7 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108188.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Ներկայացումից հետո դերասանը մատուցող է աշխատում այն մարդու մոտ, որը մեկ ժամ առաջ ծափահարում էր իրեն. Ռաֆայել Երանոսյան. «ՀԺ»
թերթերի տեսություն

Ներկայացումից հետո դերասանը մատուցող է աշխատում այն մարդու մոտ, որը մեկ ժամ առաջ ծափահարում էր իրեն. Ռաֆայել Երանոսյան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․

Հանկարծակի աշխարհին պատուհասած ճգնաժամը իր հետքը թողեց ամենուր, որից անմասն չմնաց նաև մշակութային աշխարհը: Ամիսներ շարունակ չէին գործում թատրոնները, կինոթատրոնները, չէին նկարահանվում ֆիլմեր, տեսահոլովակներ, թոք շոուներ և այլն: Ինչպիսի խնդիրների առաջ կանգնեցրեց կորոնավիրուսը մշակույթի գործիչներին, ինչպես են նրանք փորձում հաղթահարել այդ խնդիրները. այս և այլ հարցերի՝ դերասան դառնալու ընտրությունից մինչև ամուսնություն, բարեգործական ծրագրերի և առաջիկայում սպասվող նորությունների մասին զրուցել ենք դերասան, հումորիստ, շոումեն Ռաֆայել Երանոսյանի հետ:

 — Որոշ ժամանակ առաջ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը գրառում արեց, որով տեղեկացնում էր, որ 5000 դոլար գումար ես նվիրաբերել «Նորք» ինֆեկցիոն կլինիկային՝ վերանորոգման համար: Գրառման մեջ նա չակերտներում նշել էր, որ քո նշանդրեքի համար նախատեսված գումարից ես հատկացրել: Իսկապե՞ս հենց այդ գումարից էր, թե՞ հումոր էր:

— Երբ «Յութուբով» և «Իստագրամով» «Սիրո խոստովանություն» նախագիծն էինք անում, ընկերոջս հետ որոշեցինք ինչ-որ թեմա առաջարկել, ի դեպ, սա աշխարհում ընդունված բան է. երբ բլոգերը թեմա է առաջարկում, և գումար են փոխանցում, մենք էլ որոշեցինք, որ «նշանդրեքիս» համար այդ գումարը հատկացնեն: Իհարկե, սկզբում մտածում էինք, որ մեկ ամսվա ընթացքում 200-300 դոլար հազիվ թե փոխանցեն, որն էլ նախագծի ծախսերի համար կօգտագործենք: Առաջին օրը, երբ լայվը վերջացավ, ընկերս ասաց, որ 900 դոլար գումար է հավաքվել: Սկզբում, իհարկե, ես էլ չհավատացի, բայց իրոք փոխանցել էին այդքան: 10 օրվա ընթացքում 3500 դոլարի չափով մեզ գումար փոխանցեցին, և այդպես շարունակ: Դա արդեն պատասխանատվություն էր, և ես չէի կարող այդ գումարը ծախսել: Ոչ միայն «Նորք» ինֆեկցիոնին ենք այդ գումարից հատկացրել, այլև չորս ամսվա ընթացքում 6000 դոլար էլ նվիրաբերել ենք «Երբ բոլորը հավասար են» աուտիզմ ունեցող երեխաներով զբաղվող կենտրոնին: Քաղաքապետարանի հետ համատեղ մոտ 80 հատ օրթոպեդիկ ներքնակներ ենք տրամադրել «Նորքի տուն-ինտերնատին» և 30 ներքնակ էլ՝ միայնակ ծերերին, որոնք ունեին դրա կարիքը, գրեթե 1000 դոլարի էլ՝ տակդիրներ մեծահասակներին: 500 դոլար էլ հատկացրել ենք մի զորամասի՝ զինվորների կառուցած մատուռի գմբեթի ավարտման համար: Հիմա քանի որ այլևս լայվեր չենք անում, գումարներ չեն փոխանցում, բայց կան մարդիկ, որոնց հետ ես ծանոթացել եմ, և ամսվա կտրվածքով ինչ-որ չափով էլի գումար են փոխանցում, ես էլ դրա վրա իմ հնարավորության չափով ավելացնում եմ և նվիրաբերում մանկատներին, ծերանոցներին:

— Ռաֆայել, թերևս քո երկրպագուներին հուզող ամենակարևոր հարցերից մեկն այն է, թե ե՞րբ ես ամուսնանալու: Անընդհատ խոսակցություններ են շրջանառվում, որ նշանադրվել ես, ամուսնացել, բայց կուզեմ հենց դու խոսես այդ մասին:

— Չգիտեմ՝ ինչպես են այդ խոսակցությունները տարածվում, բայց ես դեռ չեմ նշանվել, առավել ևս՝ ամուսնացել, իհարկե, պատրաստվում եմ, բայց հստակ չեմ կարող ասել՝ երբ կլինի: Երբ լինի, բոլորը կիմանան այդ մասին: Ինքս էլ հասկանում եմ, որ ժամանակն է ունենալ սեփական ընտանիք, հնարավոր է՝ անցել է, բայց ոչ մեկը դրա համար ժամանակ չի սահմանել, որ այսինչ ժամանակ պարտադիր պիտի ամուսնանաս: Ամուսնությունն ինձ համար զուտ պարտականություն չէ, որ պետք է արվի, ես պիտի բոլոր առումներով պատրաստ լինեմ դրան: Ես չեմ ուզում դա անեմ զուտ նրա համար, որովհետև հանրությունը պահանջում է:

 Առանցքային ինչպիսի՞ խնդիրներ կան այսօր ձեր ոլորտում:

— Խնդիրներ իսկապես կան, և ես դրանք տեսնում եմ: Հիմա հեծանիվ չեմ հայտնագործի, որ ասեմ, այո՛, մշակույթը մեր զենքն է: Բանակից հետո մենք պետք է ունենանք ամուր, գեղեցիկ մշակույթ, բայց, ցավոք, այսօր մատների արանքով են նայում մեր մշակույթին, թատրոնի դերասանին, նկարչին, երաժշտին, քանդակագործին: Մի փոքր ուշադրության դեպքում անգամ թատրոնի դերասանն իրեն գնահատված, պարտավորված է զգում, խոսքը ոչ միայն ֆինանսական ուշադրության մասին է, այլ առհասարակ վերաբերմունքի: Այսօր թատրոնի դերասանի աշխատավարձը ամոթալի ցածր է, և դրա համար այդ դերասանը ներկայացումից հետո գնում է և մատուցող աշխատում այն մարդու մոտ, որը մեկ ժամ առաջ նստած այդ դերասանի խաղն էր նայում, ծափահարում նրան: Գոնե դերասանին այնքան վարձատրեն, որ նա ստիպված մատուցող չաշխատի: Մեր դահլիճները լեփ-լեցուն են, այսօր կա թատրոնի պահանջարկ, բայց լավ ներկայացում բեմադրելու համար պետք են ֆինանսական միջոցներ: Գրեթե 4 ամիս իմ գործընկերներից շատերը ոչ մի տեղ չեն աշխատել, այս ընթացքում գոնե մեկ անգամ կարելի էր հանդիպել այդ մարդկանց: Պետական աջակցություն է հարկավոր թատրոններին, որպեսզի հնարավոր լինի հանդիսատեսին մատուցել որակյալ ներկայացումներ:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին