30 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90812.8 By Google Analytics 08.08.2020
Գլխավոր » «Նախագահն ունի շատ հետաքրքիր հնարավորություն կատարելու ՍԴ դատավորի այնպիսի թեկնածուի առաջադրում, որն ԱԺ-ն ունակ չի լինելու մերժել»․ Տիգրան Եգորյան
ԱՐԴ

«Նախագահն ունի շատ հետաքրքիր հնարավորություն կատարելու ՍԴ դատավորի այնպիսի թեկնածուի առաջադրում, որն ԱԺ-ն ունակ չի լինելու մերժել»․ Տիգրան Եգորյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ի զրուցակիցն է փաստաբան Տիգրան Եգորյանը:

-ՀՀ նախագահը չստորագրեց ՍԴ մասին օրենքի սահմանադրական փոփոխությունների փաթեթը։ Ինքն այդ մասին հենց առաջին օրը հայտարարեց։ Դա ի՞նչ է նշանակում։

-Փաթեթը չստորագրելը հանգեցնում է այն հետևանքին, որ դրանով երկարաձգվում է ՍԴ պաշտոնավարումը դադարած անդամների սոցիալական երաշխիքները նախատեսող փոփոխության ուժի մեջ մտնելը, որով ավելի բարձր երաշխիքներ են սահմանվում օրենսդիրի կողմից։ Իսկ Սահմանադրության 213 հոդվածի փոփոխության առումով, որն ուժի մեջ էր մտել 2020-ի հունիսի 26-ին, այն ոչ մի բան չի նշանակում։

-Պարոն Եգորյան, հնարավո՞ր է այսպիսի սցենար՝ նախագահը  առաջին օրը հայտարարում է, որ ես չեմ ստորագրում, ու ոչինչ չի ասում այն մասին, որ դիմելու է ՍԴ կամ հետ է ուղարկում ԱԺ, և 20-րդ կամ 21-րդ օրը ինքն այնուամենայնիվ դիմում է ՍԴ-ին այս փոփոխությունների փաթեթի սահմանադրականությունը ստուգելու համար։

-Այո։ Դա Սահմանադրությամբ նախագահին ընձեռնված լիազորություն է, որը նա կարող է իրացնել այդպիսի լիազորության իրականացման համար նախատեսված ողջ ժամկետում, ընդհուպ մինչև 21-րդ օրը։

-Ի՞նչ իրավիճակ է ստեղծում այս ամբողջ իրադրությունը։

-Սա ձգձգում է ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումը, ձգձգում է այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցների իրականացումը, ինչպես նշեցի՝ ձգձգում է պաշտոնավարումը դադարած անդամների սոցիալական երաշխիքների տրամադրումը, ընդհանրապես հնարավորություն է ընձեռնում, դաշտ է բացում տարբեր տեսակի մանիպուլատիվ, քարոզչական միջոցների, հնարքների համար, ձևավորում է որոշակի անկայունության պատրանք, եթե կուզեք՝ տպավորություն։ Ուրիշ ոչինչ։ Եվ նաև բացասական ստվեր է նետում իմ գնահատմամբ նախագահի ինստիտուտի նկատմամբ։ Որովհետև նախագահն ըստ էության այս իրավիճակում, կարծում եմ, պետք է լինի այն դիրքում, որ Սահմանադրության կատարման նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը և ձեռնամուխ լինի ՍԴ ձևավորման իր մասի կատարմանը։

-Հետևաբար ինչո՞ւ, ըստ ձեզ, նա չգնաց դրանք ստորագրելուն։

Գիտե՞ք, այստեղ տարբերակները շատ են, քննարկման են հանվում տարբեր վարկածներ։ Ես չունեմ դրա ստույգ պատասխանը և հույս ունեմ` այս իրավիճակը կհանգուցալուծի հենց նախագահը, որովհետև մենք չունենք այնքան ռեսուրս, որ թույլ տանք նախագահի ինստիտուտն այսպիսի իրավիճակում հայտնվել, այսպիսի խնդիրների և խաղերի առիթ տվող ինստիտուտի դերում հայտնվել։

-Պարոն Եգորյան, ենթադրենք, այնուամենայնիվ, օրենքն ուղարկվում է խորհրդարան, և սկսվում են առաջադրումներ։ Առաջադրողներից մեկը նախագահն է․․․

-Ես ուզում եմ շատ հստակ ևս մեկ անգամ ֆիքսեք, որպեսզի հեռուստադիտողների համար չմնան մութ կետեր։ Դեռ չստորագրված օրենքը ՍԴ կազմավորման նպատակով թեկնածուների առաջադրման տեսանկյունից որևէ նշանակություն չունի։ Այդ գործընթացը, այդ պարտականությունը դատարանի կազմավորմանը մասնակցող սուբյեկտների համար ուժի մեկնարկել է հունիսի 26-ից, երբ 213 հոդվածի փոփոխությունը մտել է ուժի մեջ։  Այդ կետից նախագահի, կառավարության և ԲԴԽ-ի համար մեկնարկել է Սահմանադրության 213 հոդվածով սահմանված ժամկետում թեկնածուներ առաջադրելու պարտականությունը, որի կատարման համար Սահմանադրությունը սահմանել է երկամսյա ժամկետը։ Սա արդեն մեկնարկած է, և այսօր մենք այդ կետից իքսերորդ օրն է, ինչ այդ պարտականության կատարման համար որևէ հայտարարություն չունենք։

-Ինչո՞ւ։

-Այս հարցը կարծում եմ, որ ինձ չպետք է ուղղված լինի։

-Հնարավո՞ր է` նախագահը կրկին այնպիսի թեկնածու առաջադրի, որ իրավաբանական աշխարհն անակնկալի գա։

-Ինձ թվում է հաշվի առնելով նախագահի նախորդ առաջադրումները, որոնք առաջացրել են նախագահի դժգոհությունները դրանք ԱԺ կողմից չհաստատվելու առումով, թույլ են տալիս նման կասկածներ հայտնելու կամ ենթադրություններ անելու։

-Սովորաբար ԱԺ-ն մերժել է նախագահի առաջադրած ՍԴ դատավորի թեկնածուներին։ Արդյունքում նախագահը չի՞ կարող ունենալ դժգոհություն, որ իր առաջադրումը ձևական է, և ԱԺ-ն ցանկացած պահի կարող է մերժել իր թեկնածուին։ Հետևաբար նախագահը չի՞ կարող դժգոհել, որ չունի դատավորին նշանակելու լիազորություն։

-Որքան ինձ հայտնի է նախագահի հրապարակումներից, նա դժգոհ է այդ իրավիճակից։ Ոչ միայն՝ ենթադրաբար, նա արտահայտվում է այդ մասին։ Բայց ես չէի որակի «սովորաբար» եզրով ՍԴ՝ նախագահի ներկայացրած թեկնածուներին չհաստատելը։ Եվ եթե կա տպավորություն, որ նախագահն առաջադրում է թեկնածու, և փորձը ցույց է տալիս, որ, առնվազն երեք անգամ այդպիսի առաջադրումը հաջողությամբ չի պսակվել, ապա դա դժգոհության առիթ է, ես կնախընտրեի և խորհուրդ կտայի խորանալ փաստերի մեջ և այս հարցի բովանդակության մեջ։ Ես կարող եմ հասկանալ, որ նախագահը կարող է այդպիսի մտայնություն ունենալ, բայց ինձ համար անհասկանալի է, թե նման հարցի վերաբերյալ իրավական նրբությունները նախագահին ներկայացնելու պարտականություններ ունեցող անձինք, դրանք կլինեն խորհրդականներ, թե այլք, ինչու են թերանում այդ պարտականության մեջ։ Եթե մենք հերթով նայենք՝ նախագահն առաջադրել է 3 թեկնածու, մինչև ներկայացրել է չորրորդին, որին ԱԺ-ն հաստատել է։ Առաջին թեկնածուն Էմիլ Բաբայանն էր։ Ես կարծում եմ, որ մեր հերռուստադիտողին նա քաջ հայտնի է, որը մի կողմ թողնելով նույնիսկ այն, որ իր ուղն ու ծուծով ոչ միայն աֆիլացված, այլև խորապես ներգրավված էր նախկին իշխանությունների տարաբնույթ գործունեության մեջ, այլև ուղղակիորեն էր համապատասխանում Սահմանադրությամբ առաջադրված այն չափանիշներին, որոնց պետք է համապատասխանի ՍԴ դատավորը և թեկնածուն։ Ավելին, նա ոչ միայն չէր համապատասխանում փաստացի, այլև չէր համապատասխանում իր բարոյական արժեքային չափանիշով, որովհետև նա ներկայացրել էր փաստաթղթեր, որոնցով փորձել էր մոլորության մեջ գցել ինչպես նախագահին, այնպես էլ՝ ԱԺ-ին առ այն, որ նա համապատասխանում է այդ չափանիշներին։ Նա չէր բացահայտել այն, որ իր ներկայացրած համապատասխան տարիների աշխատանքը չի եղել ամբողջական տարվա աշխատանք և հետևաբար այդտեղ առաջանում է խնդիր փորձառության ժամկետի առումով։ Բացի դրանից անհասկանալի է նրա զինված ուժերում ծառայության և համապատասխան ժամանակահատվածում երկու տարվա ուսման համընկնումը։ Կային խնդիրներ, և այդ խնդիրները պետք է ֆիքսեին նախագահի խորհրդականները և իրավաբանական վարչության աշխատողները, որպեսզի նման թեկնածու նախագահը չառաջադրեր։ Որովհետև այսպիսի թեկնածուի մերժումը ԱԺ խնդիրը չէ, նախագահի ինստիտուտի հեղինակության խնդիրն է, որովհետև նախագահը չպետք է առաջարկի այնպիսի թեկնածուի, որը չի համապատասխանում չափանիշներին կամ դրա համապատասխանության վերաբերյալ լրջագույն կասկածներ կան, և որոնք առերևույթ փաստաթղթերով հաստատվում են։ Նախագահի առաջադրած հաջորդ թեկնածուն մեկ այլ իրավաբան էր, որը բնակվում է Գերմանիայում․․․

-Հիմա է՞լ․․․

-Այո, հիմա էլ է բնակվում։ Այս թեկնածուի մոտ էլ խնդիրներ կային։ Նախ այս թեկնածուն չէր ներկայացրել իր՝ չափանիշներին համապատասխանության վերաբերյալ ապացույցների հայերեն թարգմանությունները, մեկ։ Երկրորդ, կրկին կար ստաժի, աշխատանքային փորձառության հետ կապված ժամկետի խնդիր, որը փորձ էր արվել, ընդ որում երկու բաղադրիչից, այդ ժամկետը նախ երկարաձգել երկու միջազգային կազմակերպությունների հետ պայմանագրերով, որոնցով ներկայացված ողջ ժամանակահատվածում չի եղել նրա փաստացի աշխատանքը, այլ ընդամենը 50 քանի օր։ Բայց այս թեկնածուն փորձ էր արել ներկայացնել իբրև երկու տարվա փորձառություն։ Բացի դրանից ընդհանուր, նույնիսկ այդ քողարկմամբ հաշվարկը չէր բավարարում նրա աշխատանքային փորձառության ըստ Սահմանադրության  սահմանած չափին։ Եվ նա որոշել էր այդտեղ ևս հնարամտություն դրսևորել և զուգահեռ աշխատանքները որոշել էր ներկայացնել որպես իրար գումարվող աշխատանքային ստաժ։ Սա խնդիր էր, և այս խնդիրը բացահայտել էր ԱԺ-ն, մինչդեռ պիտի բացահայտեր նախագահի աշխատակազմը, որպեսզի նախագահին չդներ նման իրավիճակում, նախագահը պարտավոր չէ այս դետալները տեսնել, հասկանալ և քննարկել։ Նախագահին պետք է ներկայացվեն այս հարցերը մանրակրկիտ վերլուծության արդյունքում, որպեսզի նա չհայտնվի անհարմար վիճակում։

-Իսկ երրորդ թեկնածու՞ն․․․

-Նա համալսարանի դասախոս էր, որն իր ելույթում, որքան հիշում եմ, իրեն համարեց իշխանությունների համար «պերսոնա նոն գրատա»։ Բայց հետաքրքիր է, նախորդ 20 տարիների մեզ հայտնի իշխանությունների գործունեության ընթացքում կարծես պարոն Վաղարշյանի ձայնը չէր լսվել, չեմ ասում, որ պետք է հանդես գար որպես քաղաքացիական ակտիվիստ, բայց նրա ըմբոստությունը չէր դրսևորվել նույնիսկ ակադեմիական տեսանկյունից։ Այստեղ արդեն կրկին թեկնածուի անխոցելիության հարց է։ Եվ հենց այս բալանսը՝ իշխանությունների տարանջատման և փոխադարձ զսպման, այն գեղեցիկ կոմպոզիցիան է, որը թույլատրում է առավել ճիշտ և առավել բարձր ստանդարտների ընտրություն այն մարմնի, որն ըստ էության ՀՀ և յուրաքանչյուր պետության կյանքում ՍԴ-ն է։ Մի բան էլ ասեմ, կարելի է քննարկման առարկա դարձնել՝ պե՞տք է նախագահն ունենա նշանակման լիազորություն։ Բայց մի կարևոր տարբերակ էլ կա՝ աշխարհում կան նմանատիպ տարբեր իրադրություններ, նմանատիպ դատական բարձր պաշտոնների հետ կապված ընթացակարգեր, որտեղ ձևավորված ավանդույթի ուժով, երբ պրոցեսում ներգրաված բոլոր մարմիններն իրենց առավելագույն ջանքերի շնորհիվ առավելագույն արդյունավետություն են ապահովում, այդ ինստիտուտների միջև հարգանքը ժամանակի ընթացքում հասնում է մի այնպիսի աստիճանի, հնարավոր չի լինում կասկածի տակ դնել դրանցից որևէ մեկի ջանքը, բարեխղճությունը և արդյունավետությունը։ Մենք ունենք երկու տարբերակ՝ ձևավորելու այդ ավանդույթը կամ նստելու և այնպիսի կարծր փոփոխություններ առաջարկելու, որը ժամանակի ընթացքում էլի հանգեցնելու է ինչ-որ խնդրի։ Այսինքն, որևէ կարգավորման չափից դուրս կարծրացումը ևս այդքան լավ տարբերակ չէ պետությունների և գործող համակարգերի համար։ Եվ այստեղ հետևությունն ակնհայտ է, նախագահն ունի շատ հետաքրքիր հնարավորություններ կատարելու այնպիսի առաջադրում, որն ԱԺ-ն ունակ չի լինելու մերժելու։

Մանրամասները տեսանյութում

Զրուցեց Մհեր Արշակյանը

Նմանատիպ Հոդվածներ

Կառավարությունը պետք է շտկի իր սխալը. Եգորյանը` ՍԴ դատավորի թեկնածուի մասին

Սերինե

«Այս մակարդակի ընկալմամբ ՍԴ-ում անելիք չկա». Տիգրան Եգորյան

Սերինե

Մինչև Քոչարյանի գործի քննությունը ՍԴ նոր դատավորներ չեն ընտրվի, բայց կհեռանան հին անդամներից 3-ը․ Եգորյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին