Գլխավոր » «Նաիրիտը»՝ տնտեսական հեղափոխության լոկոմոտիվ
Գլխավոր Նորություններ

«Նաիրիտը»՝ տնտեսական հեղափոխության լոկոմոտիվ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց տնտեսության մեջ հեղափոխության մեկնարկի մասին: Այս գործին վարչապետը կոչ է անում լծվել յուրաքանչյուր քաղաքացու և դառնալ «մեր ժամանակների հերոսը»: Անխոս, անհատների ջանքերը կարևոր են, սակայն իրապես տնտեսական ճեղքում ապահովելու համար անհրաժեշտ են քիչ ավելի խոշոր քայլեր, այսինքն՝ արդյունաբերական ձեռնարկությունների գործարկում:

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության ջանքերով 2010 թ. գարնանը դադարեցվեց Հայաստանի քիմիական հսկայի՝ «Նաիրիտ» գործարանի աշխատանքը: Մեկ անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե կառավարությունը պատրաստ է քննարկել համագործակցությունը ցանկացած իրական ներդրողների հետ, որոնք պատրաստ են ներդրում անել «Նաիրիտ» գործարանում, սակայն օրերն ու ամիսները թռչում են, իսկ մինչ օրս նույնիսկ մշակված չէ ներդրողների համար առաջարկների փաթեթը:

Գլխավոր հարցը, թերևս, այն է, թե ի՞նչ շահույթ կարող է այսօր ապահովել «Նաիրիտը»:

2016 թ. նոյեմբերից սնանկության գործընթացում գտնվող գործարանի հիմնական աշխատանքային հզորությունները դեռևս պահպանված են: Նաիրիտցիները NewArmenia.am-ի հետ զրույցներում վստահեցնում են՝ գործարանն ի վիճակի է աշխատելու  և շահույթ ապահովելու: Փորձագետներն առավել իրատեսական և արդյունավետ են համարում բութադիենի հիմքով քլորոպրենային կաուչուկի արտադրության վերագործարկումը: Ըստ նախնական հաշվարկների՝ այս տարբերակի համար անհրաժեշտ է մոտ 110-120 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Գործարանի վերանորոգումն ու նախապատրաստումը կտևի մոտ 1.5 տարի, սակայն դրանից հետո «Նաիրիտը» կկարողանա արտադրել տարեկան մոտ 25 հազար տոննա քլորոպրենային կաուչուկ: 1 տոննայի ինքնարժեքը կկազմի մոտ 3000 դոլար, իսկ շուկայական արժեքը ներկայումս նվազագույնը 4000-4400 դոլար է: Այսինքն՝ կաուչուկի արտահանումից տարեկան կստացվի 100 մլն ԱՄՆ դոլար եկամուտ, իսկ շահույթը կկազմի մոտ 25 մլն ԱՄՆ դոլար: Այսինքն, նախնական հաշվարկներով, ներդրումների հետգնման ժամկետը 1,5 տարվա վարկային արձակուրդի պայմաններում կկազմի մոտ 6 տարի: Սկզբնական շրջանում «Նաիրիտում» 350-400 մարդ կապահովվի աշխատանքով, իսկ վերագործարկումից հետո կստեղծվի 1200-1300 աշխատատեղ՝ 250 հազար դրամ միջին աշխատավարձով:

Այս տարբերակի իրատեսական լինելը դեռ տարիներ առաջ հաստատել է նաև հայտնի բրիտանական JACOBS Consultancy ընկերության աուդիտորական հաշվետվությունը: Հետագայում, իհարկե, հնարավոր կլինի ավելացնել գործարանի արտադրողականությունը: Օրինակ՝ 1987 թ. «Նաիրիտն» ապահովել է 78 հազար տոննա արտադրանք:

Հարկ է նշել, որ քլորոպրենային կաուչուկի պահանջարկն աշխարհում հետզհետե ավելանում է՝ տարեկան շուրջ 1.2%-ով: Եթե 2014 թ-ին պահանջարկը 345 հազար տոննա էր, ապա 2030 թ-ին կհասնի մոտ 423 հազար տոննայի: Ներկա պահին, քլորոպրենային կաուչուկ արտադրվում է 4 երկրներում՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Չինաստանում և Ճապոնիայում: «Նաիրիտի» արտադրանքը հայտնի էր համաշխարհային շուկայում և ունի լավ հեղինակություն իր որակի համար: Կորսված վերադարձնելու խնդիր գործարանը, վստահաբար, չի ունենա:

Ինչ պետք է անի կառավարությունը

Սնանկ հայտարարված «Նաիրիտի» աճուրդային արժեքը ներկայումս 16 մլրդ դրամ է: Այս տարբերակով գործարանը վաճառքի հանելն անմտություն է և կառավարությունը չի գնա դրան, քանի որ այդ գումարը հազիվ թե բավարարի կուտակված պարտքերի 1/3-ը մարելու համար:

ՀՀ կառավարությունը կարող է շարունակել ներդրող փնտրելու մասին հայտարարություններ անել, ստեղծել աշխատանքային խմբեր, հայտարարել մրցույթներ, նույնիսկ բանակցություններ վարել և այլն: Նախկին կառավարությունները նման փորձեր արել են ռուսական «Ռոսնեֆտ» կորպորացիայի ու իտալական Pirelli–ի ներկայացուցիչների հետ, սակայն ապարդյուն: Թե ի՞նչն է խանգարել, այլ հարց է:

Սակայն մասնագետներն ավելի կարճ ճանապարհ են համարում, եթե ՀՀ կառավարությունն ինքը հանդես գա որպես ներդրող կամ համասեփականատեր՝ պետական-մասնավոր գործընկերության սկզբունքով: Չէ՞ որ տարեկան առնվազն 25 մլն դոլարի շահույթը բյուջեին չի խանգարի:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին