23 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91958.4 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » Միջազգային մոնիթորինգ անցկացնելու ԵԱՀԿ փորձը (Մաս 2)
Այլ Լուրեր

Միջազգային մոնիթորինգ անցկացնելու ԵԱՀԿ փորձը (Մաս 2)

հետևեք մեզ նաև Telegram-ում

Գաղտնիք չէ, որ մենք ապրում ենք բավականին անկայուն տարածաշրջանում, և անվտանգության հարցը մշտապես օրակարգում է՝ հաշվի առնելով, թե որ երկրներն են սահմանակից այս տարածաշրջանին, որտեղ ցանկացած էսկալացիա կարող է բերել շատ լուրջ հետևանքների ամբողջ Մերձավոր Արևելքի համար: Հետևանքների, որոնք  անհնարին կդարձնեն ոչ միայն երկու երկրների խաղաղ գոյակցությունը, այլև գոյությունն ընդհանրապես:

Մինսկի խմբի համանախագահներն այս օրերին կոչ արեցին անհապաղ վերսկսել կողմերի միջև առարկայական բանակցությունները: Բայց, եթե թնդանոթները չեն լռում, ինչպե՞ս կարելի է վերսկսել առարկայական բանակցություններ: ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է կատարի իր աշխատանքը առանց հետագա ռազմական սադրանքների, որոնք, միանշանակ, խանգարում են բանակցային գործընթացին: Ավելին, անհնարին են դարձնում այն: Որևէ բովանդակային բանակցությունների անհրաժեշտ նախապայման պիտի լինեն անվտանգային հարցերը` սկզբից անվտանգություն, հետո բանակցություններ և մնացած ամեն ինչը: Իսկ զինադադարի ռեժիմի պահպանումը այդ անվտանգության մթնոլորտի անհրաժեշտ պայմանն է: Ուստի, բանակցային գործընթացի առարկայական առաջընթացի համար անհրաժեշտ է անմիջապես մշակել և ներդնել զինադադարի ռեժիմի պահպանման վստահելի միջազգային համակարգ։ Այո, Ադրբեջանի՝ արդեն իսկ հայտնի դիրքորոշման պատճառով այդ գործընթացը հեշտ և արագ չի լինի, բայց մի օր դա պետք է սկսել և, անշուշտ, նախաձեռնությունը պիտի լինի մեր կողմից։ Կարևորը նաև այն է, որ այդ գործընթացի արդյունքները հայկական կողմի համար ստեղծելու են, այսպես կոչված, win-win (շահեկան ամեն դեպքում) իրավիճակ.

  • հաջողության և այդ համակարգի ներդնման դեպքում, մենք կունենանք անվտանգության շատ ավելի բարձր մակարդակ;
  • գործընթացի տապալման դեպքում հայկական դիվանագիտությունը պետք է ամբողջ աշխարհին ի ցույց դնի Ադրբեջանի ոչ կառուցողական ու ագրեսիվ պահվածքը, և այսուհետ միջազգային հանրության աչքերում իրավիճակի ցանկացած սրացման դեպքում մեղավոր պետք է ճանաչվի միայն ու միայն Ադրբեջանը։

Մեր օրակարգի առաջխաղացման հնարավոր տարբերակներ

Եվ ուրեմն, ինչպես նշել էինք, այն կազմակերպությունը, որը զբաղվում է ԼՂ հակամարտության կարգավորման և զինադադարի մոնիթորինգի հարցերով, այն է` ԵԱՀԿ-ն, կուտակել է զինադադարի ռեժիմի պահպանման իրական մոնիթորինգի ահռելի և ունիկալ փորձ: Սակայն, ելնելով ԵԱՀԿ շրջանակներում որոշումների ընդունման կոնսենսուսի սկզբունքից, առաջին հայացքից, անհնարին է թվում ԵԱՀԿ կողմից լայնածավալ, ընդգրկուն և տեխնիկապես հագեցած մոնիթորինգի վերաբերյալ որոշման ընդունումը: Նման թանկարժեք առաքելությունները, նախևառաջ, կախված են բյուջեից: Իհարկե, նաև մարդկային ռեսուրսներից: Այստեղ հարկ է նշել, որ ԵԱՀԿ տրամաբանությամբ, ցանկացած գործողություն ծրագիր է, որը պիտի ունենա ֆինանսավորում, մարդկային ռեսուրս, կառավարում և այլն: Որևիցե ծրագրի վերաբերյալ քաղաքական «դաբրոյի» բացակայության դեպքում, կիրառվում է վետոյի իրավունքը, որը, բացի ամենից կիրառվում է նաև նշված տարրերից մեկի` ֆինանսավորման հարցում: Ինչը, անշուշտ, մեր դեպքում կկիրառի Ադրբեջանը: Բայց իրավիճակն այդքան էլ անհուսալի չէ և, միգուցե, կան ելքեր: Իրոք, վերջին տարիներին, որոշ պետություններ այս կամ այն հարցի վերաբերյալ իրենց անհամաձայնությունը արտահայտում են ֆինանսական լծակի օգտագործմամբ, օրինակ՝ չհաստատելով բյուջեն: Տարիներ առաջ, Ադրբեջանը փակել տվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հենց բյուջեն չհաստատելու միջոցով: Դա այն դեպքում, երբ հայկական կողմը դեմ չէր, որ ԵԱՀԿ-ն շարունակի գործել Հայաստանի տարածքում: Նմանատիպ օրինակներից էր նաև, Վրաստանում տեղակայված Սահմանային Դիտորդական Առաքելությունը, որը ֆինանսավորվում էր ԵԱՀԿ հիմնական բյուջեից և Ռուսաստանում Վ. Պուտինի, իսկ Վրաստանում Մ. Սաակաշվիլիի իշխանության գալուց և վրաց-ռուսական հարաբերությունների հերթական սրացումից հետո, փակվեց Ռուսաստանի կողմից՝ բյուջեն չհաստատելու միջոցով:

Առաջին հայացքից աննորմալ երևույթ է, երբ մի երկրի տարածքում ԵԱՀԿ գործունեությունը կամ այդ պետության համար շատ օգտակար ծրագրերը կասեցվում են մեկ այլ երկրի կողմից: Եվ հենց այդ անհեթեթ կարգավորումը շտկելու նպատակով ժամանակին ԵԱՀԿ-ում ստեղծվեց այսպես կոչված, արտաբյուջետային ծրագրերի համակարգ: Ճիշտ է, հայկական կողմը ժամանակին որոշ վերապահումներ ուներ այդ համակարգի վերաբերյալ` ծրագրերի իրականացման վայր հանդիսացող երկրի համաձայնության անհրաժեշտության տեսակետից: Բայց դա այլ թեմա է: Ինչպես արդեն նշել էինք, ԵԱՀԿ ցանկացած գործողություն ի վերջո ծրագիր է, ներառյալ Կասպրշիկի գրասենյակի գործունեությունը կամ այդ գործունեության շրջանակներում իրականացվող որևիցե գործողություն` առաքելության ընդլայնում, տեխնիկական միջոցներ և այլն: Եվ այստեղ մեզ համար կարող է բացվել հնարավորությունների պատուհան, այն է` ընդլայնված մոնիթորինգի և հետաքննական մեխանիզմների ներդնման ֆինանսավորումը ապահովել արտաբյուջետային աղբյուրներից, օրինակ՝ աշխատանք տանել Սկանդինավյան երկրների հետ`համապատասխան ֆինանսավորման հայթայթման նպատակով: Այստեղ հարկ է նկատել, որ սկանդինավները նաև համեմատաբար չեզոք են, և նրանց թեկնածությունը կարող է դիտարկվել նաև Կասպրշիկին փոխարինելու գործընթացում: Ինչպես արդեն ակնարկել էինք, բացի ֆինանսավորումից, ծրագրի արտաբյուջետային լինելը նաև չեզոքացնում է ԵԱՀԿ-ում ընդունված կոնսենսուսի սկզբունքը: Այսինքն, Ադրբեջանն, ըստ ամենայնի, չի կարող վետո դնել Հայաստանում իրագործվող որևիցե ծրագրի վրա, քանի որ այն որոշվում և ֆինանսավորվում է ֆինանսավորող և ընդունող կողմի համաձայնությամբ: Իհարկե, այստեղ կա մեկ նրբություն` ծրագրի արտաբյուջետային լինելը նշանակում է, որ, արդյունքում, այդ մոնիթորինգը պետք է անցկացվի միայն հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով և միայն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում: Ինչը նշանակում է, որ այն չի կարող անցկացվել Արցախում` շփման գծի երկայնքով: Վերջին իրադարձությունների լույսի ներքո, զինադադարի պահպանման գործում մոնիթորինգը միայն հայ-ադրբեջանական սահմանին նույնպես բավականին լուրջ ձեռքբերում կլինի: Ինչպես նշել էինք, նմանատիպ (սահմանի միայն մի կողմում) մոնիթորինգի առաքելություն էր նաև Վրաստանում տեղակայված Սահմանային Դիտորդական Առաքելությունը, որն, ի դեպ, ֆինանսավորվում էր ԵԱՀԿ հիմնական բյուջեից, ինչն էլ հետագայում` Ռուսաստանում Պուտինի, իսկ Վրաստանում Սաակաշվիլիի իշխանության գալուց հետո և վրաց-ռուսական հարաբերությունների հերթական սրացումից հետո, հնարավորություն տվեց Ռուսաստանին փակել այդ առաքելությունը՝ բյուջեն չհաստատելու միջոցով: Ուկրաինայում տեղակայված Հատուկ Դիտորդական Առաքելության մանդատը նույնպես ընդունվել է կոնսենսուսով, ինչը նշանակում է, որ ցանկացած պահի Ռուսասատանը կարող է փակել այն: Ուստի, չնայած մի շարք կարևոր սահմանափակումների, մոնիթորինգը որպես արտաբյուջետային ծրագիր ընդունելու դեպքում, Ադրբեջանի ազդեցությունը համարյա հավասար է զրոյի:

Արդեն իսկ գոյություն ունեցող որոշ կառույցների վերակեենդանացում

Վերը նշվածն ամենևին չի նշանակում, թե մենք չպիտի փորձենք հասնել զինադադարի ռեժիմի միջազգային մոնիթորինգի ստեղծմանը` ԵԱՀԿ  Մշտական խորհրդի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համաձայնությամբ և շրջանակներում: Եւ այս հարցում պետք է արդյունավետ գործակցություն ծավալվի միջնորդ երկրների հետ նաև երկկողմ մակարդակում: Այնուամենայնիվ, եթե Ադրբեջանը մինչև վերջ դիմադրի, մենք, կարող ենք փորձել արտաբյուջետային ծրագրերի տարբերակը, մանավանդ, որ և՛ Վրաստանում տեղակայված Սահմանային Դիտորդական Առաքելության, և՛ Ուկրաինայում տեղակայված Հատուկ Դիտորդական Առաքելության դեպքում էլ եղել են այդ առաքելությունների որոշ տարրեր, որոնք կրել են արտաբյուջետային ծրագրի բնույթ և ֆինանսավորվել են արտաբյուջետային աղբյուրներից: Ինչ վերաբերում է նման լայնածավալ մոնիթորինգի և հետաքննության մեխանիզմի տեխնիկական հարցերի մշակմանը, ապա կողմերը հնարավորություն ունեն ներգրավել ԵԱՀԿ ևս մեկ մասնագիտացված կառույց, որը ժամանակին ստեղծվել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապագա խաղաղապահ գործողությունների տեղակայման պլանների մշակման համար: Խոսքը, այսպես կոչված` Բարձր մակարդակի պլանավորման խմբի մասին է (HLPG), որը, բաղկացած է հիմնականում զինվորական մասնագետներից, որոնք, ի դեպ, նույնպես մատնված են անգործության, և որոնց պետք է աշխատեցնել ի շահ ԼՂ հակամարտության կարգավորման և տարածաշրջանում անվտանգության մթնոլորտի հաստատման և, հետևաբար, բանակցային գործընթացի խթանման համար:

Եզրափակիչ դրույթներ

Նման արյունալի և լարված հակամարտության դեպքում զինադադարի ռեժիմի լայնածավալ և ընդգրկուն, տեխնիկապես հագեցած մոնիթորինգի միջազգային համակարգի բացակայությունը խոսում է այն մասին, որ միջազգային հանրությունը կարծես մոռացել է այս հակամարտության մասին: Իհարկե, այսօր բոլորը տարված են Դոնբասի խնդրով: Ի վերջո, Ուկրաինան գտնվում է Եվրոպայի կենտրոնում: Բայց գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանը նույնպես բավականին անկայուն է, և անվտանգության հարցը մշտապես օրակարգում է՝ հաշվի առնելով, թե որ երկրներն են սահմանակից այս տարածաշրջանին, որտեղ ցանկացած էսկալացիա կարող է բերել շատ լուրջ հետևանքների ամբողջ Մերձավոր Արևելքի համար: Հետևանքների, որոնք  անհնարին կդարձնեն ոչ միայն տարածաշրջանի երկրների խաղաղ գոյակցությունը, այլև գոյությունն ընդհանրապես: Եվ այս անհերքելի իրողությունները շահագրգիռ դերակատարներին հասցնելու բարդ, բայց, միևնույն ժամանակ, շնորհակալ գործն, անշուշտ, մեր արտաքին գերատեսչության առաջնային անելիքը պետք է դառնա:

Այս կապակցությամբ, հարկ է նշել, որ հուլիսի 18-ին իր առանցքային ելույթում վարչապետ Փաշինյանն ազդարարեց, որ հայկական կողմից ձեռնարկվելու են առարկայական քայլեր «հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիտորինգի միջազգային համակարգի ստեղծման ուղղությամբ»: Ինչպես նախկինում անդրադարձել էինք, այդ հարցը քննարկվել էր դեռևս 2016 թ. Ապրիլյան պատերազմից մեկ ամիս անց` մայիսի 16-ին և 20-ին Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում: Սակայն, գործընթացը զարգացում չստացավ: Ո՛չ խախտումների քննության մեխանիզմը ստեղծվեց, ո՛չ էլ լուծվեց ԵԱՀԿ անձնական ներկայացուցիչ դեսպան Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման հարցը: Ըստ ԱԳՆ խոսնակի, «առկա են անվտանգության և վստահության ամրապնդման ուղղությամբ հստակ առաջարկներ, ներառյալ տեղում միջազգային դիտորդների թվի ավելացումը և նրանց մշտական տեղակայումը, ուղիղ կապը և հրադադարի ռեժիմի ենթադրյալ խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրումը»։ Խոսքը, հավանաբար, գնում է 2016-ին քննարկված առաջարկների մասին, որոնք, ցավոք, Ադրբեջանի կողմից արդեն իսկ մերժվել են և հնացած են: Ներկայումս պետք է մշակվեն զինադադարի պահպանման նոր ընդգրկուն միջոցներ, ինչպես նաև դրանց իրականացմանն ուղղված համապարփակ և ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած մոնիթորինգի նոր համակարգ:

Վերլուծության 1-ին մասն՝ այստեղ

Գարիկ Չիլինգարյան

Նախկին դիվանագետ, ԵԱՀԿ` Վրաստանում Սահմանային Դիտորդական Առաքելության և Ուկրաինայում Հատուկ Դիտորդական Առաքելություն նախկին աշխատակից

Նմանատիպ Հոդվածներ

Միջազգային մոնիթորինգ անցկացնելու ԵԱՀԿ փորձը (Մաս 1)

Սերինե

ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովում կոչ են արել պայքարել կորոնավիրուսի մասին կեղծ լուրերի դեմ

Diana Amirkhanyan

Արտառոց որևէ բան չկա. Զոհրապ Մնացականյանը՝ Թուրքիայի հետ ՄԽ հանդիպման մասին (տեսանյութ)

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին