աշխատանքային օրերին հաստատված COVID-19 պացիենտի առողջական վիճակի կտրուկ վատթարացման դեպքում պացիենտը կամ ընտանիքի անդամը կանչ է տալիս շտապ բժշկական օգնության ծառայությանը: Ընդ որում պացիենտը հոսպիտալացվում է, եթե արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93% և/կամ շնչառության հաճախությունը >22/րոպե:

Հիվանդանոցային կազմակերպությունից դուրս գրվելուց հետո COVID-19 պացիենտի նկատմամբ պոլիկլինիկայի մասնագետի կողմից սահմանվում է հետհիվանդանոցային բժշկական հսկողություն՝ 14 օրյա ժամկետով, որից հետո անձը համարվում է աշխատունակ։

Անախտանիշ և թեթև ընթացքով հաստատված COVID-19 պացիենտների նկատմամբ սահմանվում է 14 օրյա ինքնամեկուսացում և բժշկական հսկողություն` պացիենտին իրազեկելով վարակի տարածման կանխարգելման և COVID-19 ախտանշանների մասին և հրահանգելով, որ առողջական վիճակի վատթարացման դեպքում անհրաժեշտ է անմիջապես կապ հաստատել սպասարկող ԱԱՊ բժշկի հետ:

Բժիշկը տրամադրում է խորհրդատվություն հաստատված COVID-19 պացիենտին և պացիենտի հետ բնակվող անձանց՝ տնային պայմաններում անվտանգ խնամքի կազմակերպման և անձնական հիգիենայի պահպանման վերաբերյալ՝ համաձայն ԱՆ 2020 թվականի հունվարի 31-ի թիվ N 336-Ա հրամանի հավելվածով 1-ով հաստատված ուղեցույցի։

Անախտանիշ ընթացքով հաստատված COVID-19 պացիենտները հիվանդության 14-րդ օրից հետո հանվում են բժշկական հսկողությունից, որի վերաբերյալ համապատասխան նշում է արվում Արմեդ էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգում։

Թեթև ընթացքով հաստատված COVID-19 պացիենտները հանվում են բժշկական հսկողությունից ախտանշանների բացակայության օրվանից սկսած 14 օր հետո, որի վերաբերյալ համապատասխան նշում է արվում Արմեդ էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգում։

Բժիշկը սահմանում է 14 օրյա բժշկական հսկողություն հաստատված COVID-19 պացիենտների հետ սերտ շփվածների նկատմամբ` համաձայն ԱՆ ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ-ի կողմից ներկայացված ցանկի (ըստ կցագրման վայրի` նշելով ԱԱՊ հաստատության անվանումը, պացիենտի անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, փաստացի բնակության հասցե, կամ ՀԾՀ):

Հաստատված COVID-19 պացիենտների հետ սերտ շփվածների շրջանում ախտանիշներ ի հայտ գալու դեպքում, սահմանված կարգով, կատարվում է նմուշառում 60 տարեկանից բարձր և քրոնիկ սրտանոթային հիվանդություն, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, իմունադեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ, ճարպակալում, քրոնիկ երիկամային անբավարարություն ունեցող կոնտակտավորներին: 

COVID-19 պացիենտների հոսպիտալացման ցուցումներն են․ 1) COVID-19-ի թեթև ընթացքը և 60-ից բարձր տարիքը, 2) COVID-19-ը և հղիությունը (COVID-19-ի ախտանշանների առկայության դեպքում, 3) COVID-19-ի թեթև ընթացքը և քրոնիկ սրտանոթային հիվանդություն, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, իմունադեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ, ճարպակալում, քրոնիկ երիկամային անբավարարություն, 4) միջին ծանրության ընթացքը (թոքաբորբ առանց հիպոքսիայի), որի նշաններն են․ ա․ բարձր ջերմություն, սովորաբար 38 °C-ից բարձր, բ․ շնչառական ախտանիշներ, գ․ թոքաբորբի պատկեր ռադիոլոգիական տվյալներով, 5) ծանր թոքաբորբը, որի նշաններն են․ բարձր ջերմությունից և շնչառական ախտանիշներից բացի հետևյալ ≥1 նշանների առկայությունը․ ա․ շնչառության հաճախություն` ≥30/րոպե (մեծահասակներ), բ․ արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93%, գ․ 24-48 ժամվա ընթացքում թոքային դաշտի >50% ընդգրկող ինֆիլտրատներ, 6) կրիտիկական վիճակները (շնչառական անբավարարություն, սեպտիկ շոկ և/կամ բազմաօրգանային անբավարարություն):

Հաստատված COVID-19-ով պացիենտը հոսպիտալացվում է, եթե արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93% և/կամ շնչառության հաճախությունը >22/րոպե:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին