20 C
Yerevan
30 Սեպտեմբերի, 2020
101472 By Google Analytics 28.09.2020
Գլխավոր » Միջազգային հանրությունը դրական է վերաբերվում հայաստանյան բարեփոխումներին
Վերլուծական

Միջազգային հանրությունը դրական է վերաբերվում հայաստանյան բարեփոխումներին

Հեղափոխությունից ի վեր եվրոպական կառույցները և մասնավորապես Երևանում ԵՄ դեսպանությունը առանցքային դերակատարում ունեն բարեփոխումների գործընթացում։ Հատկանշական է, որ այն դրսևորվում է ոչ միայն կոնկրետ ծրագրերով, պատկառելի օժանդակության տրամադրմամբ, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ մշտական և արդյունավետ կապով, այլև երկրի ներսում հաճախակի հրապարակային խոսքով։

Այս հարցում առանձնանում էր ԵՄ նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով թե՛ հեղափոխությունից առաջ, և թե՛ հեղափոխությունից հետո չէր խնայում իր ջանքերը ժողովրդավարական օրակարգը առաջ տանելու ուղղությամբ։

Հիշեցնեմ, որ հենց նա էր առաջնային դերակատարը  2015 թ․, երբ ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը կարողացան պարտադրել նախկին իշխանությանը բարելավել ընտրական օրենսգիրքը։ Անշուշտ, այն ժամանակ իշխանությունը շեշտը դրել էր այսպես կոչված ռեյտինգային ընտրակարգի վրա, և դրանով, փաստորեն, չեզոքացրեց այն դրական փոփոխությունները, որ ԵՄ և եվրոպական ինստիտուտների օգնությամբ արել էր հասարակությունը Հայաստանում։

Հեղափոխությանը հաջորդած ժամանակահատվածում ԵՄ պատվիրակությունը նույնպես ակտիվ օժանդակել է ժողովրդավարական գործընթացներին Հայաստանում։ Նախ վարչապետի այցն ու ԵՄ բարձր ղեկավարության հետ հանդիպումները կազմակերպելով 2018 թ․-ի ամռանը, ապա որդեգրելով միանգամայն կառուցողական դիրք՝ թե՛ հոկտեմբերի 2-ին քաղաքական ճգնաժամի և թե՛ 2019թ․ մայիսին դատարանների առջև իրականացված բողոքի գործողությունների կապակցությամբ։ Դեսպան Սվիտալսկին, ԵՄ երկրների այլ դեսպանների հետ, կարողացավ ապահովել այնպիսի արձագանք Բրյուսելից, որը միանշանակ աջակցություն էր հայտնում ՀՀ իշխանության նախաձեռնություններին և գործողություններին։

Դրան հաջորդեց ԵՄ մասշտաբային աջակցությունը դատաիրավական ոլորտում բարեփոխումների ծրագրին։ Նշանակալի նյութական օժանդակությունը, ինչպես նաև մեթոդաբանական, փորձի փոխանակման և քաղաքական աջակցությունը կօգնեն Հայաստանին հնարավորինս արագ և արդյունավետ իրագործել բարեփոխումների օրակարգը։

Այս ամենի հետ միասին եվրոպացի դիվանագետները ակտիվ շփվում են լրատվամիջոցների հետ՝ բացատրում իրենց առաքելության յուրահատկությունները, Հայաստանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ իրենց մոտեցումները, երբեմն, նույնիսկ մեզանում ընթացող բարեփոխումների ընթացքը։

Միանգամայն գովելի է, որ նույն հրապարակային ոճն է որդեգրել նաև ՌԴ դեսպանությունը Հայաստանում՝ դեսպան Կոպիրկինը․ այն է՝ շատ ավելի հաճախ է հանդես գալիս հրապարակային հայտարարություններով, մամուլի ասուլիսներով, ինչը միանշանակ դրական փոփոխություն է ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության գործունեության մեջ։

Բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի օրերս ճեպազրուցի ընթացքում հայտնած դիրքրորշումները։ Դեսպանի զուսպ ու հավասարակշիռ գնահատականները միանգամայն հասկանալի էին Հայաստանի հասարակության համար: Նա հայտնեց ԵՄ աջակցությունը Հայաստանի իշխանություններին, օժանդակությունը իրավական ոլորտում ընթացող բարեփոխումներին: Ընդգծված գոհունակությամբ խոսեց քաղաքացիական հասարակության հետ գործակցությունից, իրականացվող մի շարք ծրագրերից։ Խոսելով մարդու իրավանքների պաշտպանության մասին, դեսպան Վիկտորինը նկատեց, որ կարող է համեմատել նախկինում ստեղծված իրավիճակի հետ (2008-2011թթ․ Վիկտորինը Հայաստանում էր որպես Գերմանիայի դեսպան)։

Նա միանշանակ բարելավում էր տեսնում այդ ոլորտում։ Հայաստանում գտնվելու 4 ամսվա ընթացքում, դեսպանը տպավորված էր դատաիրավական ոլորտում բարեփոխումների ընթացքից, ինչպես նաև կառավարության ցուցաբերած կամքից և ներգրավվածությունից կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության՝ նախ մշակման ապա և իրագործման հարցում։ Դեսպանը ընդգծեց, որ լրատվամիջոցները ազատ են, դրանով զրոյացնելով հայտնի շրջանակների անհիմն հարձակումները իշխանության հասցեին։

Հասկանալի է, որ օտարերկրյա դիվանագետները չեն կարող խոսել Հայաստանում տեղի ունեցեղ զարգացումների մասին այն ձևակերպումներով, ինչպես դա կանեին մերոնք։ Այնուամենյանիվ, վստահ ենք, որ հրապարակային հայտնած դիրքորոշումները, աջակցությունը՝ շատ կարևոր են և մենք էլ պետք է նախանձախնդիր լինենք այս հարցում, հատկապես, երբ մեզանում տեղի ունեցող զարգացումները միանգամայն հասկանալի և ողջունելի են մեր գործընկերների կողմից։

Նմանատիպ Հոդվածներ

ԵՄ-ն ՀՀ-ին 30 մլն եվրո աջակցություն կտրամադրի դատական ոլորտի բարեփոխումների համար (տեսանյութ)

Նատա Հարությունյան

COVID-19-ի բացասական հետևանքները մեղմելու նպատակով ԵՄ-ն ՀՀ կառավարությանը կհատկացնի 30 մլն եվրո

Անի Գրիգորյան

ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ կհամագործակցի պատվաստանյութերի գծով, չնայած COVAX-ին մասնակցելուց նրա հրաժարվելուն

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին