Գլխավոր » Ոչ միայն ձուկը տալիս ենք և վերջ, այլև սովորեցնում ենք ձուկ բռնելու մեթոդը. Բաթոյանն՝ աղքատության հաղթահարման մասին
Գլխավոր Նորություններ

Ոչ միայն ձուկը տալիս ենք և վերջ, այլև սովորեցնում ենք ձուկ բռնելու մեթոդը. Բաթոյանն՝ աղքատության հաղթահարման մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ զրուցել է աղքատության նվազեցմանն ուղղված քայլերից:

— Տիկին Բաթոյան, ՀՀ-ում աղքատությունը դեռևս բարձր մակարդակի վրա է, թեպետ,կենսապահովման նվազագույն զամբյուղի գումարը բարձրացվել է, սակայն սա զուտ կարող է ազդել պաշտոնական թվերի վրա, քանի որ գիտենք՝ մի քանի հազար դրամը մարդու կյանքում բան չի փոխում։ Ի՞նչ քայլեր են արվում աղքատության հաղթահարման համար։

Կարող եմ խոսել համակարգային փոփոխություններից, իսկ մենք տարվա ընթացքում կառավարության որոշումներ ենք ընդունել։ Օրինակ՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստի համակարգում ընդգրկվելու համար նախկինում հստակ հաշվառման անհրաժեշտություն կար, այսինքն՝ որոշակի բնակության հասցե չունեցողների դեպքում դա խնդիր էր ու չէին կարողանում օգտվել։ Բայց մենք գիտենք, որ հատկապես ծայրահեղ աղքատ մարդիկ ու ընտանիքները տարբեր բնակավայրերում են ապրում, որոնք ինքնաշեն են, հասցե չկա, շատ հաճախ, ցավոք, դրանց բնակարան հնարավոր չէ անվանել։ Փոխեցինք կարգը՝ հիմա նպաստի համակարգում ընդգրկվելու կամ աջակցությունից օգտվելու համար պարտադիր չէ, որ ունենան հաշվառում։ Եթե չունի, պետք է գրանցվի սոցիալական աջակցության տարածքային գրասենյակների հասցեներում, իսկ մնացյալը մենք կանենք մեր ներքին հարցումների համակարգի միջոցով։ Սա հասցեականությունը բարձրացնելու նպատակով է։

— Ընտանեկան նպաստի վերանայում պետք  է լիներ, ի՞նչ փոփոխություններ եղան։

— Ընտանեկան նպաստի համակարգն այս տարի ամբողջությամբ կավարտենք, այն ուղղված է լինելու ծառայություններն իրարից զատելուն։ Այսինքն՝ նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքը կամ քաղաքացին ունենում է ամեն ինչ՝ աջակցության իմաստով, այսինքն՝ օգտվում է տարբեր ծրագրերից ու արտոնություններից՝ առողջապահական, կրթական, անկախ նրանից, դրա կարիքն ունի՞, թե՝ ոչ։ Այն անձը, որը տարբեր պատճառներով չի ընդգրկվում այս համակարգում, ապա զրկվում է ամեն ինչից։ Հիմա մեր բարեփոխման նպատակներից մեկն այն է, որ տարանջատենք աջակցության միջոցները։ Բազմազան ենք դարձնում աջակցությունն ու իրարով չենք պայմանավորվում, իսկ սա օգնում է ավելի ճկուն ու հասցեական լինել, որովհետև մի մարդուն, գուցե, պարենային նվազագույն զամբյուղի համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն, բայց մեկ այլ մարդու այդ աջակցությունն անհրաժեշտ չէ, այլ իրեն միայն առողջապահական ծառայություններ են անհրաժեշտ, որն այս պահին չի կարող թույլ տալ իրեն։ Այս իմաստով վերանայում ենք նպաստի համակարգը։ Մենք նաև աշխատանքի խրախուսման քաղաքականություն ենք որդեգրել, որ աջակցության տարբերակներից մեկը պետք է լինի ոչ միայն նպաստն ու ֆինանսական աջակցությունը, այլ աշխատանքի հնարավորության ստեղծումն, այսինքն՝ կարողությունների զարգացում, աշխատանքի առաջարկ և այլն։ Կարևոր քայլ էր այն որոշումներից մեկը, որն ընդունեց կառավարությունը՝ կապված սեզոնային զբաղվածության հետ։ Հիմա ժամանակավոր պայմանագրեր ունենալու դեպքում այդ որոշակի խմբերը դուրս չեն գալիս նպաստի համակարգից, այս պահին մենք գյուղատնտեսական աշխատանքի հետ կապված ենք այդ որոշումն ընդունել, սակայն շուտով ավելի լայն շրջանակ ընդգրկելը կշրջանառենք, այսինքն՝ ասֆալտապատման աշխատանք և այլն, որպեսզի ավելի մեծ թվով մարդկանց կարողանանք աջակցել, որ մարդիկ կարողանան կարևորել աշխատանքը։

— Հանրության մի շերտ սրերով ընդունեց այս իշխանությունների այն որոշումը, որ պիտի աջակցություն լինի ոչ թե ֆինանսական, այլև կրթություն պետք է ստանան, աշխատեն և այլն։ Արդյո՞ք նպաստառուները համաձայնել են ձեր փոփոխությունների հետ։

— Ճիշտն ասած՝ ես հանդիպել եմ շատ շատերին, ովքեր խրախուսել, ասել են, առաջարկել են, որ նպաստը լինի միայն երեխաների համար, իրենց աշխատանք առաջարկենք և այլն։ Կարծում եմ՝ հիմնականում այն գաղափարը, որ մարդը պետք է  աշխատի ու արժանապատիվ վաստակի իր ապրուստն, ավելի շատ է ողջունվում, քան պարզապես նպաստ ստանալու հանգամանքը։ Նպաստը պետք է լինի ժամանակավոր աջակցության միջոց, այսինքն՝ առաջարկել ֆինանսական աջակցություն, երբ մարդը ժամանակավոր ունի այդ աջակցության կարիքը, որից հետո ինքը պետք է անցնի աշխատանքի։ Եթե աշխատանքի է անցնում, ապա շարունակում են որոշակի ժամանակ վճարել, որպեսզի կայունանա, բայց եթե հրաժարվում է աշխատանքից, ապա պետությունն այլևս ֆինանսական աջակցություն չի ցուցաբերում։ Այս մոտեցումը շատ տարածված է մի շարք երկրներում։ Այս իմաստով, կարծում եմ, որ պետք է մտածենք, թե ինչ ենք մենք ուզում՝ ուզում ենք մեր կարողությունները զարգացնել, որպեսզի ավելի արժանապատիվ կյանքով ապրենք ու աշխատանքն արժևորենք, թե՝ ոչ, որովհետև, իրականում, նպաստը կյանքի որակ չի փոխում։ Եթե մենք ցանկանում ենք թեկուզ փոքր քայլերով զարգանալ, ապա պետք է աշխատանքի միջոցով հաղթահարենք։ Չեմ խոսում միայն քաղաքացու պատասխանատվության մասին, բնականաբար, մեր կառույցները, մեր աշխատակիցները, գրասենյակները ևս զարգանալու կարիք ունեն, մենք պետք է փոխենք ոչ միայն մեր քաղաքականությունը, այլև աշխատանքի բովանդակությունն ու մեթոդները, որպեսզի կարողանանք մարդուն երկարատև աջակցություն ցուցաբերել։

— Սոցիալապես անապահով ընտանիքներում քիչ են մարդիկ, որոնց կրթական ցենզը բարձր է, հետևաբար , անգամ, եթե աշխատանքի անցեն, 50-100  հազար դրամից ավել չեն սատանա։ Իրականում, սա գումար չէ, որը մեր օրերում կարող է կայունացնել սոցիալական վիճակը։

Ճիշտ եք ասում, որ այստեղ պետական աջակցությունը չի կարելի դիտարկել միայն  ֆինանսական աջակցություն, այսինքն՝ այս պահին էլ, եթե փորձենք նայել, թե ինչպիսի աջակցություն է փորձում ցուցաբերել պետությունը, կտեսնենք, որ մեծ բյուջե է։ Օրինակ՝ անվճար բժշկական ծառայությունը, բուհական կրթությունը, կոմունալ ծախսերի փոխհատուցում և այլն, եթե մենք սա վերածում ենք գումարի, բավական բյուջե է ստացվում, եթե սրան գումարենք նաև կարողությունների զարգացումն ու սոցիալական աշխատանքը, որով մենք աջակցելու ենք մարդուն, ապա օգնության չափն ավելի է մեծանում։ Պատկերավոր ասած՝ ոչ միայն ձուկը տալիս ենք և վերջ, այլև սովորեցնում ենք ձուկ բռնելու մեթոդը, որպեսզի վաղը կարողանա առաջ գնալ առանց մեզ։ Այսինքն՝ ծառայությունները, որոնք ոչ ֆինանսական են, օրինակ՝ վերապատրաստման, երեխաների համար նախատեսված համայնքային ծառայությունները՝ տարեցների, կանանց համար, պետք է ընդլայնենք, որ համապարփակ աջակցություն լինի։ Այս ուղղությամբ աշխատում ենք և 2020 թվականին կրկնապատկելու ենք համայնքային ծառայությունները երեխաների համար, բավականին մեծացրել ենք կանխարգելող ծրագրերը, որ երեխային չտանեն հաստատություններ։ Բացի այդ, կարևոր է կրթությունը, այս խնդրի լուծումը միայն մեր նախարարության տիրույթում չէ, ցավոք, մենք ավելի շատ աշխատում ենք հետևանքների հետ, եթե կրթական ոլորտում ունենք խնդիր, այդ մարդը հայտնվում է կյանքի դժվարին իրավիճակում, ունենք տնտեսական ոլորտում խնդիր համայնքներում, այստեղ կարևոր է, թե որքան ռեսուրս ենք դնում մարդկանց կրթության զարգացման համար:

Այս՝ ձեր ասած գումարը քիչ է, եթե միայն խոսում ենք մեկ աշխատող մարդու մասին, բայց սոցիալական նպաստը շատ ավելի քիչ է, սա նշանակում, որ մենք իսկապես պետք է կարողանանք գնահատել եկամուտները, քանի որ միայն ընտանեկան նպաստով չէ։

Շատ հաճախ մենք ունենք հասցեականության խնդիր, այսինքն՝ եկամուտներ թաքցնելու խնդիր կա, այսինքն՝ երեխաների թիվը մեծ պետք է լինի, որ 100.000 նպաստ ստանա, միջինը 40-50 է:

— Տիկին Բաթոյան, արդեն իսկ աշխատանքի անցածներ կա՞ն:

— Մենք հավաքագրում ենք թափուր աշխատատեղերը, այս պահին դեռ չկան, քանի որ  կարգը չի փոխվել, դա միայն նախագիծ է։ Մենք ունենք շուրջ 5 հազար աշխատանք փնտրողներ, որոնք իրենց մասին հայտարարել են որպես աշխատանք փնտրող գործազուրկ, սա փաստ է, քանի որ երբ մարդ գրանցվում է, նշանակում է, որ աշխատանք է խնդրում պետությունից, և մենք աշխատանք ենք առաջարկում, մենք ունենք տվյալներ, որ մոտ 40-45  հազար աշխատունակ տարիքի մարդիկ կան, որոնք որևէ սոցիալական կարգավիճակ չունեն, այսինքն՝ հաշմանդամություն չունեն, միայնակ մայր չեն, կենսաթոշակառու չեն և այլն, այս մարդիկ էլ ընտանեկան նպաստի համակարգում են, բայց դեռ գրանցված չեն որպես աշխատանք փնտրող:

— Շատ էին դեպքերը, երբ մարդիկ աշխատում էին, բայց նաև նպաստ էին ստանում: Համակարգն արդյո՞ք մաքրվել է, և նզավել են դեպքերը, երբ թաքցվում են եկամուտները:

— Չեմ կարող բացառել ու ասել, որ ամբողջությամբ մաքրվել է, բայց այն ցուցանիշները, որոնք մենք ունենք տնտեսումների մասով, խոսում է նաև այս մասին, որ բավականին լուրջ տնտեսումներ ունենք, թեև, աղքատության մակարդակը բարձր է։ Սա նշանակում է, որ մենք հասցեականության խնդիր ունենք, այսինքն՝ այն մարդիկ, որոնք նախկինում որևէ կերպ ընդգրկվել են ընտանեկան նպաստում, այլևս այդ նպաստում չեն, մյուս կողմից մեզ հետ համագործակցում են քաղաքացիները, այսինքն՝ ահազանգում են, իսկ մենք սերտ աշխատում ենք իրավապահ մարմինների ու մարզպետարանների հետ, էլ չեմ խոսում բազմաթիվ քրգործերի մասին, որոնք մի քանի տասնյակ են և կապված են հենց ընտանեկան նպաստի հետ: Սակայն նոր համակարգը, կարծում եմ՝ կօգնի գնահատման մեխանիմզը փոխել, բայց ես ավելի շատ նաև ուզում եմ շեշտել, որ մենք պետք է վստահության մթնոլորտը ու համերաշխության մթնոլորտը բարձրացնենք: Եթե մենք պարզապես ոստիկանների միջոցով գնանք, փորձենք գտնել ենթադրյալ հանցագործներին, մենք ճիշտ ճանապարհով չենք գնա, ավելի շատ հարկավոր է համերաշխության մթնոլորտ ձևավորել, քանի որ յուրաքանչյուր ոչ հասցեական ծրագիր զրկում է մեկ այլ կարիքավոր ընտանիքից:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին