Գլխավոր » Նոր քաղաքական առճակատում նախկինների և «90-ականների գործիչների» միջև
Վերլուծական

Նոր քաղաքական առճակատում նախկինների և «90-ականների գործիչների» միջև

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վերջին երկու օրերին տեղեկատվական հարթակներում ակտիվորեն քննարկվում է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հարցազրույցներից մեկում հնչեցված մտքին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի արձագանքը։

Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանն, անդրադառնալով կառավարության կողմից առաջարկված` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություն կատարելուն, նշել էր, որ պետք է քննության առնվեն նաև 90-ականների գործիչների գույքի ձեռքբերման օրինականության հանգամանքները և պայմանականորեն հնչեցրել էր Անդրանիկ Քոչարյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Հովհաննես Իգիթյանի անունները։ Այս հայտարարությանն ի պատասխան Անդրանիկ Քոչարյանն ասել էր. «Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»։ Վերջինիս այս հայտարարությանը արձագանքել ու դատապարտել են ոչ միայն Հովհաննիսյանի կուսակցական գործընկերները, այլ նաև բազմաթիվ այլ գործիչներ՝ այս առնչությամբ անդրադառնալով նաև ընդհանրապես կին գործիչների հանդեպ ատելության խոսքին

Այստեղ, սակայն, կարելի է նկատել շատ ավելի խորքային գործընթացների մեկնարկ։ Անդրանիկ Քոչարյանը և Հովհաննիսյանի կողմից նշված մյուս գործիչները համարվում են 90-ականների շրջանի գործիչներ և նրանց հիշատակմամբ Արփինե Հովհաննիսյանը հարվածը փորձում է ուղղել ներկա իշխանության կազմում գործունեություն ծավալող վերոնշյալ գործիչների ուղղությամբ։ Այստեղ կարծես քաղաքական պայքարի նոր ճակատ է ձևավորվում, որի մի կողմում են նախկին իշխանության ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները, իսկ մյուս կողմում ներկա իշխանության կազմում առկա 90-ականների գործիչները։ Հատկանշական է, որ վերջիններիս դեմ բավականին կոշտ բառապաշարով է հանդես եկել նաև նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանը, ով հաճախակի է հանդես գալիս Ռ. Քոչարյանին սատարող հայտարարություննրով։

Նկատենք, որ այդ տարիներին տեղի ունեցան մի շարք քաղաքական սպանություններ, առաջին ընտրախախտումները և հետընտրական բուռն զարգացումները, սեփականաշնորհման գործընթացները, որոնք ուղեկցվեցին խախտումներով և այլն։ Երևույթներ, որոնցից նոր ձևավորվող պետականությունը խուսափել չէր կարող: Բնականաբար 90-ականների այն գործիչները, ովքեր ներկայումս գտնվում են իշխանության մեջ, անկախ այդ գործընթացներում իրենց ներգրավվածության չափից, այնուհանդերձ, կրում են այդ շրջանի քաղաքական իշխանության գործունեության բոլոր բացասական կողմերի կնիքը։ 

Հարցը կարող ենք դիտարկել այլ տեսանկյունից ևս։ Անդրանիկ Քոչարյանը նախկին իշխանությունների հետ կապված երկու առանցքային քննչական գործընթացներում կարևոր դերակատարություն ունի։ Նախ՝ «Մարտի 1» գործի փաստահավաք խմբի ղեկավար Քոչարյանն այդ հարցը 10 տարի կարողացել է ակտիվ պահել, իսկ հիմա ստանձնել է նաև Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը։ Բնականաբար, նախկին իշխանության ներկայացուցիչները, մեղմ ասած, այդքան էլ լոյալ չեն վերաբերում այս գործընթացներին, ուստի, անխուսափելիորեն այս փոխհրաձգությունը սկսվելու էր։ Հարցն այն է, որ այն լատենտ կերպով ուղղվում է ներկայիս քաղաքական իշխանության դեմ։ 

Ցավոք, պետք է ընդունենք նաև, որ 90-ականների կեսերից է ձևավորվել քաղաքական գործիչների հայտարարությունների՝ նորմատիվային լեքսիկոնից դուրս գալու և անձնական վիրավորանքների տիրույթ անցնելու ավանդույթը։ Չնայած այդ ուղղությամբ առկա դրական միտումներին, այնուհանդերձ, ներկայիս քաղաքական դաշտում դրա առանձին առկայծումներ դեռևս լինում են։ Իշխող ուժի առանձին ներկայացուցիչներ իրենց գնահատականը տվել են սրան, ինչն էլ ավելի է ամրապնդում նոր արժեհամակարգային հիմքով քաղաքական գործունեություն ծավալելու վերաբերյալ Նոր Հայաստանում առկա անխախտ հավատը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին