30 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91955.2 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » Միջազգային մոնիթորինգ անցկացնելու ԵԱՀԿ փորձը (Մաս 1)
Քաղաքականություն

Միջազգային մոնիթորինգ անցկացնելու ԵԱՀԿ փորձը (Մաս 1)

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները վերստին առաջ քաշեցին հակամարտ կողմերի միջև զինադադարի ռեժիմի պահպանման խնդիրը: Ակնհայտ է, որ զինադադարի ցանկացած նման ռեժիմ նախատեսում է նաև այդ ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի համակարգ, որն ինքնին ենթադրում է ռեժիմի խախտման դեպքերի ֆիքսում, այնուհետև հետաքննություն ու խախտող կողմի հայտնաբերում: Հակառակ դեպքում, եթե չկան այս տարրերը, ապա մոնիթորինգի իմաստն ինքնին կորչում է: Այլ հարց է, թե ինչ պիտի հետևի ռեժիմի խախտման մեղավորին հայտնաբերելուց հետո՝ որոշակի պատժամիջոցներ կամ, գոնե միջազգային հանրության կողմից դատապարտում: Բայց այս պահին դա բոլորովին այլ թեմա է:

 Հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով զինադադարի ռեժիմի պահպանման այսպես կոչված մոնիթորինգը, որն իրականացվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի կողմից` վերը նշված տարրերի բացակայության արդյունքում, տարիների ընթացքում կարծես վերածվել է զուտ ձևական, ֆորմալ գործողության: Եվ ներկայիս սահմանային սրացումների պատճառներից մեկն էլ հենց դա է` մոնիթորինգի ձևական բնույթը, ինչի ապացույցներից մեկը նախ այդ մոնիթորինգի հաճախականությունն է` 3-4 ամիսը մեկ անգամ, ընդամենը 5-6 դիտորդի մասնակցությամբ և այլն: Լարվածության թուլացմանը և հրադադարի ռեժիմի խախտումների կանխարգելմանը կարող էր նպաստել շփման գծում միջադեպերի համատեղ հետաքննության վերաբերյալ տարիներ առաջ (2016 թ.) համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական կիրառումը: Չափազանց կարևոր կլիներ նաև հակամարտ կողմերի միջև վստահության ամրապնդման նոր միջոցների մշակումը և կյանքի կոչելը: Բայց արդարության համար պետք է նշել, որ ստեղծված իրավիճակի համար մեղավոր են բոլորը, այդ թվում` հակամարտության կողմերը, և Հայաստանը, և Ադրբեջանը: Սակայն, եթե Ադրբեջանի կամ Կասպրժիկի դեպքում մոնիթորինգին նման անլուրջ վերաբերմունքը հասկանալի է, ապա մեր դեպքում այսօր դա անհանդուրժելի է:

Երկու խոսք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Կասպրշիկի գրասենյակի մասին

Այստեղ, հավանաբար, կարիք կա փոքր ինչ մանրամասն անդրադառնալ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Կասպրշիկի ղեկավարած գրասենյակի առաքելությանը և դրա պատմությանը: Գրասենյակի ադմինիստրատիվ կայանը Թբիլիսիում է, բայց այն ունի փոքր անձնակազմ (1-2 հոգի) նաև Բաքվում, Երևանում և Լեռնային Ղարաբաղում, որոնք հիմնականում զբաղված են ոչնչով, բացառությամբ` 3-4 ամիսը մեկ անգամ անցկացվող, շատ հաճախ՝ ձևական մոնիթորինգը: Գրասենյակի ղեկավարը մշտական կապ է պահպանում հակամարտող կողմերի քաղաքական և ռազմական ղեկավարության հետ: ԵԱՀԿ գործող նախագահը հակամարտության վերաբերյալ տեղեկատվությունը ստանում է հենց դեսպան Կասպրշիկից: Միաժամանակ, այս գրասենյակը ծառայում է որպես կողմերի միջև միջնորդ և ամենակարևորը` պարբերաբար իրականացնում է զինադադարի ռեժիմի պահպանման վերը նշված մոնիթորինգը: ԵԱՀԿ ամբողջ տարածքում այս առաքելությունն ամենաբարձր վարձատրվող առաքելությունն է, որն, ի դեպ, անորոշ ժամանակով դադարեցրել է այցելությունները տարածաշրջան՝ պայմանավորված Covid-19 համավարակով  (հավանաբար դեր է խաղում նաև Կասպրշիկի՝ ռիսկային տարիքում լինելու հանգամանքը): Այո, այս փաստը բավականին զավեշտալի կլիներ, եթե չլիներ այդքան տխուր, մանավանդ, հաշվի առնելով շփման գծում վերջին իրադարձությունները, որոնց ընթացքում այդ գրասենյակի գեթ մեկ ներկայացուցիչ ներկա չգտնվեց սահմանի ոչ այս, ոչ էլ այն կողմում: Ցավոք սրտի, մոնիթորինգի անցկացման համար համավարակը զսպող գործոն դարձավ միայն մեզ համար, քանզի նույն համավարակի պայմաններում Ուկրաինայում տեղակայված ԵԱՀԿ Հատուկ Դիտորդական Առաքելությունը շարունակում է աշխատել 24/7 ձևաչափով և ամենօրյա ռեժիմով, զեկույցների տեսքով, ԵԱՀԿ մասնակից-պետություններին մատակարարում է Դոնբասի հակամարտության վերաբերյալ չափազանց կարևոր տեղեկատվություն, ներառյալ հակամարտ կողմերի միջև զինադադարի ռեժիմի պահպանման, դրա խախտումների, ինչպես նաև այդ խախտումների հետաքննության արդյունքների վերաբերյալ: ԵԱՀԿ մասնակից-պետությունները ամենօրյա ռեժիմով տեղեկանում են զինադադարի ռեժիմի խախտման և խախտող կողմերի վերաբերյալ: 

Այս համատեքստում, իհարկե, շատ կարևոր է առաքելության ղեկավարի` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դերը, որն այդ պաշտոնը ստանձնել է 1996 թվականից: Դեսպան Կասպրշիկը բավականին տարիքով մարդ է և հասկանալի պատճառներով արդեն բավականին հոգնած այս ամենից: Նա, սակայն, տարիներ շարունակ կարողացել է իր շուրջ ստեղծել անփոխարինելի մարդու և հակամարտության գիտակի իմիջ: Գիտա՞կ: Միգուցե: Բայց, անփոխարինելի՞: Չենք կարծում: Արդյունքում, տարիներ շարունակ, կողմերը գտել են, որ ավելի լավ է լինի Կասպրշիկը, քան թե որևիցե նոր, անփորձ, հակամարտության նրբություններից և կողմերի էմոցիոնալ կետերից անտեղյակ մարդ: Կասպրշիկի շուրջ ստատուս քվոն, կարծես թե, միակ ստատուս քվոն էր, որի շուրջ ձևավորվել էր կոնսենսուս: 

Սակայն, հաշվի առնելով ստեղծված նոր իրողությունները և թշնամու օր օրի աճող ռազմատենչ տրամադրությունները` միգուցե ժամանակն է դուրս գալ տարիների ընթացքում ձևավորված կաղապարներից, քարացած դիրքորոշումներից և այստեղ էլ իրականացնել, ինչպես վարչապետն էր ասում, մինի հեղափոխություն և սկսել հարգարժան դեսպան Կասպրշիկին նոր, թարմ, համարձակ և աշխատող դիվանագետով փոխարինելու գործընթացը: Չի կարող 24 տարի նույն աշխատանքն անող մարդը լինել էֆեկտիվ: Էլ չենք խոսում տարիքը և այլն: Վստահորեն, նոր, եռանդով լցված և ամբիցիոզ ղեկավարը հայկական կողմի համար չափազանց կարևոր դաշնակից կդառնա ինչպես այդ առաքելության ընդլայնման, այնպես էլ մոնիթորինգի վստահելի համակարգ ստեղծելու հարցում:

Առաքելության ընդլայնում, Մոնիթորինգի համակարգի և հետաքննության մեխանիզմի ստեղծում

Վրաստան

Ինչ վերաբերում է առաքելության ընդլայնման, մոնիթորինգի համակարգի և հետաքննության մեխանիզմների ներդրման հարցին, ապա, իրավամբ ԵԱՀԿ-ն այն միջազգային կազմակերպություներից է, որն ունի նման մոնիթորինգի համակարգի բավականին հարուստ փորձ: Առաջին նման փորձը եղել է մոտ 20 տարի առաջ Վրաստանում, երբ չեչենական երկրորդ պատերազմի ընթացքում ռուսական ռազմաօդային ուժերը չեչեն գրոհայիններին հետապնդելու պատրվակով ներխուժում էին չեչենական կողմին ոչ պաշտոնապես սատարող Վրաստանի տարածք և գնդակոծում սահմանամերձ գյուղերը, որտեղ, իրոք, երբեմն ապաստան էին գտնում չեչեն վիրավոր գրոհայինները: Ի պատասխան վրացական կողմի բողոքներին` ռուսական կողմը ոչ մի կերպ չէր ընդունում իր կողմից վրացական տարածքի գնդակոծումների փաստերը (ռուսական օդուժն այդ պատժիչ ռեյդերն անցկացնում էր առանց տարբերանշանների ինքնաթիռներով և ուղղաթիռներով): Արդյունքում, վրացական կողմը դիմեց միջազգային հանրությանը և, ի պատասխան օգնության կոչերին, ԵԱՀԿ-ն որոշեց ռուս-վրացական սահմանի չեչենական և դաղստանյան  հատվածների երկայնքով վրացական կողմում (կարևոր է` վրացական կողմում) տեղակայել միջազգային սահմանային դիտորդական առաքելություն: Ի դեպ, հաշվի առնելով, որ ԵԱՀԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսի սկզբունքով, առաքելության տեղակայմանն իր համաձայնությունն էր տվել նաև Ռուսաստանը` ռուս դիտորդների մասնակցության պայմանով: Այդ առաքելության գործառույթներն էին. վրաց-ռուսական սահմանի երկայնքով, լեռնային շրջաններում մշտական հիմքով տեղակայված բազաներից գործող 400-ից ավել դիտորդների և մի քանի ուղղաթիռների միջոցով մոնիթորինգ և պարեկային ծառայություն, անվտանգության իրավիճակի դիտարկում, բոլոր սահմանային միջադեպերի՝  վրացական տարածքի ռմբակոծություն, հրաձգություն, անօրինական սահմանահատումներ, ներառյալ ցամաքային և օդային (ՌԴ օդուժի կողմից), ինչպես նաեւ սահմանամերձ տարածքներում ռազմական և հակաահաբեկչական գործողությունների մոնիթորինգ և դրա վերաբերյալ 27/7 ռեժիմով զեկույցների պատրաստում ԵԱՀԿ Վիեննայի կենտրոնակայանի և 57 մասնակից-պետությունների համար: Նման համապարփակ և ընդգրկուն մոնիթորինգն ուներ նաև չափազանց կարևոր կանխարգելիչ նշանակություն: Արդյունքում, վրացական տարածքի վրա հարձակումների քանակը նվազեց և համարյա զրոյացավ, իսկ սահմանամերձ գյուղերում վերջապես հաստատվեց խաղաղություն: Իհարկե, դրան նպաստեց նաև ՌԴ տարածքում չեչենական պատերազմի ավարտը:

Ուկրաինա (Դոնբաս)

Երկրորդ նման փորձը, ինչպես արդեն նշել էինք, Ուկրաինայում ներկայումս գործող ԵԱՀԿ Հատուկ Դիտորդական Առաքելությունն է, որի մարդկային և տեխնիկական ռեսուրսների առյուծի բաժինը տեղակայված է Դոնբասում և, բացի այլ հարցերից (տեղահանված անձինք, մարդու իրավունքներ և այլն), այս առաքելությունը զբաղված է նաև զինադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգով և խախտումների հետաքննությամբ: Տեխնիկապես ամենահագեցած առաքելություններից մեկն է, որի զինանոցում են. ցերեկային և գիշերային տեսախցիկներ, տեղաշարժի սենսորներ, ԱԹՍ-ներ, դիտորդների տեղակայման ինչպես հիմնական, այնպես էլ առաջնագծին մոտ տեղակայված ենթաբազաներ, ամենագնացների հսկայական պարկ և այլն: Ի դեպ, բացի առաքելության ղեկավարից, Դոնբասի հակամարտության հարցերով նույնպես նշանակված է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, որը հիմնականում զբաղվում է բանակցային հարցերով: Հակամարտության կարգավորման շրջանակներում գործում է նաև Եռակողմ Կոնտակտային Խումբը (ԵԿԽ), որն ունի տարբեր հարցերով (անվտանգության, քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլն) աշխատանքային խմբեր: Որպես օրինակ ներկայացնենք վերջին օրերին ԵԿԽ հերթական հանդիպման ընթացքում զինադադարի պահպանման վերաբերյալ ձեռքբերված բեկումնային պայմանավորվածություները` կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված լրացուցիչ միջոցների վերաբերյալ, որոնց նպատակն է անորոշ ժամանակով ապահովել համապարփակ և կայուն հրադադարը: Նախատեսվում է, որ այդ լրացուցիչ միջոցների իրականացման մոնիթորինգը և տեխնիկական աջակցությունը ապահովում է վերը նշված ԵԱՀԿ Հատուկ Դիտորդական Առաքելությունը: Ստորև ներկայացնենք այդ կապակցությամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հայտարարության մեջ նշված այդ լրացուցիչ միջոցներից միայն մի քանիսը.

  • հարձակողական և հետախուզական-դիվերսիոն գործողությունների արգելում, ինչպես նաև կողմերի ցանկացած տեսակի թռչող սարքերի օգտագործման արգելք;
  • կրակի, ներառյալ դիպուկահարների կիրառման արգելք;
  • բնակավայրերում և նրանց շրջակայքում, հիմնականում քաղաքացիական ենթակառուցվածքների, ներառյալ դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների և հանրության համար բաց տարածքների մոտակայքում ծանր զինտեխնիկայի տեղակայման արգելք;
  • հրադադարի ռեժիմը խախտելու համար կարգապահական միջոցառումների արդյունավետ կիրառում և դրանց մասին ծանուցում ԵԿԽ համակարգողին, որն անմիջապես տեղեկացնում է ԵԿԽ բոլոր մասնակիցներին;
  • հրադադարի ռեժիմի խախտումներին արձագանքելու նպատակով համակարգող մեխանիզմի ստեղծում և գործարկում` հակամարտող կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ;

Ամենահեղափոխական կետերից մեկն էլ հետևյալն է.

  • հարձակողական գործողությունների դեպքում պատասխան կրակը* թույլատրվում է միայն այն դեպքում, եթե այն բացվի Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարության և անջատողականների զորամիավորումների ղեկավարության համապատասխան հրամանով՝ վերը նշված համակարգող մեխանիզմն օգտագործելու անհաջող փորձից հետո: ԵԿԽ-ն կտեղեկացվի նման հրամանների արձակման մասին: 
  • Վերոնշյալ միջոցները չեն կարող լիովին կամ մասնակիորեն չեզոքացվել կամ ուժը կորցրած համարվել կողմերի որևէ այլ հրամանով, ներառյալ գաղտնի:

* Հարձակողական գործողությունների տակ հասկացվում է վերը նշված հայտարարության ընդունման պահին զորքերի դիրքային տեղակայման փոփոխության ցանկացած փորձ, ներառյալ դիրքերի լրացուցիչ ինժեներական ամրապնդում, և (կամ) հակառակորդի ուղղությամբ զինված անձանց ցանկացած առաջխաղացում կամ տեղաշարժում, այդ թվում` հետախուզական կամ դիվերսիոն գործողություններ կատարելու նպատակով:

Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարությունը և անջատողականների զինված կազմավորումները պետք է հրապարակայնորեն հայտարարեն բոլոր նշված միջոցառումները թվարկող հրամանների արձակման մասին և հաստատեն, որ հրադադարի մասին այդ հրամանները համապատասխանում են համատեղ ընդունված այս միջոցներին:

Այլ հարց է, թե ինչ արդյունավետությամբ կիրականացվեն նշված միջոցները, հաշվի առնելով, որ մինչ այս ևս եղել են զինադադարի վերաբերյալ որոշ պայմանավորվածություններ, որոնք ամբողջությամբ չեն պահպանվել: Բայց խնդրո առարկայի լույսի ներքո դա էական չէ, քանզի ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքում անգամ որևիցե քայլ չի արվել այդ ուղղությամբ, բացի, ինչպես նշել էինք, Կասպրշիկի գրասենյակի կողմից արդեն ձևական բնույթ կրող 3-4 ամիսը մեկ անգամ անցկացվող մոնիթորինգի: Այդ իսկ պատճառով, անկասկած, թվարկված միջոցներից անգամ մի քանիսի կիրառումը ղարաբաղյան հակամարտության շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ի զորու են ապահովել անվտանգության շատ ավելի բարձր մակարդակ, քան ունենք այսօր, և Հայաստանը, անշուշտ, պետք է լրջորեն ուսումնասիրի ԵԱՀԿ վերը նշված փորձը և Վրաստանի, և Ուկրաինայի դեպքում: Պետք է հասկանալ, որ ցանկացած մոնիթորինգ, որը կրում է հնարավորինս համապարփակ և ընդգրկուն բնույթ և հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով, միանշանակ կատարում է չափազանց կարևոր զսպող և կանխարգելիչ դեր, ինչն իր հերթին ապահովում է հարաբերական խաղաղություն տարածաշրջանում: Եվ իրավամբ անհասկանալի է, թե ինչու մինչ այս չենք ձեռնարկել քայլեր այս ուղղությամբ: Այո, մենք պատերազմ չենք փնտրում, պատերազմից էլ չենք փախչում, բայց մենք 10 միլիոն բնակչություն ունեցող և իր սեփական ժողովրդի վրա թքած ունեցող Ադրբեջանը չենք, մեզ համար կարևոր և արժեքավոր է ցանկացած հայի, առավել ևս` հայ զինվորի կյանքը։

Շարունակությունը՝ հաջորդիվ 

Գարիկ Չիլինգարյան

Նախկին դիվանագետ, ԵԱՀԿ` Վրաստանում Սահմանային Դիտորդական Առաքելության և Ուկրաինայում Հատուկ Դիտորդական Առաքելություն նախկին աշխատակից

Նմանատիպ Հոդվածներ

Միջազգային մոնիթորինգ անցկացնելու ԵԱՀԿ փորձը (Մաս 2)

Նատա Հարությունյան

ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովում կոչ են արել պայքարել կորոնավիրուսի մասին կեղծ լուրերի դեմ

Diana Amirkhanyan

Արտառոց որևէ բան չկա. Զոհրապ Մնացականյանը՝ Թուրքիայի հետ ՄԽ հանդիպման մասին (տեսանյութ)

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին