20 C
Yerevan
26 Մայիսի, 2020
68996.7 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » ՇՄ նախարարությունը պարզաբանել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացումների օրինագիծը
Այլ Լուրեր

ՇՄ նախարարությունը պարզաբանել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացումների օրինագիծը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ։ 

«Շրջակա միջավայրի նախարարության միակ նպատակը շրջակա միջավայրի անվտանգության աստիճանի բարձրացումն է, որևէ այլ նպատակ նախարարությունը չի հետապնդում։
Առաջարկվող փոփոխությունը բխում է կառավարության դեռևս 2018 թվականի փետրվարի 22-ի N7 արձանագրային որոշմամբ հաստատված Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությունից։

Նախ` հարկ ենք համարում փաստել, որ առաջարկվող կարգավորումը սահմանված է Օրհուսի կոնվենցիայով, ավելին` այս կարգավորումը սահմանված է նաև ԵՄ 2003/4 դիրեկտիվով, մասնավորապես դրա 4-րդ հոդվածի 2-րդ մասի (h) կետով: Ի դեպ, ՀՀ-ԵՄ համաձայնագրով ՀՀ-ն պարտավորություն է ստանձնել մոտարկել նաև ԵՄ 2003/4 դիրեկտիվի 4-րդ հոդվածով սահմանված կիրառելի բացառությունների սահմանումը:

Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում սահմանված են հիմքեր, որոնց պարագայում շրջակա միջավայրին վերաբերող տեղեկություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել։
Քանի որ, «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիայով սահմանված հիմքերի զգալի մասն արդեն իսկ ներկայացված է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, հետևապես` անհրաժեշտություն է առաջացել օրենքում լրացնել միայն կոնվենցիայի 4-րդ հոդվածի 4-րդ մասի «ը» կետով սահմանված մերժման հիմքը։

Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի ը) կետով ամրագրված է, որ շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել,

ը) եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա։
(Օրհուսի կոնվենցիայի վերոհիշյալ հոդվածի կետի բառացի թարգմանություն)

Նախագիծը հավանության է արժանացել կառավարության կողմից և կքննարկվի Ազգային Ժողովում։ Եթե կան առաջարկներ, որոնք հնարավորություն կտան լուծել այս խնդիրը, համահունչ են ՀՀ օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին՝ պատրաստակամ ենք ներառել դրանք նախագծում։

Ի դեպ, այս կարգավորումներն է՛լ ավելի արդիական են դառնում նախարարությունում մոնիթորինգի համակարգի հզորացման տեսանկյունից, որի արդյունքում նախարարությունում տեղեկությունները (այդ թվում՝ կենդանական և բուսական աշխարհի հազվագյուտ տեսակներին վերաբերող) լինելու են առավել ամբողջական, ավելի լավ մշակված և համակարգված։

Գործող օրենսդրությամբ, եթե օրինակ՝ որևէ անձ պահանջի տեղեկատվություն կովկասյան ընձառյուծի բնադրավայրի վերաբերյալ՝ մենք պարտավոր ենք հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ տեղեկատվությունը տրամադրել»։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին