12 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » Ուկրաինայի Պոլտավա քաղաքում տեղի հայերը ծածանել են Հայաստանի 30-մետրանոց դրոշը
Աշխարհ

Ուկրաինայի Պոլտավա քաղաքում տեղի հայերը ծածանել են Հայաստանի 30-մետրանոց դրոշը

Ուկրաինական Պոլտավա քաղաքի «Պոբեդա» մշակույթի եւ հանգստի քաղաքային զբոսայգում «Ուրարտու» հայկական հասարակական կազմակերպությունը տոնական միջոցառում է անցկացրել՝ նվիրված Հայաստանի Անկախության օրվան:

AnalitikaUA-ն հայտնում է, որ միջոցառմանը մասնակցել է  մարզային պետական վարչակազմի ղեկավարի տեղակալ Եկատերինա Ռիժեչենկոն:

«Մենք հարգանքով ենք վերաբերվում հայ ժողովրդի սովորույթներին և տոներին: Բարեկամական կապեր ենք պահպանում հայկական սփյուռքի հետ: Հայ ժողովուրդը փոխօգնության, միասնության, համերաշխության, իր ավանդույթների նկատմամբ հարգանքի օրինակ է: Ոմանց համար Ուկրաինան արդեն Հայրենիք է դարձել: Շնորհակալություն յուրաքանչյուրին` Պոլտավայի շրջանի զարգացման գործում ունեցած ներդրման, ակտիվ դիրքորոշման համար: Շրջանային պետական վարչակազմի եւ շրջանի ղեկավարի անունից մենք կշարունակենք աջակցել ձեր նախաձեռնություններին ցանկացած ոլորտում եւ համագործակցել ձեզ հետ»,- ասել է Եկատերինա Ռիժեչենկոն:

 «Ուրարտու» տարածաշրջանային հայկական համայնքի նախագահ Գենադի Աղաջանյանը նշել է, որ, ամեն տարի հայկական սփյուռքը տարբեր կերպ է նշում այս օրը:

«Յուրաքանչյուրը կարող է գալ մեր տոնին: Այսօր մեր հյուրերը վրացական, չեչենական, գերմանական, հրեական եւ բուլղարական համայնքներն են: Ժամանել են մեր կազմակերպության մասնաճյուղերի ներկայացուցիչները Չուտովոյից, Պիրյատինից եւ տարածաշրջանի այլ շրջաններից, ինչպես նաեւ հյուրեր Խարկովից»,- նշել է Գենադի Աղաջանյանը: Միջոցառումներին մասնակցել է Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը:

Ուկրաինայի հայերի միությունը` նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, շնորհավորել է բոլորին տոնի առթիվ: «Հայաստանի Անկախության օրը ամենակարևոր պետական տոնն է ինձ համար և սփյուռքի շատ հայերի համար: Այս օրը ես ցանկանում եմ մաղթել իմ երկրին բարգավաճում և խաղաղ երկինք: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ուրախանա Հայաստանի հաղթանակներով և թույլ չտա պարտություն: Չնայած այն հանգամանքին, որ մենք ապրում ենք մեր պատմական հայրենիքից հեռու, մեզանից շատերը չեն մոռանում մեր արմատները և աշխատում են հանուն Հայաստանի և համայն հայության»,-նշել է Ուկրաինայի հայերի միության նախագահը:

Հայկական սփյուռքի ներկայացուցիչները բացել էին Հայաստանի Հանրապետության 30-մետրանոց դրոշը: Միջոցառման մասնակիցները տոնական երթով շրջել են այգում: Հանդիսատեսի համար համերգային ծրագիրը նախապատրաստել էր «Պոլտավա» երգի-պարի համույթը:

Հայկական համայնքները և հայ երիտասարդական կազմակերպությունները Ուկրաինայի մարզերում անցկացրել են միջոցառումներ` նվիրված Հայաստանի Անկախության օրվան:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին