20 C
Yerevan
29 Սեպտեմբերի, 2020
101472 By Google Analytics 28.09.2020
Գլխավոր » Նա այսօր էլ մեզ հետ է…
Գիտակրթական

Նա այսօր էլ մեզ հետ է…

Քանիցս խոստովանել եմ, որ ընկերներիս մասին դժվարանում եմ նյութ գրել։ Հիմա փորձում  եմ գրել, քանզի այսօր՝ 2020 թվականի  հունվարի 16-ին, լրանում է երջանկահիշատակ ընկերոջս՝ Վանիկ Սանթրյանի ծննդյան 85-ամյակը։ Չեմ շեշտի, որ նա ճանաչված լրագրող էր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ժուռնալիստ։ Պարզապես կասեմ՝ Վանիկ Սանթրյան։ Կարծում, որ այդ երկու հատիկ բառով ամեն ինչ ասված է։ Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում։ 1952-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և նույն թվականին էլ ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի Հայոց լեզվի և գրականության բաժինը։ Աշակերտել է այնպիսի ճանաչված հայ գիտնականների, ինչպիսիք են  Գուրգեն Սևակը, Էդուարդ Ջրբաշյանը, Հրանտ Թամրազյանը, Մկրտիչ Մկրյանը, Բենիկ Յուզբաշյանը և այլք։

1957 թվականին, համալսարանն ավարտելուց անմիջապես հետո Վանիկ Սանթրյանն աշխատանքի է անցնում նորաբաց «Երևան» (հետագայում՝ «Երեկոյան Երևան») թերթի խմբագրությունում։ 1962 թվականին տեղափոխվելով Հայաստանի Հեռագրական Գործակալություն (ՀՀԳ, ներկայում՝ Արմենպրես), նա իր կյանքը կապում է երկրի առաջատար լրատվական միջոցի հետ, որտեղ աշխատում է մինչև 2010 թվականը։ Այստեղ Վանիկ Սանթրյանը ձևավորվում է որպես ժուռնալիստ, իր իսկ խոստովանությամբ՝ նաև ծերանում է, հիմնականում լուսաբանելով երկրի մշակութային կյանքը՝ միշտ մնալով իր սպասարկած ոլորտի առաջատար լուսաբանողը։

1967 թվականին, երբ Արմենպրեսը հեռատիպային կապով յուրահատուկ «կամուրջ» գցեց Խորհրդային Հայաստանի և Սփյուռքի միջև, Արմենպրեսում ստեղծված Սփյուռքահայ մամուլի բաժնի վարիչի պաշտոնը վստահվեց Վանիկ Սանթրյանին, ով թեև բազմափորձ լրագրող էր, բայց կազմակերպչական աշխատանքի փորձ չուներ։ Այդ պաշտոնի նշանակումը Վանիկի համար դարձավ մի լուրջ փորձաքար, և նա պատվով բռնեց այդ փորձությունը։ Նա ոչ միայն արդարացրեց գործակալության վստահությունն, այլև նշանակալից ավանդ ներդրեց Մայր հայրենիքի և Սփյուռքի գաղթօջախների մերձեցման գործում։ Չնայած նա չափազանց ծանրաբեռնված էր բաժնի վարիչի պաշտոնում, երբեք չէր մոռանում իր սիրելի բնագավառը՝ մշակույթը։ Նրան էր վստահվում լուսաբանելու մեր երկրում և նրա սահմաններից դուրս տեղի ունեցող գրեթե բոլոր մշակութային կարևոր իրադարձությունները։ Նա մտերմիկ կապեր ուներ ոչ միայն խորհրդահայ անվանի արվեստագետների հետ, այլև արտերկրի խոշոր մշակութային գործիչների հետ (Մարտիրոս Սարյան, Արամ Խաչատրյան, Դմիտրի Շոստակովիչ, Բենջամին Բրիտեն,Առնո Բաբաջանյան, Մինաս Ավետիսյան, Մհեր Մկրտչյան,Գառզու, Ռիշար Ժերանյան, Մստիսլավ  Ռոստրոպովիչ, Ելենա Օբրազցովա, Գիա Կանչելի, Մարիա Բիեշու և այլք)։

Վանիկ Սանթրյան-լրագրողի կյանքից ուզում եմ բերել մի օրինակ։ Այն օրերին, երբ սոցիալիստական մրցության ցեցն ընկել էր նաև ՏԱՍՍ-ում, և այդ մրցության հաղթողին պետք է  հանձնվեր փոխանցիկ կարմիր դրոշը, Արմենպրեսը լծվել էր այդ գործին։ Մեր տնօրենն ուզում էր առաջինը մեր գործակալությունը ստանար այն։ Մենք ՏԱՍՍ-ի տարբեր խմբագրություններ հեղեղում էինք նյութերով։ Վանիկը այդ շարժման առաջատարն էր։ Այնքան էր նյութեր գրում ՏԱՍՍ-ի համար, որ մի օր արտասահմանյան լուրերի խմբագրության (ГРИДЗ- Главная редакция информации для заграницы) գլխավոր թողարկիչ Լեոնիդ Շչոգոլևը մեր փոխտնօրեն Ռեմ Անանիկյանին կեսկատակ-կեսլուրջ մի գրություն է ուղարկում. «Уймите Ваника, он нам дышать не дает!»։ Այո, հենց այդպիսին էր Վանիկ Սանթրյանը, ում հետ համատեղ աշխատել ենք և ընկերություն ենք արել շուրջ կես դար։

Վանիկ Սանթրյանը երկար տարիներ դասախոսական աշխատանքով է զբաղվել Հայաստանի մի շարք մասնավոր բուհերում, իր հարուստ փորձը հաղորդելով ապագա լրագրողներին։ Նրա սաներից շատերն այսօր հանրապետությունում ճանաչված լրագրողներ են, ոմանք նաև բանաստեղծական ժողովածուների հեղինակ։

Սանթրյանը բազմաշնորհ մարդ էր։ Եվ դրա վառ ապացույցն է այն հանգամանքը, որ նա, հիմնականում զբաղվելով ժուռնալիստիկայով, այնուամենայնիվ յուրային էր նաև գրողների ու նկարիչների միություններում։ Նա գրքեր էր գրում, նկարում։ Վանիկ Սանթրյանը եզակի մարդկանցից էր, ով ոչ միայն Հայաստանի ժուռնալիստների միության, այլև գրողների և նկարիչների միությունների անդամ էր։ Նա հեղինակել է հինգ տասնյակից ավելի տարբեր ժանրերի գրքեր, կազմել,  խմբագրել և հրատարակության է պատրաստել մի շարք հայ ճանաչված և սկսնակ գրողների գործերի ժողովածուներ։ Որպես նկարիչ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Փարիզում, Լոս Անջելեսում։ Դրանցից մեկը նվիրված էր նրա հարազատ Ղարաբաղի, մասնավորապես իր ծննդավայր Թաղավարդի չքնաղ բնությանը։

Ասում են, որ ծառերը կանգնած են մեռնում։ Դա վերաբերում է նաև Վանիկին։ Նա մինչև վերջին պահը գրիչը վայր չդրեց։ Հանգամանքների բերումով Վանիկ Սանթրյանը հեռացավ Արմենպրեսից և շուրջ յոթ տարի  աշխատակցում էր «Հայաստանի Հանրապետություն» թերթին, իր բովանդակալից, իսկական վանիկական նյութերով ուրախացնելով հազարավոր ընթերցողների։ Մահանալուց մեկ շաբաթ առաջ նա հարազատներին ասում էր, որ ապրիլի սկզբներին անպայման գնալու է Արցախ։ Ավաղ, նա իր մահկանացուն կնքեց դեռ ապրիլը չեկած …

Վանիկ Սանթրյանն իր երկարամյա ստեղծագործական կյանքի ընթացքում արժանացել է բազմաթիվ պարգևների ու մրցանակների։ Նա պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական օրհնության և գնահատաց գրի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհակալագրի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, Հայաստանի գրողների միության գրական վաստակի համար մեդալի, «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի ոսկե հուշամեդալի, Հայաստանի  ժուռնալիստների միության երկու մրցանակի։           

Դու այսօր էլ մեզ հետ ես, սիրելի Վանիկ…

Լևոն Ազրոյան                                           

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին