-4 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115827.2 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » «Նահանջ» բառը պետք է ընկալել ռազմական ամբողջ պրոցեսի մեջ․ Վահագն Թևոսյան
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

«Նահանջ» բառը պետք է ընկալել ռազմական ամբողջ պրոցեսի մեջ․ Վահագն Թևոսյան

Newarmenia-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանը

-Պարոն Թևոսյան, ռազմական դրության ժամանակ պե՞տք է ճշմարտությունն ասվի մարդկանց, թե ինչ իրավիճակ է սահմանին։

-Դա մի քանի գործոններով է պայմանավորված։ Նայած, թե դու ինչ տեսակի հասարակություն ես։ Մենք բաց հասարակություն ենք։ Մենք ենթադրել ենք ի սկզբանե, որ մեր հասարակությունը գիտակից, պատրաստ և վերլուծելու ունակություն ունեցող հասարակություն է և անհրաժեշտ է հնարավորինս շատ ինֆորմացիա տալ, որպեսզի պատրաստ լինեն, թե ինչ է տեղի ունենում։ Մարդն ի վերջո նաև ինքնատիրապետման կարիք ունի իրադարձությունների ոչ հաջող զարգացման պարագայում, որպեսզի հանկարծակի չգա։ Ադրբեջանը փակ հասարակություն է և բնականաբար մարդիկ էլ գիտեն այդ հասարակության որակները և գերադասում են ընդհանրապես ինֆորմացիա չտալ, որովհետև էն պատերազմական տարբերակը, որը նրանք վարում են, անտարբերությունը սեփական քաղաքացիների, զինվորների, նրանց դիակների հանդեպ, այդ հարձակողականությունը և միջազգային հանրության կողմից դատապարտված լինելու հանգամանքը թաքցնելը պայմանավորված է նրանով, որ իրենք վստահ են, որ իրենց հասարակությունը դա չի հասկանալու։ Առավելևս, որ մենք գիտենք՝ այնտեղ դիկտատուրա է և այդ հասարակությունը այդ խուճապային տրամադրություններից ելնելով կամ պայմանավորված կարող է ինչ-որ քայլերի դիմել։

-ՊՆ ներկայացուցիչը համարյա ամեն օր ասում է, որ մենք նահանջում ենք տակտիկական նպատակներով, զիջում ենք ինչ-ինչ խնդիրներ լուծելու նպատակով․․․

-Տեսեք, ես ինքս ռազմական փորձագետ չեմ և չեմ կարող հավակնել կատարյալ ճշմարտություններ ներկայացնել ռազմադաշտում տեղի ունեցող ռազմավարական կամ մարտավարական վերադիրքավորումների մասին, բայց երբ քարտեզին նայում էի ու խորհրդակցում էի մասնագետների հետ, այնտեղ մարտավարական զիջումների, վերադիրքավորումների և նահանջի խնդիր կար բնական սահմանագծերում՝ լեռ, ձոր, գետ, և դա շատ բնական պրոցես պիտի լիներ։ Եվ դա ենթադրում էր, որ հարևանը, թշնամին ի դեմս երկրի ղեկավարի խնդիր է դրել իր առաջ ցույց տալ, որ ինքը տարածքներ է գրավում, դա իր գերնպատակն էր, մեր գերնպատակը նա է, որ բանակը պահենք տոկուն վիճակում և հնարավորինս հյուծենք էն ահռելի ուժը, որը թուրք-ադրբեջանա-ահաբեկչական խմբավորումը նետել է Արցախի վրա։ Եվ դա մեզ հաջողվում է։ Պատմական խոշոր օրինակները տասնյակ գիտենք, երբ նահանջել են պարտադրված կամ մարտավարական նշանակությամբ, համապատասխան դիրքեր են գրավել, որպեսզի հակահարված տան։ Մեր բերձորցի Արոյի պատմությունն էին պատմում, թե ինչպես է ինքը առանց մի վիրավոր տալու 120 հոգու ոչնչացրել, նահանջի արդյունք է։ Այսինքն, վերախմբավորվել է, ինչ-որ տարածություն է թողել, եկել են ու ինքը կոտորել է։ Նույն երկրորդ համաշխարհայինի ժամանակ, Ռուսաստանի առաջին հայրենականի ժամանակ 1812 թվականին, Կուտուզովը Մոսկվան այրեց, մեր արցախյան առաջամարտի ժամանակ ահագին տարածքներ ենք զիջել, նրանք Մարտակերտ են մտել։ 92-ին Ես հիշում եմ կանայք ռադիոյի առաջ նստած ոնց էին լսում դրա մասին։ Էդ տարածքները զիջել են նույն այն հերոսները, որոնք հետո դրանք վերանվաճել են։ Մենք չենք կարող մարդուն հերոսացնել մեր պատկերացումների շրջանակում, էդ ամբողջը գործողությունների շղթա է, որը ենթադրում է ինչ-որ սկսվող պրոցես և ավարտ, իսկ պրոցեսը դեռ չի ավարտվել։ Ես սա չեմ ասում, որ դատարկ սին հույսեր ստանաք, թե գիտե՞ք պատմությունը վկայում է, որ երբ նահանջում ես, հետո անպայման հաղթում ես։ Սրա մասին չեմ խոսում, ես խոսում եմ այն մասին, որ ընթացիկ ռազմական պրոցեսների, փուլերի հետ կապված տրամադրությունների անկումը, ընկճումը ոչ պրագմատիկ և շատ անարդյունավետ և սխալ բաներ են։ Եթե մենք վստահում ենք մեր ռազմական իշխանությանը,,-գիտեք, չէ՞, պրոֆեսիոնալներ են և կատարելապես տիրապետում են իրենց գործին հրաշալիորեն,-նրանք գիտեն որ դեպքում ինչ անել, ոչ անել։ Եվ այ անպայման «ուզում ենք Իսկանդերը հանենք կրակենք»-ը չի աշխատում այստեղ։ Պետք չէ մտնել մի գործի մեջ, որից չենք հասկանում։ Նույն նահանջը շատ ճիշտ տակտիկական քայլ կարելի է համարել, եթե այն քննարկում ենք ռազմական արվեստի շրջանակում, զուտ քաղաքացիական ընկալման, առավելևս խուճապային տրամադրության մեջ նահանջ բառը կարող է ընկալվել սարսափելի մի բան։ Ուղղակի պետք է հասկանանք, որ պետք է վերացարկվել ընկալման այդ ձևից և այս ամբողջը ընկալել ամբողջական մի գործընթաց ռազմական արվեստի տեսանկյունից։

Մանրամասները` տեսանյութում:

Զրուցեց Մհեր Արշակյանը

Նմանատիպ Հոդվածներ

«Մենք վաստակում ենք պինդ աթոռին երկաթե շերեփով նստելու իրավունքը». Վահագն Թևոսյան

Նատա Հարությունյան

Ադրբեջանցիները դժգոհում են, որ վարձկանները կոտրում են խանութները, թալանում մարդկանց. ԱԺ պատգամավոր

Անի Գրիգորյան

Դեռ մտմտում եմ՝ մասնակցե՞լ, թե ոչ․ Վահագն Թևոսյանը կարող է տեղափոխվել Հանրային հեռուստառադիոյի խորհուրդ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին