-2 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115568 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը հույս է հայտնել, որ ԼՂ-ում խաղաղությունը շուտափույթ կվերականգնվի
Այլ Լուրեր

Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը հույս է հայտնել, որ ԼՂ-ում խաղաղությունը շուտափույթ կվերականգնվի

Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ զրույցում հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը շուտափույթ կվերականգնվի: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը՝ նշելով, որ առանձնազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին, երբ դեսպան Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել Մոնակոյի իշխանին:

«Կայացած հանդիպմանը դեսպան Տոլմաջյանը Իշխանին հանգամանալից ներկայացրեց Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ և ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և ագրեսիայի հումանիտար հետևանքները։ Նշելով, որ մեծ մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ Իշխանը հույս հայտնեց, որ խաղաղությունը շուտափույթ կվերականգնվի»,- ասված է հաղորդագրությունում:

Ալբեր Երկրորդը նաև հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի գործունեությունը կնպաստի հայ-մոնեգասկյան բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։

«Դեսպան Տոլմաջյանը նշեց, որ նոր պարտականությունները ստանձնում է երկկողմ միջպետական երկխոսությունն առավել խորացնելու ու հետագա ընդլայնման ուղղությամբ բոլոր ջանքերը ներդնելու պատրաստակամությամբ։ Ալբեր Երկրորդը ջերմությամբ հիշեց 2018թ. Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստան կատարած իր այցը և իր ջերմ ողջույնները խնդրեց փոխանցել բարեկամ Հայաստանի իշխանություններին և ժողովրդին»,- նշված է հրապարակման մեջ:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին