28 C
Yerevan
20 Սեպտեմբերի, 2020
98630.4 By Google Analytics 19.09.2020
Գլխավոր » Շատ լավ է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն օգտագործում է «առանց նախապայմաններ» եզրույթը, նախապայման դնողն Ադրբեջանն է․ Դ․ Բաբայան
Հարցազրույցներ

Շատ լավ է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն օգտագործում է «առանց նախապայմաններ» եզրույթը, նախապայման դնողն Ադրբեջանն է․ Դ․ Բաբայան

NewArmenia.am-ը զրուցել է Արցախի պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանի հետ։

—  Պարո՛ն Բաբայան, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջարկում են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպել և նպատակ ունեն «առանց նախապայմանների»  լուրջ առարկայական բանակցություններ ունենալ։ Որքանո՞վ է հավանական այս հանդիպումը՝ հաշվի առնելով այն, որ տավուշյան իրադարձություններից  հետո այդպես էլ կողմերը չհանդիպեցին։

— Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումն աշխարհաքաղաքական մի կարևոր գործընթաց է, որն անպայման պետք է ընթանա: Կողմերը դուրս չեն եկել բանակցութուններից, այսինքն՝ թե՛ պաշտոնական Երևանը, թե՛ պաշտոնական Բաքուն չեն որոշել դուրս գալ բանակցություններից։ Այո, ունեցել ենք ճգնաժամային վիճակներ, բայց բանակցել ենք։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ դեռ պատերազմը շարունակվում էր, բանակցում էինք, ապրիլյան պատերազմի  ժամանակ չկար բանակցություններ, բայց հետո վերականգնվեց, նույնը տավուշյան դեպքերից հետո կլինի։ Մենք տեսնում ենք գերտերությունների, տարածաշրջանային պետությունների շահերը և այլն, իսկ մեզ համար էլ կարևոր է, որ խաղաղ բանակցային գործընթացն ընթանա։ Այն, որ համանախագների կողմից նման կոչ է արվում, կարծում եմ, որ շատ կարևոր է, որովհետև այդ բանակցային գործընթացի շարունակականության ապահովումը պետք է պահպանվի։ Սրան է ուղղված համանախագահների կոչը, ավելին՝ շատ լավ է, որ իրենք օգտագործում են «առանց նախապայմաններ» եզրույթը, իսկ նախապայման դնողն Ադրբեջանն է։ Ադրբեջանը ոչ միայն նախապայման, այլև վերջնագրեր է դրել, օրինակ՝ Արցախը չի  լինելու անկախ պետություն, հողերը հետ տվեք և այլն։

Սակայն մենք միշտ պետք է հիշենք, որ այս հակամարտության կարգավորումն ունի երկու փուլ՝ բուն հակամարտության կարգավորման, որը շատ երկարատև գործընթաց է, ու տեսանելի ապագայում դժվար է նման բան կանխատեսել, մյուս  փուլն էլ տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռվածության պահպանումն է, որի մեջ շահագրգռված են և ԱՄՆ-ն, ՌԴ, Իրանը, Չինաստանը և այլն։ Այսինքն՝ սա գերտերությունների, տարածաշրջանային հզոր խաղացողների շահերից է բխում, ինչո՞ւ պետք է ընդդիմանանաք այդ ամենին։ Պետք է խոսենք, սակայն սա չի նշանակում, որ զիջումներ ենք անելու։ Եթե մենք խաղում ենք այս խաղը, պետք է խաղանք համապատասխան կանոններով, քանի որ չի կարելի բասկետբոլ խաղալ ֆուտբոլի կանոններով։ Այսինքն, այո, բանակցային գործընթացը շարունակվում է՝ հասկանալով, որ սա ուղղված է ռազմաքաղաքական հավասարկշռավածության պահպանմանը։

— Համանախագահները նոր չէ, որ ծանոթ են Ադրբեջանի հռետորաբանությանը, Դուք էլ նկատեցիք, որ նախապայմաններ առաջ են բերում ադրբեջանցիները։ Ի՞նչ նկատի ունի ԵԱՀԿ ՄԽ-ն «առանց նախապայմաններ» ասելով։

— Երբ նման բառակապակցություն են օգտագործում, մենք պետք է հասկանանք, որ նշանակում է առանց էմոցիաների բանակցել, որ հիմնական շեշտը շարունակվելու է դրվել տարածաշրջամում խաղաղության ու կայունության պահպանման վրա, իսկ սա բխում է նաև մեր շահերից։ Սա արդեն ոչ այնքան Ադրբեջան, Արցախ, Հայաստան փոխհարաբերություն է, որքան ավելի մեծ երկրների փոխհարաբերությունների կարգավորում։

— Ի՞նչ է նշանակում՝ լուրջ առարկայական բանակցություններ։ Արդյոք ՄԽ-ն նկատի ունի, որ պետք է սկսել բուն բանակցությունները, այլ ոչ թե տարածաշրջանի կայունության հարց, որի մասին Դուք եք խոսում։

— Մենք կանխատեսել էինք, որ տավուշյան դեպքերից հետո որոշ ժամանակ բանակցությունները սառեցվելու են, ինչն էլ տեղի է ունեցել, ինչը բնական է։ Սակայն մենք պետք է հարցին նաև սառնասրտորեն մոտենանք և հասկանանք, թե ինչպիսի տարածաշրջանում ենք ապրում, ինչ շահեր կան։ Պետք է նաև հաշվի առնենք, թե ինչպիսի սրացումներ կան տարբեր այլ թատերաբեմերում՝ Մերձավոր Արևելք, Բելառուս, Իրան, Չինաստանի հետ հարաբերություններ և այլն։ Բնական է, որ բոլորը շահագրգռված են, որ այստեղ լինի հավասարակշռվածություն, ինչը և պահպանվում է։ Կարծում եմ՝ մեզ համար սա նույնպես հնարավորություն է անընդհատ լինել աշխարհաքաղաքական այդ զարգացումների հետ։ Հիմա խնդրի կարգավորում չի կարող լինել՝ չկա որևէ նախապայման, քանի որ կողմերն ունեն իրարամերժ մոտեցումներ, ու դժվար է հասնել կարգավորման։ Բայց մյուս կողմից մենք տեսնում ենք որոշ ուժերի կողմից քայլեր, որոնք ակտիվորեն փորձում են խառնել այդ հավասարակշռվածությունը, օրինակ՝ Թուրքիան։ Չէ՞ որ նման հանդիպումները թույլ են տալիս այդ կողմնակի ուժերին զսպել, ինչո՞ւ մենք այդ գործընթացում չմասնակցենք։

— ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն օրերս նշեց, որ ՀՀ-ն ունի երկու առաջնայնություն՝ Լեռնային Ղարաբաղի «առանց սահմանափակումների» ինքնորոշման իրավունքի ճանաչում և անվտանգության համաձայնագրեր, որոնք կկանխարգելեն ռազմական գործողությունների վերսկսումը։ Ի՞նչ է նշանակում առանց սահմանափակումների, սա  նո՞ր թեզ է։

Սա նոր թեզ չէ, սա հիմնական մեր թեզն է, բայց մի քիչ նոր փաթեթավորմամբ, որովհետև մենք միշտ ասել ենք, որ մեր ինքնորոշման իրավունքի իրականացման փաստն ու անվտանգությունը պետք է ճանաչվի։ Երբ ասում ենք ինքնորոշում, ապա Ադրբեջանում ասում են, որ Արցախն իրավունք չունի ինքնորոշվել, այլ ընդհանուր Ադրբեջանի ժողովուրդը պետք է հանրաքվե անցկացնի ու տեսնի՝ Արցախի ժողովուրդն ունենա ինքնավարություն, թե՝ ոչ։ Սակայն մենք մեր ճակատագիրն արդեն որոշել ենք ու շատ վաղուց, իսկ հիմա ոչ թե ինքնորոշման իրավունքի համար պետք է պայքարենք, այլ ինքնորոշման իրավունքի իրացման փաստի համար։ Նույնը մեր անվտանգությունն է, այսինքն՝ բոլոր հարթություններում՝ տնտեսական, էկոլոգիական և այլն,  մենք պետք է ի վիճակի լինենք մեր անվտանգությունն ապահովել, քանի որ ամեն ինչ մեկը մյուսի հետ փոխկապակցված է։ Օրինակ՝ առանց Քարվաճառի շրջանի Արցախը չի կարող ոչ միայն իր էկոլոգիական անվտանգությունը պաշտպանել, այլ ՀՀ-ի, քանի որ Արփան ու Որոտանը թափվում են Սևան, այսինքն՝ թիրախավորվելու ենք։ Ի՞նչ է` պետք է ծնկի գանք, որ Սևանա լիճը չթունավորե՞ն։ Իհարկե, սա մեզ պետք չէ, հետևաբար, բոլոր հարթություններում պետք է ի վիճակի լինենք մեր սեփական ուժերով ապահովել մեր անվտանգությունը։

— Ի վերջո, ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա՞, չէ՞ որ տավուշյան դեպքերից հետո մեկ անգամ չէ, որ խոսվեց հանդիպման մասին, բայց մինչ օրս որևէ քայլ չի եղել։

— Հանդիպումը լինելու է, սակայն երբ ու ոնց, չեմ կարող ասել, բայց մենք երբեք չենք տորբեդացրել բանակցային գորընթացը, դուրս չենք եկել։ Բանակցային գործընթացի տապալումը պատերազմ է նշանակում, այսինքն՝ զոհեր, ավերածություներ։ Եթե սա ենք ուզում, ապա ասում ենք՝ չեն բանակցում ու գնում են պատերազմի, սա էլ տարբերակ է։ Մենք գերադասում ենք խաղաղ կարգավորումը ոչ նրա համար, որ վախենում ենք, այլ կան ուժեր, հոսանքներ, որ պետք է հաշվի առնենք, կան մարդասիրական խնդիրներ։ Եթե Ադրբեջանը հարձակվի, բնական է, որ կպաշտպանվենք ու պատասխան կտանք։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո իրատեսական չէ ակնկալել, որ մոտակա տարիներին բանակցություններ կլինեն․ Դ․ Բաբայան

Սերինե

Թողնենք պետությունն առանց ղեկավա՞ր լինի, ժողովրդի մասին գոռալով չեն մտածում․ Դ․ Բաբայանն՝ Արցախում ընտրությունները չհետաձգելու մասին

Սերինե

Ինչպիսի ընտրություն կատարենք, ում ընտրենք, այդպիսի Արցախ էլ ունենալու ենք, իշխանությունն արտացոլելու է մեր պատկերը․ Դավիթ Բաբայան

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին