3 C
Yerevan
29 Փետրվարի, 2020
Գլխավոր » Նախկինների հույսը «անգլիական թագուհին», «պոլիտբյուրոն» ու «Տիզբո՞նն» են
Գլխավոր Նորություններ

Նախկինների հույսը «անգլիական թագուհին», «պոլիտբյուրոն» ու «Տիզբո՞նն» են

հետևեք մեզ նաև Telegram-ում

Եթե բառացիորեն մի քանի օր առաջ ՀՀԿ-ամերձ «Ադեկվատները» ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանի գլխավորությամբ նավթի տակառներ էին տանում նախագահական՝ հայտարարելով, որ «բաց աղբյուրներից» իրենց հայտնի է դարձել, որ «ՀՀ նախագահ և Մեծ Բրիտանիայի քաղաքացի Արմեն Սարգսյանը փայ ունի Ադրբեջանի գազային և նավթային ենթակառուցվածքներում», իսկ ավելի վաղ Արմեն Սարգսյանը նախկին իշխանության կողմից հռչակվել էր «անգլիական թագուհի», այսօր սպասումներով լի հայացքն ուղղել են նրան ու հուսով են, որ նախագահը չի ստորագրի Սահմանադրական դատարանի անդամներին առնչվող հանրաքվեի նախագիծը ու այն հանրաքվեի չի դրվի:

Թերևս սրանով են պայմանավորված նախկին իշխանության որոշ ներկայացուցիչների պնդումները, թե հանրաքվե չի լինելու: Օրինակ՝ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն արդեն համոզմունք է հայտնել, որ «հանրաքվեն չի կայանա»: Իսկ սահմանադրագետ Վարդան Այվազյանը զգուշացրել է, որ «կարող է Սահմանադրական կարգի տապալման հոդվածով քրգործ հարուցվել», որ «հանրաքեն չի կարող արտահայտել ժողովրդի կամքը, քանի որ ատելության մթնոլորտ կա» և այլն:    

Ուշագրավ է, որ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրեթե վստահ է՝ ՀՀ նախագահը չի ստորագրելու Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե անցկացնելու վերաբերյալ հրամանագիր։ «Ես գրեթե վստահ եմ, որ Հայաստանի նախագահը չի ստորագրելու նման հրամանագիր: Եթե ստորագրեց, հետո մենք կորոշենք մեր անելիքները»,- InfoPort.am-ին ասել է Մարուքյանը: Նույն կարիծքին է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Եթե նախագիծը հասնի ՀՀ նախագահին, ես միանշանակ վստահ եմ, որ ՀՀ նախագահը կստորագրի։ Բայց եկեք ես չասեմ, թե ինչի եմ վստահ, որ հանրաքվե չի լինելու»,- մեր լրատվամիջոցին հայտարարել է Զոհրաբյանը: 

Վերջին շրջանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը ստանձնած իրավաբան Ռուբեն Մելիքյանը և ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան
Լարիսա Ալավերդյանը հանդես են եկել հանրապետության նախագահին ուղղված կոչով, այն է՝ «ձեռնպահ մնալ այս հակասահմանադրական գործընթացին մասնակցությունից և հանրաքվեի նշանակումից»։ Նրանց միացել է նաև «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նախագահը դեռ որևէ արձագանք չի տվել, դեռ լուռ հետևում է իրենց ուղղված կոչերին ու խորհուրդներին:

Իրենց իշխանության ժամանակ ԵԽԽՎ կոշտ զեկույցներին ու գնահատականներին «Եվրոպան պոլիտբյուրո ու Տիզբոն չէ» արտահայտությամբ հակադարձող ՀՀԿ-ի հույսն այսօր հենց Եվրոպական կառույցներն են: ՀՀԿ գործադիր մարմինը երեկ հայտարարությամբ դատապարտել է  իշխանության նախաձեռնված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։

«Անտեսելով ԵԽԽՎ-ի կոչերը՝ այն ընդունման պահին չի անցել միջազգային պատկան մարմինների փորձաքննությունը, ինչը աննախադեպ է նորանկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում»,- հայտարարել է ՀՀԿ-ն՝ հորդորելով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին և միջազգային կառույցներին «արձագանքել հակասահմանադրական ճանապարհով Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների այս աղաղակող գործընթացին»:

Կհաջողվի՞ արդյոք վիժեցնել հանրաքվեի գործընթացը, դժվար է ասել անգամ նախկինների նման հայտարարությունների ու անթաքույց ջանքների ֆոնին: Այս անգամ իշխանությունը հակաքայլերը կարծես հաշվարկել է: Նախ՝ ԱԺ երեկվա ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանի հետ կա լիարժեք փոխըմբռնում ներքաղաքական հարցերի շուրջ՝ նկատի ունենալով նաև սահմանադրական հանրաքվեն:

Իսկ իշխող ուժի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն այսօր խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց, որ չի բացառում, որ Սահմանադրական հանրաքվեի նախագիծն առաջիկայում ուղարկվի Վենետիկի հանձնաժողով:

Նախնական տվյալներով՝ հանրաքվեի գործընթացը կարող է սկսվել մարտի վերջին կամ ամենաուշը ապրիլի սկզբին: Ուշագրավ է, որ որոշ տեղեկություններով, մարտին սպասվում են Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի սահմանադրականությունը պարզելու համար ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ՄԻԵԴ ու ԵԽ Վենետիկի հանձնաժողով դիմումների պատասխանները: Եթե ՍԴ-ն հակասահմանադրական հայտարարի Քոչարյանին առաջադրված քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը, ըստ փաստաբանների, Ռոբերտ Քոչարյանի մասով «Մարտի 1»-ի գործը կկարճվի և նա ազատ կարձակվի:

Կհասցնի՞ արդյոք Հրայր Թովմասյանը մինչև հանրաքվեի անցկացումը հակասահմանադրական ճանաչել «Մարտի 1»-ի գործով Ռ․ Քոչարյանի մեղադրանքն ու «Մարտի 1»-ի բեռից ազատել նախկին իշխանությանը, հայտնի կդառնա առաջիկայում։

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ

Աշխեն

Քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, այլատյացության ճանապարհով.Արմեն Սարգսյանի ուղերձը

Աշխեն

Զոհրաբյանն առաջարկում է օրենքով սահմանել դատավարության ողջամիտ ժամկետները

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին