Գլխավոր » Նոր Նորքում վարչության պետեր են հեղափոխությանը ցուցարարներին ծեծողներն ու չարաշահում կատարածները
Քաղաքականություն

Նոր Նորքում վարչության պետեր են հեղափոխությանը ցուցարարներին ծեծողներն ու չարաշահում կատարածները

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հեղափոխությունը Նոր Նորք չի հասել. այսպես կատակում են Նոր-Նորք վարչական շրջանի համայնքապետարանի ներկա ու նախկին աշխատակիցները։ NewArmenia.am-ի հետ զրույցում  նրանք պատմեցին, որ իրենց կատակի համար իրական հիմքեր ունեն։ Բանն այն է, որ համայնքապետարանում այսօր վարչության պետեր են հիմնականում մարդիկ, որոնք նախկին իշխանություններին հավատարիմ ծառայել են, ավելին՝ հեղափոխության օրերին, ինչպես նաև դրան հաջորդած քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի ցույցերի ժամանակ ծեծել ու ահաբեկել են ցուցարարներին։

«Ընդամենը պաշտոնների տեղեր են փոխել, իրականում, սաղ հին կամակատարներ են։ Իրենք ուզում են ու ամեն ինչ անում են, որ հների հետ աշխատեն»,- պատմեց մեր աղբյուրը։

Սկսենք սկզբից՝ ֆինանսական չարաշահում է եղել բակային ճամբարների կազմակերպման ժամանակ։ Մեզ պատմեցին, որ 2018 թ-ին վարչական շրջաններում ամառային հանգիստն անցկացնելու նպատակով իրականացվում է «Բակային ճամբար» ծրագիրը, որտեղ յուրաքանչյուր երեխայի հատկացվում է 1200 դրամ սնունդը կազմակերպելու համար։ Իրականում, երեխաներին տրամադրվել է ընդամենը մեկ խաչապուրի և էժանագին գազավորված ըմպելիք, այսինքն՝ երեխայի վրա ծախսվել է առավելագույնը 250-300 դրամ։ Այս ծրագիրն իրականացվել է Կրթության, մշակույթի և սպորտի բաժին պետ  Հեղինե Կարապետյանի և ֆինանսական բաժնի նախկին պետի՝ Աննա Դանիելյանի, ու  բաժնի աշխատակից Աստղիկ Գասպարյանի կողմից։ Բան այն է, որ այս պահին Հեղինե Կարապետյանը շարունակում է ղեկավարել համայնքի կրթության, մշակույթի ու սպորտի բաժինը, իսկ չարաշահմանը մասնակից Աստղիկ Գասպարյանը նշանակվել է Ֆինանսական բաժնի պետ, քանի որ նախկին պետն անցնում է քրեական գործով։

Ըստ մեր աղբյուրների՝ սույն անձինք նաև մասնակից են եղել 2016 թվականի ապրիլի 7-ին «Մայրության և գեղեցկության» տոնին նվիրված միջոցառում կազմակերպելու պատրվակով այդ միջոցառման կազմակերպման և անցկացման համար նախատեսված գումարը յուրացնելուն, թեպետ, այս պահին գործով մեղադրյալ է միայն համայնքի նախկին ղեկավար Արմեն Ուլիխանյանը։ Մեկ միլիոնց ավել գումար է դուրս գրվել ռեստորանի հաշվից, բայց որևէ մեկն աշխատակիցներից այդ քեֆին չի մասնակցել։

NewArmenia.am-ի տեղեկություններով՝ նույն բարքերին է հետևում Եկամուտների հաշվառման ու հավատարմագրման բաժնի պետ Արթուր Գևորգյանը, որը նախկին քաղաքապետ Արմեն Ուլիխանյանի եղբոր տղայի մտերիմ ընկերներից է։ Նա այսօր էլ պաշտոնավորում է, սակայն հեղափոխության օրերին ու Տարոն Մարգարյանի դեմ ցույցերի օրերին ծեծել ու ահաբել  է բոլորին։

«Հաղափոխությունից հետո ծակ էր ման գալիս, որ մտնի, բայց հիմա նորից թևեր է առել, չգիտենք, թե ով է նրան նման թևեր տվել»,- ասացին մեզ։

Իհարկե, վարչական շրջանի մանկապարտեզների վարիչներ են մնացել նախկին ՀՀԿ-ականներ կամ ՀՀԿ-ին ծառայածներ, որոնք նույնիսկ 2018 թ.-ի արտախորհրդարանական ընտրությունների ժամանակ են փորձել աջակցել նախկին իշխանույթուններին։ Ավելին՝ նրանցից շատերն այսօր պարգևատրվում են։

Ավելին՝ մեզ փոխանցեցին, որ վարչական շրջանում կան խելացի երիտասարդներ, որոնք ունեն բարձրագույն  կրթություն, համայնքի զարգացման հստակ տեսլական, սակայն նրանք համայնքապետարան չեն կարողանում աշխատանքի անցնել։

«Իրական նվիրյալներին էլ հեռացրել են, իրենց պետք չէ հեղափոխության արժեքները կրող մարդիկ, քանի որ նկատածը կասեն ու չեն լռի»,- եզրափակել է մեր զրուցակիցը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին