February 17, 2020
Գլխավոր » Նպատակահարմար չգտանք թաթախվել հակաօրինական գործընթացի մեջ․ Գևորգ Պետրոսյան
Իրավունք

Նպատակահարմար չգտանք թաթախվել հակաօրինական գործընթացի մեջ․ Գևորգ Պետրոսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Վախենալու մասին խոսք չկա և, կարծում եմ, որ որևէ մեկը վախի զգացում չի ապրել, պարզապես նպատակահարմարության խնդիր էր։ Պետք չէր թաթախվել մի գործընթացի մեջ, որն իսկզբանե հակաօրինական ծագում և ընթացք ունի։ Սա է ամբողջ խնդիրը»,- NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն, անդրադառնալով սահմանդրական հանրաքվեի, իրենց խմբակցության երեկվա որոշմանը։

Պետրոսյանն ընդգծեց, որ իշխանական խմբակցությունը բազմիցս՝ ամենաբարձր ատյաններից միաբերան հնչեցրել է, որ ՍԴ-ի խնդիրն իրենց համար ոչ թե իրավունքի, այլ քաղաքականության դաշտում է։ Այս համատեքստում պատգամավորը հիշեցրեց իշխանական խմբակցության մի քանի ներկայացուցիչների խոսքեր․«Նրանցից մեկը , անունը չեմ ուզում տալ, ասել էր, թող մեզ վրա Վենետիկից մարդ չբերեին, մենք էլ չէինք գնա այս քայլին, կամ մյուսը լուրջ դեմքով ասում է, գլխավոր դատախազն ու ԿԸՀ-ի նախագահն ընդունել են մեր խաղի կանոնները, իսկ ՍԴ-ն՝ ոչ,  Արդարադատության նախարարն էլ ասում է, եթե ՍԴ դատավորները իրենց վրա ճնշում են զգում, թող դիմեն վարչապետին, ինչը նշանակում է, որ ցանկություն կա արդարադատության համակարգը մտցնել գործադիր իշխանության տակ, բա սա իրավական պետությանը բնորոշ մոտեցում է։ Այսինքն՝ իրենք խոստովանում են, որ ունեն մեկ անձից ազատվելու նպատակ։ Եթե մենք գործընթացի կեսից փոխեինք մեր դիրքորոշումը, կհամաձայնեի քննադատների հետ, որ մի արտակարգ հանգամանք ի հայտ եկավ և մենք փոխեցինք քաղաքական մեր դիրքորոշումը, բայց քննարկումների առաջին օրվանից հրապարակայնորեն բարձրաձայնել ենք  նախագծի հակաօրինական լինելու մասին և հանդես եկել առաջարկներով, որոնք անտեսվեցին։ Այս պայմաններում մեր մասնակցությամբ կլեգիտիմացնեինք այդ ապօրինի գործընթացը»։

Պատգամավորը նշեց, եթե իշխանությունը վստահ է, որ իրենց ուժերով այդ ապօրինի գործընթացը կյանքի կկոչեն, թող գնան և կյանքի կոչեն, իրենք նպատակահարմար են գտել չմասնակցել դրան։

Հարցին, եթե վստահ եք, որ հակաօրինական գործընթաց է, ինչու՞  չմիացաք «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը և չդիմեցիք Սահմանադրական դատարան, Պետրոսյանն ասաց․ «Սկսենք նրանից, որ «Լուսավոր Հայաստանի» այդ առաջարկ կոչվածը որևէ կոնկրետ  ձևով չի արտահայտվել, հնչել է միայն բանավոր ձևով։ Առաջարկը պետք է լինի գրավոր, կոնկրետ նախաձեռնություն լինի, նստենք քննարկենք, ոչ թե հայտարարություն հնչեցնեն, հետո ասեն իրենք չմիացան»։

Այս հարցում, ըստ Պետրոսյանի, ամենամեծ դերը և ամենակարճ ճանապարհը ՀՀ նախագահի կողմից ՍԴ –ին անդրադարձն էր, « որը չարվեց և հիմա այս գործընթացում մեղավորներ փնտրելը անպտուղ զբաղմունք է»։

Պետրոսյանը կարևոր է համարում այն, որ ««Հանրաքվեի մասին օրենքում» նշված է, որ ընտրատեղամասերում պետք է փակցված լինեն հանրաքվե նշանակելու մասին իրավական ակտի և ՍԴ-ի դրական եզրակացության պատճենները, ապա ինքներդ դատեք, թե որտեղից են այս վերջին փաստաթղթերը հայտնաբերվելու, որ փակցվեն ընտրատեղամասերում և այս պայմաններում, որքանով է գործընթացը լինելու օրենքի շրջանակներում», -ասաց ընդդիմադիր պատգամավորն ու ավելացրեց, որ, չնայած, ձեռնպահ են մնում գործընթացից, բայց, եթե քարոզարշավի և բուն հանրաքվեի ընթացքում լինեն խախտումներ, իրենք՝ որպես քաղաքական ուժ անպայման  գնահատականներ կհնչեցնեն։ Պետրոսյանն անհրաժեշտ համարեց ասել, որ դեռ քարոզարշավի մեկնարկից առաջ «այո»-ի կողմնակաիցներն արդեն սկսել են ցեխ շպրտել այլախոհների վրա։

Քաղաքական առումով սա ձախողում չե՞ք համարում հարցին, Պետրոսյանը պատասխանեց․«Բացարձակապես, եկեք հիշենք, որ գործընթացին մասնակցելուց հրաժարվել են և՛ արտախաորհրդարանական և՛ խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժերը»։  

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառում էր արել, անդրադառնալով ընդդիմադիր ուժերին և մասնավորապես նշել էր, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի այս քայլը ոչնչով չի տարբերվում արտախորհրդարանակն՝ ռևանշիստական ուժերի գործելակերպից, ինչպե՞ս կմեկնաբանեք հարցին ի պատասխան՝ Գևորգ Պետրոսյանն ասաց․ «Արման Բաբաջանյանի վերջին տարիների կյանքի իմաստը եղել է, ուրիշներին վկայակոչելով, իրեն գովազդելու ցանկությունը։ Դրա համար, ընդհանրապես չեմ մեկնաբանի այդ միտքը, քանի որ այնտեղ որևէ ռացիոնալ հատիկ չկա, նա պարզապես ազատ ժամանակ վարժանք է անցկացնում հայելու առաջ՝ ինչ դեմքով և ինչ առոգանությամբ չարախոսել քաղաքական այլախոհների հասցեին, որպեսզի դրանով պարբերաբար հայտնվի հասարակության ուշադրության կենտրոնում, որովհետև իր սեփական հեղինակությամբ, իր քաղաքական կշռով երբևէ չի հավակնում երևալ հասարակության աչքին»։

Նմանատիպ Հոդվածներ

ԿԸՀ-ն հրապարակել է «Այո» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը

Diana Amirkhanyan

«Վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ ՍԴ-ն ներկայիս կազմով չի կարող սահմանադրական արդարադատություն իրականացնել»․ ՔՈ

Diana Amirkhanyan

Սահմանադարական հանրաքվեի քարոզչությունը մեկնարկեց․ «Ոչ»-ի շտաբ չկա

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին