24 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90809.6 By Google Analytics 08.08.2020
Գլխավոր » «Նրանք Հայաստանի սահմանին զոնդաժ են անում թույլ կետերը, որպեսզի հնարավոր լայնամասշտաբ հարձակման դեպքում երեք ուղղությամբ ճնշեն»․ Անժելա Էլիբեգովա
ԱՐԴ

«Նրանք Հայաստանի սահմանին զոնդաժ են անում թույլ կետերը, որպեսզի հնարավոր լայնամասշտաբ հարձակման դեպքում երեք ուղղությամբ ճնշեն»․ Անժելա Էլիբեգովա

հետևեք մեզ նաև Telegram-ում

Newarmenia-ի զրուցակիցն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան

-Մենք ըստ էության ինչի՞ հետ գործ ունենք Ադրբեջանի ագրեսիայի ակտիվացման առումով։

-Դա բնականոն շարունակությունն է Ադրբեջանի իշխանությունների միլիտարիստական հայտարարությունների վերջին տեղատարափի։ Ե՛վ նախագահի, և՛ ԱԳՆ-ի, և՛ ռազմական վերնախավի հայտարարությունները վկայում էին, որ առաջնագծում մեզ ամենայն հավանականությամբ սպասվում են սադրանքներ։ Որովհետև Ադրբեջանը կորոնավիրուսով պայմանավորված հիմա բավականին բարդ սոցիալական վիճակում է, և հայկական թեման միշտ հարմար է հանրության ներքին ուշադրությունը դեպի արտաքին թշնամին շեղելու համար։

-Այն, ինչ նրանք այս օրերին անում են, դժվարացնելո՞ւ է ապագա բանակցությունները։

-Կարծում եմ Ադրբեջանի համար դժվար է լինելու աշխարհին բացատրել, թե համավարակի ժամանակ հրադադարի ռեժիմը պահպանելու Մինսկի համանախագահների կոչերին ի պատասխան ինչու են իրենց լկտի պահում։ Եվ բանակցային սեղանի շուրջ, այո, Ադրբեջանի դիրքերը ահագին խնդիր կունենան այն առումով, որ հայկական կողմն իմ կարծիքով պետք է շատ հստակ դնի հարցը, որ պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Ապրիլյան պատերազմից հետո՝ մոնիտորինգի և հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմներ մտցնելը այսուհետև այնուամենայնիվ դառնա պարտադիր, ինչից Ադրբեջանը խուսափում է։

-Տիկին Էլիբեգովա, այսօր հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի արտգործնախարարը և Սերգեյ Լավրովը։ Ինչի՞ մասին նրանք կարող էին խոսել։

-Մամեդյարովի հետ էլ է խոսել Սերգեյ Լավրովը։ Կարծում եմ ամեն մեկն իր դիրքորոշումն է ներկայացրել տեղի ունեցածի մասին։ Էստեղ հասկանալի չէ Մինսկի խմբի համանախագահների լռությունը։ ԵՄ-ն, Ռուսաստանի ԱԳՆ-ն թեմային անդրադարձել են, բայց նեյտրալ, կողմերին կոչ անելով պահպանել հրադադարը, ինչը սովորաբար միշտ են անում։ Հազվադեպ մեզ հաջողվում է, որպեսզի Ադրբեջանը նշվի մեղավոր։

-Այսինքն, Ռուսաստանն ընդամենը տեղեկացել է, թե ինչ է կատարվում։

-Ինչքանով հասկացա ՀԱՊԿ-ի այդ արտահերթ նիստը, որ պետք է գումարվեր, հետաձգվեց անհասկանալի պատճառով և անհայտ ժամանակով․․․

-Ենթադրելի չէ՞, թե ինչու․․․

-Ճիշտն ասած իրենց մամուլի խոսնակը հրաժարվեց մեկնաբանել, ասեցին, որ քննարկումներ են ընթանում բոլոր կողմերի հետ։ Այս պահի դրությամբ մենք առհասարակ Ադրբեջանի մեղավորությունը ֆիքսող ոչինչ չունենք ո՛չ ԵՄ-ից, ո՛չ Ռուսաստանից, ո՛չ էլ ԱՄՆ-ից։ Ես կարծում եմ, որ մենք առանձնապես նրանցից ոչինչ չպետք է ակնկալենք։

-Այս անգամ սակայն Ադրբեջանի ագրեսիան արտահայտվել է Հայաստանի հանդեպ, նրանք կրակել են ականանետերով, տանկերով։ ՀԱՊԿ-ն պե՞տք է արտահայտվի այս առիթով։

-ՀԱՊԿ-ն, որպեսզի որևէ կերպ պրոցեսին խառնվի, պետք է նրան հայկական կողմը դիմի։

-Լիլիթ Մակունցը դիմել է։ Չգիտեմ ինչու Լիլիթ Մակունցը, բայց դիմել է․․․

-Եթե դիմել է, ուրեմն արձագանք պիտի լինի։ Եվ ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը նաև գործողությունների տեսքով պետք է պատժվի, որովհետև մենք տարիների ընթացքում միջազգային հանրության կողմից տեսնում ենք բալանս պահելու միտում։ Ադրբեջանին նույնիսկ եթե դատապարտում են, իրենց որևէ կերպ չի սահմանափակում, որովհետև իրենք հասկանում են, որ էդ դատապարտման պրակտիկ հետևանք չկա։ Չկա որևէ մեխանիզմ իրենց պատժելու և պարտադրելու։ Այստեղ մենք պետք է առաջին հերթին մտածենք, թե ինչպես ապահովել պատժման մեխանիզմը։ Իհարկե, մեր բանակն արագորեն նրանց ցույց է տալիս իրենց տեղը, բայց նաև այստեղ դիվանագիտական ոլորտում մեծ անելիք կա։

-Տիկին Էլիբեգովա, ինչո՞ւ Ադրբեջանն այս անգամ որոշեց իր ագրեսիան սկսել Հայաստանից։

-Առհասարակ վերջին ժամանակներում մենք տեսնում ենք, որ սադրանքներն իրականացվում են Տավուշում ու Նախիջևանում։ Իրականում հիմա ադրբեջանական կողմը տեղեկություն է տվել, որ նախիջևանյան կողմում էլ է լարված։ Ես կարծում եմ՝ իրենք ժոնդաժ են անում թույլ կետերը ՀՀ սահմանագծով, որպեսզի ավելի լայնամասշտաբ հարձակման դեպքում երեք ուղղությունով էլ կարողանան հայկական կողմին ճնշել։ Իրենց թիրախում միայն Արցախը չէ։ Իրենք մյուս երկու ուղղությունն էլ են լրջորեն դիտարկում։ Ես ռազմական փորձագետ չեմ, որ մանրամասն խոսեմ այս մասին, բայց եթե հետևենք նրանց զորավարժությունների քանակին, մասշտաբին, տրամաբանությանը, հասկանալի է դառնում, որ երեք ուղղությունով էլ մեզ բավականին լուրջ վտանգ է սպառնում։

-Ի՞նչ նմանություններ կան նախաապրիլյան ադրբեջանական ագրեսիաների և այս օրերի ագրեսիայի միջև։

-Ապրիլյանից առաջ ամիսներ տևեց, մինչև մենք եկանք Ապրիլյան պատերազմին, դա միանգամից, մի օրում չեղավ։ Մոտավորապես մի տարի տևող պրոցես էր, երբ դիվերսիաներով սադրանքներով սկսեցին սրել իրադրությունը առաջնագծում, դա ուղղորդվում էր նաև տեղեկատվական ոլորտում հարձակումներով, կիբերոլորտում հարձակումներով, նաև իրենց ներքաղաքական դիսկուրսում հանրությանը նախապատրաստելով, այդ պրոցեսը տևեց ամիսներ։ Նաև իրավական դաշտում խստացումներ արեցին, որպեսզի իրենց պաշտոնական տեղեկատվությունից դուրս հանրությունը ինֆորմացիա չստանա ու չտարածի։ Եվ այդ բոլոր նախապատրաստական աշխատանքները բերեցին Ապրիլյան պատերազմին։ Հիմա նույն պրոցեսը նույն տրամաբանության մեջ գնում է, ամեն ինչ սկսվում է փոքր սադրանքներով, տեղեկատվական դաշտում ապատեղեկատվություն նետելով, հայկական օգտատերերի ֆեյսբուքյան հաշիվներ կոտրելով և դրա միջոցով պանիկա տարածելու փորձերով։ Գործողությունների տրամաբանությունը կրկնվում է, ուղղակի տեխնոլոգիական ինչ-որ նրբություններ են փոխվել, որովհետև նրանք սովորել են ապրիլյան սխալների վրա, տեխնոլոգիաներ են թարմացրել, ինչը մեզ համար պետք է զգոնության պատճառ դառնա։

Մանրամասները տեսանյութում

Զրուցեց Մհեր Արշակյանը

Նմանատիպ Հոդվածներ

«168 ժամ». «Դավիթ Տոնոյանը պետք է պատրաստ լինի»

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին