Գլխավոր » «Միքայել Մինասյանը ժողովրդի մեջ այնպիսի հետք է թողել, որ անգամ շոու անելով` չի կարողանա ժողովրդին համոզել». Վարդան Աթաբեկյան
Գլխավոր Նորություններ

«Միքայել Մինասյանը ժողովրդի մեջ այնպիսի հետք է թողել, որ անգամ շոու անելով` չի կարողանա ժողովրդին համոզել». Վարդան Աթաբեկյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am֊ը զրուցել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանի հետ։

-Պարոն Աթաբեկյան, որքանո՞վ է այսօրվա ընդդիմությունը, որը հիմնականում բաղկացած է նախկին իշխանության ներկայացուցիչներից` ՀՀԿ֊ից, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից, հակակշիռ գործող իշխանությանը։

-Հակակշիռ չեմ տեսնում, նրանք ընդամենը պայքարում են իրենց տեղը կայուն պահելու և եթե հանկարծ մի բան պատահի, իրենց քաղհալածյալի կոչում տան։ Կարծում եմ` հենց դրա համար է այս հիստերիան, որպեսզի հնարավորություն ունենան վերադառնալու իրենց հին լափամանի սկզբունքին։

-Նրանք ունե՞ն վերադառնալու այդ հնարավորությունը, եթե հաշվի առնենք, որ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն է շատ ակտիվացել։

-Չեմ կարծում, որ շանս ունեն, քանի որ թե նախկիններից յուրաքանչյուրը, թե հենց Միքայել Մինասյանը ժողովրդի մեջ այնպիսի հետք են թողել, որ չեմ կարծում, որ այնպես կարողանան պատրաստվել ու նման շոու անելով կարողանան ժողովրդին հետ համոզել։

-Իսկ այն հայտարարություննե՞րը, որոնք անում է Միքայել Մինասյանը, ինչպես նաև` պարբերաբար հրապարակվող ծավալուն հոդվածները, նրա փորձերը` ինչ֊որ ուժերի համախմբել իր շուրջ…

-Միքայել Մինասյանի մոտ շարունակական բաները չեն ստացվում։ Ինչ֊որ բան են անում, տեսնում են, որ արձագանքը թույլ է, նորից են ինչ֊որ բան անում։ Նրանք տեսնում են, որ իրենց խայծը կուլ տվող չկա, իրենց սպասածը չէ, իրենց հաջորդ քայլը չեն կարողանում կառուցել։ Ընդամենը փորձեր են անում, նորմալ է։

-Այդ փորձերը չե՞ն վախեցնում իշխանությանը։

-Ոչ. իշխանությանը միակ բանը, որ կարող է վախեցնել, դա ժողովրդի մեջ հույսը կոտրելն է, որն էլ միտումնավոր պետք է որոշես անել, որ ինչ֊որ բան ստացվի։

-Ի դեպ, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջարկում է մի նախագիծ, ըստ որի` սահմանվելու է «առողջության հարկ»՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով։ Արդյոք այս առաջարկը դժգոհությունների ալիք չի՞ բարձրացնի և ստեղծի անվստահության մթնոլորտ։

-Նախարարը փորձում է ինչ֊որ լավ բան առաջարկել։ Ժամանակին, երբ ԱՊՊԱ պայմանագրերն առաջարկվում էին, էլի դժգոհության ալիք կար, սակայն  ինչ֊որ ժամանակ անց մարդիկ հասկացան, որ դա լավ բան է. գոնե դիմացի մեքենայի վթարից ինքն ապահովագրվեց։ Հետաքրքիրն այն է, որ միշտ ներկայացվում է` եթե Արսեն Թորոսյանն ուզում է, ուրեմն վերջ, պիտի ընդունվի։ Ինքն ուղղակի իր պատկերացրածը, իր մտադրությունը, իր տեսլականը փորձում է ճիշտ մատուցի մարդկանց։ Հիմա եթե վերջում մարդիկ ճիշտ չեն հասկանա կամ ճիշտ կհասկանան ու կորոշեն, որ դա պետք չէ իրենց, դա չի նշանակում` եթե Արսեն Թորոսյանն ուզում է, ուրեմն դա պետք է լինի. մենք մեր թիմում փորձում ենք նորամուծությունը ներկայացնել` մեր պատկերացրած լավ բանի շրջանակներում։ Եթե նախագծի վերաբերյալ արձագանքներն իրարամերժ լինեն, ապա Արսեն Թորոսյանը հաստատ ունակ է լսելու։ Հանրային քննարկումներ ծավալելու արդյունքն էլ հենց այն է` եթե ինչ֊որ ալիք կա, որ ինքը չի որսացել, չի հասկացել, հակադրվում է իրեն, փորձի շտկում անել։ Մեր իշխանության արածը միշտ դրսի ուժերի կողմից ընկալվում է, իբրև թե` եթե մենք ուզում ենք, ուրեմն վերջ։ Այդպես չէ. մեզ մոտ շատ բան եղել է, որ ուզել ենք, սակայն չի եղել։ Ու չեն չոքել մեր կոկորդին` եթե չի եղել, ուրեմն վատ է։

-Այս հարցի շուրջ ձեր թիմում կա՞ միասնական դիրքորոշում, թե՞ կարծիքները իրարամերժ են։

-Այս հարցը, ճիշտն ասած, դեռ լավ չեմ ուսումնասիրել, ծանոթ չեմ, սակայն ընդհանուր առմամբ հավատացնում եմ ձեզ, որ մեր թիմի ներսում կա թե առողջ քննադատություն, թե քննարկումների վերջում միասնություն։ Մենք ընդդիմության շատ կարիք չունենք, քանի որ մեր ներսում այդ խմորումներն արդեն կան, քանի որ մեզ մոտ չի գործում այն կանոնը` եթե վերևից եկած բան է, դա պիտի լինի։ Մեզ մոտ ամեն ինչ տրամաբանության սկզբունքով է։ Ու սրանք ուղղակի խոսքեր չեն` հաճոյանալու։ Եթե ԱԺ մեր Ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի նիստերին հետևել եք, ապա կհիշեք, որ եղել է դեպք, երբ քննարկել ենք ու որոշել ենք մեր թեկնածուին չընտրենք, քանի որ մասնագիտորեն հասկացանք, որ նա այդ պաշտոնի հարմար չէ։ Դա լավ ապացույց է նրա, որ իմ խոսքերն ուղղակի խոսքեր չեն, այլ հիմք ունենք։

-Քանի որ անդրադարձաք ձեր ներսի ընդդիմությանը, ապա շատ է խոսվում, որ հատկապես ձեր խմբակցության ներսում պառակտումներ կան, նաև`  եթե այս ենթատեքստում հիշենք Ձեր եւ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի վիճաբանությունը, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ այդ խմորումները կարող են վերածվել լուրջ ընդդիմության ու տեղի ունենա պառակտում։

-Ցավն այն է, որ մեր բաց սկզբունքով աշխատելը սխալ է ընկալվում։ Նման կերպ հարցին մոտենալը հնից է գալիս` եթե կա խնդիր, ուրեմն կա պառակտում։ Իրականում, եթե նոր սկզբունքով նայեք այդ ամենին, ապա այս նոր ձևավորված իշխանությունը եկել է նոր բան ստեղծելու և լավ բան անելու համար։ Ես ուրիշների պահով օրինակ չբերեմ, այլ հենց իմ ու Հակոբ Սիմիդյանի վեճի պահով ասեմ, որ մենք վաղեմի ընկերներ ենք, բացի այդ` մեր ընտանիքներն էլ են մտերիմ, մենք նույն դաստիարակությունն ենք ստացել, բացառվում է, որ մենք իրար հետ թշնամանք ունենանք, սակայն երբ մենք ցանկանում ենք ինչ֊որ սկզբունք առաջ տանել ու երկուսս էլ ուզում ենք, որ մոտեցումների մեջ ամեն ինչ լավը լինի, ապա երկուսս էլ մեր սեփական մոտեցումն ունենք ու չենք անում այն, ինչ վերևներում են ասում. մեր կարծիքները սկսում են բախվել։ Եթե այդ բախումը ներկայացնում են, որ կարող է խնդիրներ առաջացնի կամ պառակտման բերի, ապա դա սխալ է։ Ես չեմ ասում` չէ, չէ մեզ մոտ հնարավոր չէ պառակտում, ուղղակի պառակտվենք, որ ի՞նչ անենք առանձին֊առանձին, եթե բոլորը նույն գաղափարներն ունեն։

-Իսկ դա հնարավոր չէ՞, քանի որ այս պարագայում կարող ենք հիշել Արման Բաբաջանյանի օրինակը, որը դուրս եկավ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից` դառնալով անկախ պատգամավոր։

-Բան չունեմ ասելու… Մեր Առաքելյան Էդգարն էլ մանդատը վայր դրեց։ Այսինքն, այնպես չէ, որ Արման Բաբաջանյանը սխալ քայլ է արել. նա կարծում է, որ իբրև անհատ պատգամավոր էլ կարող է մեծ օգուտ տալ։ Ես ոչ նրա, ոչ էլ մեր Էդգար Առաքելյանի քայլերի մեջ վատ բան չեմ տեսել. երկուսն էլ արդարացի պատճառ ունեն։

-Ինչպես հասկացանք Ձեր խոսքից` ձեզ համար առավել կարևոր է ձեր ներսի ընդդիմությունը, սակայն եթե ընդհանուր առմամբ ենք դիտարկում, ո՞վ է այսօր իշխանության համար իսկապես ընդդիմություն։

-Համեմատական առումով, եթե նայենք, ապա «Լուսավոր Հայաստան» ֊ը, որն առավել քաղաքակիրթ է ու ոչ մի կետից չի կառավարվում։

-Բայցևայնպես, տեսանք, որ «Լուսավոր Հայաստան»֊ի ներկայացրած թեկնածուն` Հայկուհի Հարությունյանն ընտրվեց Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ։ Սա արդեն չի՞ խոսում, այսպես կոչված, «գրպանային ընդդիմության» մասին։

-Ուղղակի բախտը բերեց… Ես չէի ցանկանա այս ուժին որակել` որպես գրպանային ընդդիմություն։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին