14 C
Yerevan
29 Մարտի, 2020
50760 By Google Analytics
Գլխավոր » Մտորումներ ստեղծված իրավիճակի մասին
Գլխավոր Նորություններ

Մտորումներ ստեղծված իրավիճակի մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Այն ինչ տեղի է ունենում աշխարհում կորոնավիրուսի և նավթային պատերազմի պատճառով անսպասելի և անկանխատեսելի էր՝ իր մասշտաբներով և ընդգրկվածության առումով: Դեռ վաղ է նունիսկ նախնական գնահատականներ տալ մարդկությանը հասցված վնասի չափերի, ինչպես նաև ուղղակի և անուղղակի հետևանքների մասին, համոզված ենք դրա ժամանակը կգա և մասնագիտական վերլուծությունների պակաս չի լինի: Այսօր օրհասական է վիճակը կառավարելի դարձնելը, նոր «սև կարապներ»-ի անակնկալներից հնարավորինս խուսափելը:

Տնտեսական խնդիրները, որ այսօր արդեն վերածվել են ճգնաժամի, տեսանելի էին և լուծումներ էին պահանջում: Համաշխարհային ֆինանսական վերջին ճգնաժամից հետո անցած 12 տարիները նոր խնդիրների առջև կանգնեցրին պետություններին, կարգավորող մարմիններին, գործարար շրջանակներին, պարզապես սովորական քաղաքացիներին: Ճգնաժամը այդպես էլ վերջնական լուծում չտվեց տնտեսական խնդիրներ ծնող պատճառները հայտնաբերելու և վերացնելու համար։ Ընդհակառակը՝ այն մեթոդները, որոնք ուղղված էին ճգնաժամի հաղթահարմանը, նպատակ ունեին դրամավարկային գործիքակազմի օգնությամբ կայունացնելու ֆինանսական համակարգը: Այդ միջոցառումներն, ըստ էության, նպատակ ունեին երկարժամկետ հատվածում փողի զանգվածի ավելացման միջոցով շուկայում հավասարակշռություն ապահովել: Հասկանալի էր, որ գոյություն ունեցող խնդրի լուծման այդ մեթոդը ժամանակավոր արդյունք էր տալու: Դա էր պատճառը, որ վերջին հինգ տարիների ընթացքում համաշխարհային տնտեսությունն, ըստ էության, գտնվում էր ստագնացիոն (լճացման) վիճակում, որը հատկապես բնորոշ էր հենց ֆինանսական հատվածին: Տնտեսության աշխուժացման նպատակով կենտրոնական բանկերը ստիպված էին նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքները ընդհուպ հասցնելով զրոյի, իսկ առանձին դեպքերում սահմանել նաև բացասական դրույքաչափ, և դեպոզիտների բացասական դրույքաչափը ժամանակի ընթացքում դարձավ սովորական երևույթ: Սա էլ ի վերջո այլևս չկատարեց տնտեսության խթանիչի իր դերը: Այս ամենը համաշխարհային տնտեսական, ֆինանսական նոր ճգնաժամի սկզբի ահազանգ էր:

Այս իրավիճակում աշխարհն անցյալ տարվա վերջից՝ կորոնավիրուսի արագ տարածման պայմաններում, կանգնեց մի նոր փորձության առջև: Այս իրավիճակը, թերևս աննախադեպ է իր ընդգրկվածությամբ, ազդեցության չափերով, և պահանջում է համատեղել մարդկանց առողջության անվտանգությանն ուղղված արտակարգ միջոցառումները տնտեսության առողջացմանն ուղղված քայլերի հետ: 

Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով նաև մեր երկրի համար նոր մարտահրավերները հաղթահարելու կարևորությունն ու հրատապությունը, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին:

Ինչքանո՞վ է տեղին հիմա, երբ դեռ ստեղծված իրավիճակի պատկերը ամբողջական չէ, երբ կորոնավիրուսի տարածման վտանգը դեռ օդում կախված է, հաշվի առնելով մեր երկրի ռեսուրսների սահմանափակ լինելու հանգամանքը, խոսել  տնտեսության կարգավորման նպատակով պետության՝ թեկուզև մոտ ապագային վերաբերող, միջամտությունների հրատապ անհրաժեշտության մասին, երբ կարիք կա եղած ոչ այնքան մեծ հնարավորությունները, հանրային ռեսուրսներն ուղղել մարդկանց, երկրի քաղաքացիների առողջության հետ կապված խնդիրների լուծմանը:

Այն ինչ մինչ օրս արվել է վարակի (հիվանդության) տարածման կանխարգելման ուղղությամբ արժանի է գովասանքի: Համոզված ենք, որ կատարվող քայլերը տալու են իրենց արդյունքը: Սակայն պետք է սպասենք այդ արդյունքի վերջնական արձանագրմանը, դա է այսօր ստեղծված իրավիճակի համարժեք պատասխանը։

Երկրորդ․ արդյո՞ք առողջապահական հարցերից բացի կառավարությունը տնտեսական նոր իրավիճակից ելնելով պետք է զբաղվի ճգնաժամի հաղթահարման ծրագրերի մշակմամբ: Այս առումով մեր անդրադարձն ավելի շատ պայմանավորված է հանրության շրջանում պետության պատասխանատուների վերաբերյալ, ինչպես նաև մասնագիտական և ոչ մասնագիտական շրջանակներում տեղի ունեցող քննարկումներին: Առանց որևէ գնահատական տալու այսօր ներկայացված առաջարկներին, ծրագրերին, մոտեցումներին, նշենք, որ այս պահին աշխարհի բոլոր երկրների կառավարությունները, մասնագիտական կառույցները ելնելով իրենց հնարավորություններից, կրկնում ենք՝ ելնելով իրենց հնարավորություններից, ստեղծված վիճակից դուրս գալու ճանապարհներ են փնտրում՝ մեկը որոշել է պարզապես փող բաժանել իր քաղաքացիներին, մյուսը հետաձգում է հարկատուների կողմից հարկերի վճարման ժամկետները, շատերը օգնության ձեռք են մեկնում ճգնաժամից հատկապես տուժած տնտեսության ճյուղերին: Կարելի է իհարկե շարունակել միջոցառումների ցանկը, սակայն օգնության ձևերն, ըստ էության, բաժանվում են երկու խմբի՝ պայմանավորված այն հանգամանքով թե ու՞մ է հասցեագրվելու օգնությունը՝ սպառողին – գնողունակ պահանջարկ ստեղծողին, թե՝ արտադրողին – առաջարկ ձևավորողին: Այս հարցի պատասխանը նույնպես կախված է հնարավորություններից:

Փորձը ցույց է տալիս, որ Ճգնաժամից դուրս գալու ճանապարհների ընտրությունն իր մեջ մի վտանգ է պարունակում: Ստեղծված իրավիճակից ելնելով՝ հապճեպ լուծումները լինում են պահանջված, դրանք, հաճախ, ավելանալու միտում ունեն և, օբյեկտիվ պատճառներով պայմանավորված, երբեմն կարող են հավասարակշռված չլինել։ Նման՝ արագ կայացվող որոշումները սովորաբար ապագային միտված չեն և  կարող են հետագա ոչ ճգնաժամային իրավիճակներում նոր խնդիրներ առաջացնել։ Մեր երկրի համար որպես օրինակ կարող է հանդիսանալ 2008թ. ճգնաժամի հաղթահարման համար վարկային հսկայական միջոցների ներգրավումը, որի արդյունքում պետական պարտքը մեկ տարվա ընթացքում 1,9 մլրդ. ԱՄՆ դոլարից հասավ 3,4 մլրդ.-ի, իսկ հաջորդ տարիների ընթացքում ավելանալով՝ 2018թ. սկզբին կազմելով 6,9 մլրդ. ԱՄՆ դոլար: Ինչքանո՞վ այն նպատակային օգտագործվեց, նպաստեց արդյո՞ք տնտեսական զարգացմանը՝ խիստ հարցական է:

Վերը նշված հանգամանքները նկատի ունենալով, կարծում ենք, տնտեսական կյանքը սովորական հուն վերադարձնելու խնդիրը պետք է դնել ելնելով նախ և առաջ այսօրվա մեր՝ Հայաստանի Հանրապետության, հնարավորություններից, որն իր մեջ ամբողջացնում է մարդկային, նյութական, ֆինանսական, արտադրական ռեսուրսները: Կարևոր է նաև այն հանգամանքի գիտակցումը, որ ոչ ոք, ո′չ աշխարհում, ո′չ էլ մեզ մոտ, այս իրավիճակից առանց կորուստների դուրս չի գալու, պետք է ուղղակի ամեն ինչ արվի, որ այդ կորուստները լինեն հնարավորինս քիչ:

Վերը նշվածը հաշվի առնելով՝ անհրաժեշտ է իրականացնել միջնաժամկետ և երկարաժամկետ տեսնակյունից իրավիճակի ու ոլորտների խորը և բազմակողմանի վերլուծություն, որպեսզի հնարավոր լինի մշակել տնտեսական ակտիվության խթանման հասցեական, բովանդակային և գործուն մեխանիզմներ՝ հստակեցնելով իրավիճակի զարգացման հեռանկարները, քաղաքականության ազդեցության ու փոխանցման մեխանիզմները:

 Ամփոփելով, մեկ անգամ ևս կարևորելով աշխարհում և մեր երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հանգուցալուծումը՝ հիշեցնենք, որ տնտեսագետներիս սովորեցնում էին, որ ամեն մի տնտեսական ճգնաժամ նաև նոր տնտեսական վերելքի սկիզբ է, զարգացման հնարավորություն: Երկրների կառավարություններն այս փիլիսոփայությամբ պետք է առաջնորդվեն հակաճգնաժամային ծրագրերը գրելիս, իրականացնելիս: Մեր երկրի համար դա նշանակում է առաջին հերթին երկրի տնտեսական ռեսուրսների, նոր հնարավորությունների  փնտրտուք, դրանց ավելի արդյունավետ օգտագործում բոլոր բնագավառներում, լինի դա կրթություն, առողջապահություն, մշակույթ, թե ռազմաարդյունաբերական համալիր կամ արտադրություն, տնտեսության որևէ ճյուղ:                         

Վահագն Խաչատրյան
տնտեսագետ

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանում կորոնավիրուսից ապաքինված քաղաքացիների թիվը հասել է 30-ի

Աշխեն

Փաշինյանը հայտնում է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 35 նոր դեպքի հաստատման մասին

Աշխեն

Ռուսաստանում ներկայացրել են դեղամիջոց կորոնավիրուսի բուժման համար․ «ՌԻԱ Նովոստի»

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին