6 C
Yerevan
4 Դեկտեմբերի, 2020
117984 By Google Analytics 03.12.2020
Գլխավոր » Մինչ Էրդողանը հերքում է Արցախի դեմ պատերազմում ահաբեկիչներ բերելու փաստը, միջազգային հանրությունը հաստատում է
Քաղաքականություն

Մինչ Էրդողանը հերքում է Արցախի դեմ պատերազմում ահաբեկիչներ բերելու փաստը, միջազգային հանրությունը հաստատում է

Մինչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է հերքել Սիրիայից վարձկան ահաբեկիչներին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ մղվող մարտերում ներգրավվելու փաստը` միջազգային մամուլն օր օրի նոր իրողություններ է հրապարակում:

Երեկ` հունիսի 14-ին, The Wall Street Journal լրատվամիջոցն անդրադարձել է Թուրքիայի կողմից ահաբեկիչներ ներգրավվելու փաստին: Թերթի հետ զրույցում վարձկան գրոհայիններից մեկն ասել է, որ Սիրիայից կռվողները 100 հոգանոց խմբերով դեռևս սեպտեմբերի կեսին գնացել են մասնակցելու Արցախի դեմ մարտերին: Գրոհայինների խմբի հետ կապ ունեցող մեկ այլ սիրիացի ևս հաստատել է, որ հարյուրավոր մարդիկ են Սիրիայից գնացել Արցախի դեմ կռվելու, բայց շատերն էլ հետ են վերադարձել կատաղի մարտերից անհանգստացած:  The Wall Street Journal-ը զրուցել է նաև սիրիացի գրոհայիններին ցուցակագրող անձի հետ, ով ասել է, որ Արցախի դեմ պատերազմելու համար սիրիացի գրոհայիններին գայթակղում է ամսական մինչև 2000 դոլար վարձատրությունը, ինչը Սիրիայի փլուզված տնտեսության պարագայում մեծ գումար է:

Էրդողանի անմիջական մասնակցությունն Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրահրած պատերազմին և Սիրիայից ահաբեկիչներ բերելու փաստին անդրադարձել էր նաև Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը. «Մենք վստահ կարող ենք ասել, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղում օգտագործում է ահաբեկիչներ Սիրիայից և այլ երկրներից»,-ասել էր նա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նույնպես մտահոգություն են հայտնել ահաբեկիչների և Թուրքիայի ներգրավվածությանն այս պատերազմում:

«Ավելի քան 300 սիրիացի գրոհայիններ Թուրքիայի Գազիանթեփ քաղաքով տեղափոխվել են Բաքու»,-ասել էր Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ու հավելել, որ գրոհայինների ինքնությունը ճշտված է` նրանք Հալեպ քաղաքում գործող խմբավորումներից են:

Ավելի վաղ` պատերազմի հենց չորրորդ օրը, Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերվեն Սիրիայից և Լիբիայից բերված ահաբեկիչներն ու վարձկանները. «Մենք խորապես մտահոգված ենք այդ գործընթացներով, որոնք ոչ միայն հանգեցնում են էսկալացիայի սրմանը հակամարտության գոտում, այլ երկարատև վտանգ են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար»,-ասված էր հայտարարությունում:

Նշենք, որ օրերս Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտնեց, որ Գրոզնիի Հոկտեմբերյանի շրջանում իրականացված հակաահաբեկչական գործողությունների ընթացքում անօրինական զինված կազմավորումների 4 մասնակից է չեզոքացվել, որոնք պլանավորել էին մի շարք ահաբեկչական գործողություններ տվյալ շրջանի տարածքում: Կադիրովը նաև հրապարակել էր նրանց լուսանկարներն ու գրել, որ դեպքի վայրից առգրավվել է զինամթերք և կապի միջոցներ:

Այն փաստը, որ Թուրքիան ուժեղացնում է Ադրբեջանին` ընդգծել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն. «Ես հենց այսօր առավոտյան կարճ զրույց եմ ունեցել նախագահ Թրամփի հետ: Մենք հետևում ենք զարգացումներին, թե ինչ է տեղի ունենումայնտեղ… Արձանագրել ենք, թե ինչպես է Թուրքիան սկսել ուժեղացնել Ադրբեջանը: Մենք հորդորել ենք յուրաքանչյուր միջազգային խաղացողի զերծ մնալ ներգրավումից տարածաշրջանում և չշարունակել խնդիրներ ստեղծել: Եվ մենք օգտագործում ենք մեր դիվանագիտական գործիքակազմը ՝ փորձելով հասնել այն արդյունքին, ըստ որի կդադարի կրակը և խնդիրը կկարգավորվի միջազգային իրավունքի հիման վրա»,-այսպես էր արտահայտվել ԱՄՆ պետքարտուղարը հոկտեմբերի 14-ին լրագրողի հետ զրույցում: 

Արցախի դեմ մղվող պատերազմում Ադրբեջանը չի բավարարվում Թուրքիայի ռազմական տեխնիկայի աջակցությամբ ու վարձկան ահաբեկիչներին մարտի դաշտ ուղարկելով: Ադրբեջանի կողմից` իսրայելական արտադրության անթույլատրելի ռումբերով հրթիռակոծվում են նաև Արցախի քաղաքացիական բնակավայրերը: Այս մասին տեղեկատվություն է հրապարակել Amnesty International մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպությունը: Կազմակերպության փորձագետների ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ Ադրբեջանն իսրայելական արտադրության արգելված կասետային ռումբեր է կիրառել Ստեփանակերտի հրթիռակոծման ժամանակ: Փորձագետները շեշտել են, որ կասետային ռումբերի օգտագործումն արգելված է Միջազգային մարդասիրական օրենսդրությամբ և դրանց օգտագործումը քաղաքացիական բնակավայրերի վրա բավական վտանգավոր և անթույլատրելի է:

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Ֆրանսիական ընկերությունը Արցախին փրկարարական ավտոմեքենաներ կնվիրաբերի

Անի Գրիգորյան

Հայաստանում և Արցախում ապաստանած շուշեցիները կացարանի խնդիր ունեն

Անի Գրիգորյան

Անկարան ակնկալում է, որ ԱՄՆ-ը Բայդենի օրոք C-400-ի հետ կապված հարցը կլուծի առանց պատժամիջոցների

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին