29 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91068.8 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » Մինսկի խմբի շահերից չի բխում կողմերից որևէ մեկի դիրքորոշմանը առավելություն տալը, նրանք Ադրբեջանի պարզունակ շանտաժներով չեն քաղաքականություն վարում․ Տարոն Հովհաննիսյան
Քաղաքականություն

Մինսկի խմբի շահերից չի բխում կողմերից որևէ մեկի դիրքորոշմանը առավելություն տալը, նրանք Ադրբեջանի պարզունակ շանտաժներով չեն քաղաքականություն վարում․ Տարոն Հովհաննիսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ը զրուցել է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ՝ հուլիսի 6-ին, տարբեր հեռուստաընկերությունների հետ զրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության վերաբերյալ։

Նշենք, որ Ալիևի խոսքով Արցախի հարցում չկան առարկայական բանակցություններ, և ըստ նրա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսներից ոչ մի օգուտ չկա, և դա միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության իմիտացիա է։

-Պրն Հովհաննիսյան, խնդիրն ինչու՞մն է, որ Հայաստանը չի դժգոհում, բայց Ալիևը դժգոհում է, և արդյո՞ք այս խոսքերը մեսիջ են ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբին։

-Նախկինում ևս եղել են դեպքեր, հայտարարություններ երբ որ ադրբեջանական կողմը ուղղակիորեն կամ անուղղակիերոն դժգոհել է Մինսկի խմբի գործունեությունից։ Դա մի քանի նպատակ է հետապնդում։ Առաջին հերթին, երբ որ ադրբեջանական կողմը խոսում է «կարգավորման» մասին՝ ի նկատի ունի այնպիսի լուծում, որը բացառապես ձեռնտու է ադրբեջանական կողմին: Իրենց հայտարարած դիրքորոշումից մի փոքր շեղումն էլ իրենց համար արդեն առնվազն հռետորաբանության մակարդակում կարգավորում չէ խնդրի կամ խնդրի կարգավորման «ձախողում» է։ Նմանատիպ խնդիրները ստեղծողը իհարկե ադրբեջանական կողմի նմանատիպ դիրքորոշումն է՝ առնվազն հայտարարությունների մակարդակում, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը միջնորդական առաքելությունն է, ոչ թե կողմերից որևէ մեկին ստիպելը, որ ընդունի մյուս կողմի բոլոր ներկայացված պահանջները։ Բնականաբար նման մանդատ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները չունեն և չեն կարող ունենալ։ Հենց սրանից են բխում բանակցային գործընթացի թե՛ խափանումները, թե՛ առկա և ակնկալվող բոլոր խնդիրները նախկինում, ներկայում և ապագայում։ Կարգավորման գործընթացը ենթադրում է փոխզիջումային ճանապարհ։ Իսկ փոխզիջում բառը արդեն իսկ հուշում է, որ կողմերից յուրաքանչյուրը իր դիրքորոշումից որոշակի հետ քայլ պետք է իրականացնի, որոշակի զիջում իրականացնի ինչ-որ բան ստանալու դիմաց հակառակորդ կողմից։ Եվ ենթադրվում է, որ նմանատիպ կարգավորումը կարող է տեսականորեն լինել հարատև, այսինքն հենց դա կարող է լինել կարգավորման բանալին։ Բայց, քանի դեռ Ադրբեջանը նմանատիպ դիրքորոշում ունի, թե՛ հռետորաբանության մակարդակում, թե՛ ռազմական սանդրանքների գնալու ճանապարհով է իր ունեցած դիրքորոշումը հաստատում, բնականաբար որևէ կարգավորման մասին խոսք լինել չի կարող։ Եվ նշված պարագայում ԵԱՀԿ Մինսկի համանախագահները չեն կարող լիարժեքորեն իրականացնել իրենց միջնորդական առաքելությունը։

Այսինքն առաջին հերթին ադրբեջանական կողմն է նմանատիպ դիրքորոշմամբ խափանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների միջնորդական առաքելությունը։ Ադրբեջանական կողմը դա շատ լավ հասկանում է ու փորձում է նախահարձակ լինել նաև այդ կառույցի վրա ու որոշակիորեն շանտաժի լեզվով խոսել Մինսկի խմբի համանախագահների հետ՝ փորձելով այդպիսով բացառել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդհակառակը ադրբեջանական կողմի առջև դնեն այն հարցը, որ նմանատիպ դիրքորոշումը Ադրբեջանի ունեցած, և նմանատիպ քայլերը խափանում են հենց իրենց ունեցած միջնորդական ջանքերը և թույլ չեն տալիս մեռյալ կետից առաջ գնալ։ Մյուսը՝ Ադրբեջանը, փորձում է հայկական կողմին ներկայացնել որպես ագրեսոր, որը իբր զավթել է մեկ այլ պետության տարածք, և փորձում են այսպես ասած հող նախապատրաստել ցույց տալու համար, որ իրենք իրենց ասած այդ «ագրեսիայի» հետևանքները կարող են վերացնել միայն ռազմական ճանապարհով։

-Եթե այնուամենայնիվ Ադրբեջանը շարունակի պնդել, որ բանակցություններում չկան առարկայական լուծումներ, և հրաժարվի մասնակցել բանակցություններին՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն։

-Ադրբեջանական կողմը չնայած իր այս հայտարարություններին պարզ հասկանում է, որ ինքը չի կարող հրաժարվել բանակցություններից, որովհետև բանակցություններից հրաժարումը Ադրբեջանի կողմից կնշանակի ոչ կառուցողական դիրքորոշման մոտեցման ցուցաբերում։ Իսկ դա իր հերթին կնշանակի, որ նույն միջազգային հանրության Մինսկի խմբի համանախագահների շրջանում, որից պատկերավոր ասած ադրբեջանական կողմը ջանում է ստանալ այդ «դաբրոն»՝ ռազմական ճանապարհով խնդիրը կարգավորելու՝ ընդհակառակը, շատ ավելի բացասական կտրամադրվի հենց ադրբեջանական կողմի նկատմամբ, որովհետև դա խփում է առաջին հերթին այդ երեք միջազգային խոշոր խաղացողների հեղինակությանը, որովհետև իրենք այս բանակցությունների սեղանին դրել են իրենց հեղինակությունը և միջազգային կշիռը, ու իրենց նպատակը միջնորդական առաքելություն իրականացնելն է։ Իսկ եթե կողմերից մեկը հրաժարվում է բանակցային գործընթացից, ապա նշանակում է, որ դրանով ձախողում է այս բոլոր տարիների ընթացքում իրենց իրականացրած առաքելությունը, և իրենց առջև դրված նպատակները։ Այս պարագայում բացառվում է, որ ադրբեջանական կողմը կարող է գնալ ռազմական ճանապարհով լուծման և հաջողել, որովհետև դրան կարող են անմիջապես հաջորդել Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից Ադրբեջանի նկատմամբ տեսական պատժամիջոցները, սահմանափակումները, և այդ պարագայում ադրբեջանական կողմն արդեն ռիսկի կդիմի շատ բարդ իրավիճակում հայտնվելու։ Դրա համար իրենք իրենց քաղաքականությունը հիմնում են նրա վրա, որ երբեք չեն հարձակվում՝ անգամ ապրիլյան մարտական գործողությունների դեպքում իրենք փորձում են խուսանավել և ներկայացնել, որ իբր իրենք հակագործողություն են իրականացրել, բայց ոչ երբեք հարձակողական գործողություններ։

-Ալիևի այս հայտարարությունը հնարավո՞ր է ազդեցություն ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա, և ի օգուտ Ադրբեջանի գնա բանակցությունները։

-Չեմ կարծում որևէ մեկը մտածում է, որ Մինսկի խմբի համանախագահ երկները նման պարզունակ շանտաժներով են իրենց քաղաքականությունը վարում, որովհետև ամեն դեպքում Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան միջազգային հարթակներում ամենավերջին խաղացողները չեն, եթե ոչ ամենաառաջիններից են՝ բնականաբար։ Եվ բազմաթիվ տեղերում իրենք ունեն իրենց շահերը, իրենց արտաքին քաղաքականությունը ու իրենց ազդեցության լծակները։ Այսինքն այնպես չէ, որ տեսականորեն Ադրբեջանի նման մի պետություն կամ այլ պետության ղեկավարը կարող է շանտաժ իրականացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա և վերջիններս դրանից ելնելով փոխեն իրենց քաղաքականությունը ու ամբողջությամբ՝ միակողմանիորեն սկսեն սատարել Ադրբեջանի հավակնությունները, որովհետև առաջին հերթին իրենք շատ պարզ հասկանում են, որ այդպիսով խնդրի որևէ կարգավորում հնարավոր չէ։ Երկրորդը՝ իրենք ունեն իրենց շահերը, իրենց տեսակետները և այդ շահերից համենայն դեպս այս պահին չի բխում կողմերից որևէ մեկի դիրքորոշմանը բացարձակ առավելություն տալը՝ ոչ Հայաստանի, ոչ Արցախի, և ոչ Ադրբեջանի։

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Ադրբեջանում մահացել է Պաշտպանության նախարարի նախկին տեղակալը. վարկածը սրտի անբավարարությունն է

Նատա Հարությունյան

Ադրբեջանի պլան «Բ»-ն

Նատա Հարությունյան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կքննարկվի Ադրբեջանի ագրեսիան ուշադրության տակ պահելու մասին օրինագիծը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին