-2 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2020
116777.6 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Շատ եմ լսել, թե ինչպես են տղաները սողեսող մոտենում թշնամու տանկին՝ հետեւից խփում. Արծրուն Հովհաննիսյան. «ՀԺ»
թերթերի տեսություն

Շատ եմ լսել, թե ինչպես են տղաները սողեսող մոտենում թշնամու տանկին՝ հետեւից խփում. Արծրուն Հովհաննիսյան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․

Արդեն 23 օր շարունակվող թեժ մարտերում հակառակորդը վերջին տվյալներով կորցրել է՝ 195 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 566 զրահատեխնիկա, 4 ՏՈՍ: Նրանց մարդկային կորուստները հասնում է 6259-ի:

Ընթացող մարտերի եւ դրանում հակառակորդի կորուստների վերաբերյալ ՀԺ-ն մի քանի հարց է ուղղել Հովհաննիսյանին:

Պարոն Հովհաննիսյան, ձեր հաշվարկներով այս ընթացքում հակառակորդի ընդհանուր տեխնիկայի քանի՞ տոկոսն ենք խոցել:

 Իրականում դժվար է ասել, որովհետեւ տեսեք՝ հակառակորդի տեխնիկան ընթացքում թարմացվում է: Մենք տեսնում ենք, որ այս պատերազմի 23 օրերի ընթացքում Ադրբեջանն ինտենսիվորեն տարբեր պետություններից զենք-զինամթերք, տեխնիկա է ներկրում: Այսինքն՝ հստակ իմանալ, թե ինչքանով է թարմացվել՝ դժվար է: Բացի դրանից որոշ տարածքներում հակառակորդը առաջ է գալիս եւ իր խոցված տեխնիկան մնում է իր դաշտում, հետեւաբար նրանք հնարավորություն ունեն դրանց որոշ մասը վերցնել, վերանորոգել ու նորից մարտի մեջ մտցնել: Այնպես որ շատ դժվար է նման հստակ թիվ ասել: Բայց փաստ է, որ նրանց ցամաքային հարձակվողական բռունցքը հանդիսացող զրահատանկային զորքերի մեջքը ջարդված է՝ չեմ ասում ամբողջովին, բայց հիմնական մասը ոչնչացված է:

Պարոն Հովհաննիսյան, Ադրբեջանը հերթական անգամ խախտեց հրադադարի պայմանավորվածությունը, ո՞րն էր նպատակը դրանց համաձայնություն տալու, եթե կրկին չէին պահելու հրադադարը:

Եթե անկեղծ ասեմ նման տրամաբանությունն ընդհանրապես չեմ հասկանում եւ հրաժարվում եմ հասկանալ: Սկզբում հրադադարի համաձայնություն տալ, դեռ հրադադարը չկնքած հայտարարել, որ հայկական կողմն է ուզում հրադադար, հետո հաջորդ օրը խախտել ու հայտարարել, որ հայկական կողմն է խախտել հրադադարը… ես այս տրամաբանությունը չեմ հասկանում:

Հակառակորդի գործողությունները ռազմական տրամաբանությամբ նմա՞ն են նրանց նախկին գործողություններին, թե մարտավարությունը ակնհայտորեն Թուրքիան է ղեկավարում՝ ինչպես փորձագետներից շատերն են նշում:

Ադրբեջանի զինված ուժերին չէի ցանկանա թերագնահատեինք, շատ ուժեղ զինված ուժեր են: Մանավանդ բարձր տեխնոլոգիական կոմպոնենտը, որը մեծ հավանականությամբ հենց իրենք չեն ղեկավարում, ավելի բարձրակարգ է: Բայց կան նաեւ բավականին հետամնաց տարրեր՝ մանավանդ ցամաքային զորքերում: Հետամնաց մոտեցումներ, թե՛ մարտավարական, թե՛ տեխնիկական եւ թե՛ կիրառական առումով: Բայց գլոբալ վերցրած երբեք էլ հակված չեմ եղել թերագնահատելու Ադրբեջանի զինված ուժերին եւ առավել եւս հիմա չեմ թերագնահատում:

3 շաբաթյա մարտերը ռազմագիտական առումով ինչպե՞ս կբնութագրեք, վերլուծություններ արվե՞լ են արդեն:

— Նախնական ես ասել եմ, որ դասական բլիցկրիգը տապալված է, այն տապալվել է նույնիսկ 5-6 օրվա ընթացքում: Դրանից հետո հիմա գնում է այլ մարտավարություն՝ ավելի շատ կրակային մարտի կիրառություն՝ նեղ տեղամասերում եւ գրոհող տարաբնույթ խմբերի մարտավարություն, որն իրենք փորձում են համադրել: Մի փոքր ստացվում է, մի փոքր չի ստացվում: Կրակային մարտը քիչ թե շատ ստացվում է, որովհետեւ այդ կրակային առավելությունն ունեն, իսկ անկանոն խմբերի գրոհող մարտավարությունը հաճախ տապալվում է, երբեմն ստացվում է: Ընդհանուր առմամբ, շարունակվում է ոչ դասական համազորային մարտի տեսքով:

Պարո՛ն Հովհաննիսյան, մեր զինվորների հերոսություններից նոր դրվագներ կա՞ն:

Իրականում շատ բաներ կան, որ մեզ չի էլ հասել դեռ: Շատ բաներ կան, շատ եմ լսել, թե ինչպես են տղաները սողեսող մոտենում տանկին՝ հետեւից խփում, որովհետեւ ճակատից չի ստացվում: Ինչպես են հատուկ իմիտացիա անում, թե նահանջել են, բայց չեն նահանջում, որպեսզի մնան իրենց տանկերի մեջտեղում եւ կողքից խփեն տանկերը: Թե ինչպես են մեր խմբերն ընկնում շրջափակման մեջ, իսկ հետո ճեղքելով դուրս գալիս:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին