24 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92096 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Ո՞ր փաստաթղթի առկայության դեպքում ՀՀ քաղաքացին կարող է մեկնել արտասահման արտակարգ դրության պայմաններում
Կարևոր

Ո՞ր փաստաթղթի առկայության դեպքում ՀՀ քաղաքացին կարող է մեկնել արտասահման արտակարգ դրության պայմաններում

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ-ում գործող մի քանի զբոսաշրջային ընկերություններ քաղաքացիներին առաջարկում են ամրագրել տոմսեր` ամառային հանգիստը Եգիպտոսում, Դուբայում անցկացնելու համար։ NewArmenia.am-ը ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանից հետաքրքրվեց` արդյոք Հայաստանում գործող արտակարգ դրության պայմաններում մեր համաքաղաքացիները կարող են հանգստանալ արտերկրում, թե ոչ։

«Եթե քաղաքացին ցանկանում է մեկնել արտերկիր, նա Հայաստանից սահմանափակում չունի, պարզապես պետք է լինի այնպիսի երկիր, որը կընդունի նրան, այսինքն՝ սահմանափակում դրված չլինի ՀՀ քաղաքացու նկատմամբ»,- ասաց Վահան Հունանյանը։ Հարցին, թե կա՞  երկրների հստակ ցանկ, որտեղ արգելված չէ ՀՀ քաղաքացիների մուտքը, Հունանյանն ասաց, որ այդպիսի ցանկ իր ձեռքի տակ չկա, և ամեն երկիր իր քաղաքականությունն է վարում․ «Օրինակ՝ մենք բոլոր երկրների նկատմամբ հիմա փակ ենք։ Ամեն երկիր սուվերեն պետություն է, և ինքն է որոշում իր քաղաքականությունը»։

Հարցադրմանը, թե մեր երկրում գործող արտակարգ դրությունը փաստորոն չի՞ խանգարում, որ ՀՀ քաղաքացին մեկնի արտասահմանյան որևէ երկիր, որտեղ նրա մուտքն արգելված չէ, Հունանյանն ասաց՝ այո, ընդգծեց, որ հանգստից հետո քաղաքացին պետք է անցնի տասնչորսօրյա պարտադիր ինքնամեկուսացման։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն էլ ասաց, որ ցամաքային ելքերը՝  հարևան Վրաստան և Իրան, արգելված են, իսկ օդային ելքերի դեպքում անհրաժեշտ է համապատասխան փաստաթուղթ․ «Եթե կա փաստաթուղթ կա՛մ հյուպատոսությունից, կա՛մ տվյալ երկրի կողմից տրված, օրինակ՝  եթե Ռուսաստանի հյուպատոսությունը մեզ տալիս է փաստաթուղթ, որ տվյալ քաղաքացին կարող է մուտք գործել Ռուսաստան, և կա թռիչք, ապա քաղաքացին կարող է մեկնել։ Սա տեղի է ունենում այն դեպքում, երբ երկու երկրների միջև փոխհամաձայնեցված թռիչքներ են լինում, օրինակ՝ այս ընթացքում Երևան-Լոս Անջելես թռիչքն է նախատեսվում։ Իսկ եթե կա երկիր, որը չի ընդունում ՀՀ քաղաքացուն, ապա քաղաքացուն արդեն Հայաստանից չեն թողնում մեկնել, որպեսզի այդ երկրում խնդիրներ չունենա»։

Սաֆարյանն ասաց, որ ինքնաթիռ բարձրանալուց առաջ քաղաքացին պետք է այդ թույլտվությունն իր մոտ ունենա անպայման, հակառակ դեպքում նրան կարգելեն լքել Հայաստանի սահմանը․ «Թույլտվությունը քաղաքացին կարող է վերցնել տվյալ երկրի դեսպանատնից, հյուպատոսարանից, այսինքն՝ լիազոր մարմնից, որը հաստատում է, որ տվյալ երկիրը այդ քաղաքացուն կարող է ընդունել։ Սա նաև արված է բացառությունների համար, եթե, օրինակ՝  կա առողջական խնդիր, և մարդը պետք է գնա արտասահման՝ բուժվելու, և համապատասխան փաստաթղթավորումն առկա է, ինքը կարող է գնալ այդ երկրում բուժման»,-ասաց Սաֆարյանը։ Նա նշեց, որ այս փաստաթղթի առկայությունը, սակայն, չի նշանակում, որ անհրաժեշտ չէ համապատասխան վիզան, այն ևս անհրաժեշտ է. «Քանի որ դրանք երկու տարբեր բաներ են, փաստաթուղթը միայն հաստատում է, որ տվյալ երկիրը պատրաստ է ընդունել քաղաքացուն ստեղծված իրավիճակում»։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահից ևս չհաջողվեց ճշտել երկրների ցանկը, որոնք պատրաստ են ընդունել ՀՀ քաղաքացիներին։ Փորձեցինք այդ երկրների ցանկը ճշտել ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, սակայն ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեզ ասաց, որ դա կախված է տվյալ երկրի ներքին կարգավորումներից, և որպեսզի առավել հստակ լինի ցանկը, խնդրեց մեզ ուղարկել գրավոր հարցում։

Հարցման պատասխանը ստանալուն պես կհրապարակենք այդ երկրների ցանկը։

Քրիստին Աղաբեկյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին