15 C
Yerevan
4 Հունիսի, 2020
71430.2 By Google Analytics 04.06.2020
Գլխավոր » Ուկրաինայում Սաակաշվիլիի իշխանության վերադարձը հավանակա՞ն է
Գլխավոր Նորություններ

Ուկրաինայում Սաակաշվիլիի իշխանության վերադարձը հավանակա՞ն է

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի կողմից Միխեիլ Սաակաշվիլիին փոխվարչապետի պաշտոնում առաջադրելը, մեր կարծիքով, դարձել է տարածաշրջանային մասշտաբի իրադարձություն։ Ըստ ուկրաինական օրենսդրության, բացի պաշտպանության և արտաքին գործերի նախարարների, կառավարության կազմը հաստատում է Գերագույն Ռադան: Սաակաշվիլին սկսել է հանդիպումները Ռադայում ներկայացված խմբակցությունների հետ։

Ապրիլի 22-ին Սաակաշվիլին հայտարարեց, որ առաջարկ է ստացել նախագահ Զելենսկիի կողմից զբաղեցնելու բարեփոխումների մասով փոխվարչապետի պաշտոնը։ Օրերս տեղի ունեցավ նաև Սաակաշվիլիի հանդիպումը իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավորնեի հետ։ Ընդհանուր առմամբ, Սաակաշվիլին գոհ էր հանդիպման արդյունքներից, բայց միևնույն ժամանակ, չէր թաքցնում իր զարմանքը և հիասթափությունը որոշ պատգամավորների կեցվածքով: Չնայած Սաակաշվիլիի դրական արձագանքին՝ խմբակցության մի շարք պատգամավորներ հայտնում են իրենց վերապահումները նախագահի առաջարկության վերաբերյալ: 

Մամուլի տեղեկությունների համաձայն՝ քվեարկությունը պետք է տեղի ունենար անցած ուրբաթ օրը: Չնայած այն հանգամանքին, որ իշխող կուսակցությունը Գերագույն Ռադայում ունի բացարձակ մեծամասնություն, առկա տրամադրությունները չեն երաշխավորում, որ Սաակաշվիլին կհաստատվի։ Այդ իսկ պատճառով էլ հետաձգվել է Ռադայում քվերկությունը, որն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա առաջիկա հինգշաբթի։

Հարկ է նշել, որ վերջերս, բացառապես Զելենսկիի իմիջի շնորհիվ խորհրդարանում հայտնված պատգամավորները դադարել են լինել կուռ խմբակցություն և բավականին կարևոր հարցերի շուրջ քվեարկության ժամանակ պահանջվող ձայները չեն հավաքվում: Խմբակցությունը հաճախ ստիպված է լինում պայմանավորվել այլ, ընդդիմադիր խմբակցությունների հետ: Այս հանգամանքը լրջորեն դժվարացնում է արագ բարեփոխումների ընթացքը երկրում, հաշվի առնելով, որ, ինչպես հայտարարել էր Զելենսկին, ինքն ընտրվում է ընդամենը 5 տարով, որի ընթացքում խոստանում էր լրջորեն բարեփոխել երկիրը: Եվ գուցե հենց այս պատճառով է, որ նախագահն, ըստ որոշ մեկնաբանների, արդեն տևական ժամանակ փնտրում է որևիցե ուժեղ ֆիգուր, որը կդառնար տեղում դոփող կառավարության հակաճգնաժամային որոշումների շարժիչ ուժը և կարող էր կոմպենսացնել նորանշանակ վարչապետ Շմիգալի թույլ դիրքերն ու անփորձությունը:

Ըստ խմբակցության աղբյուրների, այս պահի դրությամբ, Սաակաշվիլիին ընտրելու համար անհրաժեշտ ձայները դեռ չկան: Հետաքրքիր է, որ Զելենսկին էլ դեռ պաշտոնապես չի հայտնել իր կարծիքը այս մասին, ինչը որոշ չափով ապակողմնորոշում է պատգամավորներին: Պետք է նաև նկատել, որ Սաակաշվիլիի թիմի անդամներն արդեն իսկ ընդգրկված են նախագահական աշխատակազմում` Վրաստանի բարեփոխումների առանցքային դեմքերից մեկը, Բաթումիի “հրաշքի” հայրը, Լևան Վարշալոմիձեն վերջերս նշանակվել է աշխատակազմի ղեկավար Երմակի խորհրդական:

Շատերին անհանգստացնում է նաև Սաակաշվիլիի կոնֆլիկտայնությունը: Մինչ այսօր բոլորը հիշում են նրա լարված հարաբերությունները հայտնի և, ներկայումս բավականին ազդեցիկ ուկրաինական օլիգարխ Կոլոմոյսկիի հետ: Սակայն, հետաքրքրական է, որ խմբակցությունում Կոլոմոյսկիի հովանավորած պատգամավորները հրապարակավ հայտարարեցին, որ վստահում են Սաակաշվիլիին: Նույն կեցվածքը, կարծես թե, որդեգրել է նաև մեկ այլ ազդեցիկ գործիչ, ՆԳ նախարար Արսեն Ավակովը, որի հետ Սաակաշվիլիի հայտնի կոնֆլիկտը բոլորն են հիշում: Հաշվի առնելով Ավակովի ազդեցությունը և առանցքային դերակատարությունը՝ վերլուծաբանները մտահոգություն են հայտնում կառավարության կազմում նրանց անհամատեղելիության վերաբերյալ: Հատկանշական է, որ Ավակովի վերաբերյալ բազմաթիվ հարցերին Սաակաշվիլին կրկնում է, որ այժմ կոնֆլիկտների ժամանակը չէ, և նա չի պատրաստվում որևէ մեկի հետ բախվել, ավելացնելով, որ ինքը զբաղվելու է միայն բարեփոխումներով և իրենց ճանապարհները չեն խաչվելու:

Ելնելով այս ամենից, կարծես թե ստեղծվում է մի իրավիճակ, երբ, ինչպես նշել էինք վերևում, խմբակցությունն ստիպված է լինելու դիմել այլ, ընդդիմադիր, խմբակցությունների օգնությանը: Նախագահական խմբակցությունից բացի խորհրդարանում ներկայացված են ընդգծված արևմտամետ “Գոլոս” կուսակցությունը` Օկեան Էլզի ռոք խմբի մեներգիչ Սվյատոսլավ Վակարչուկի գլխավորությամբ, որը, հավանաբար, կաջակցի Սաակաշվիլիին: Որոշակիորեն արևմտամետ թևին դասվող “Բատկիվշչինա” կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ և քաղբանտարկյալ Յուլիա Տիմոշենկոն արդեն հայտնել է, որ չնայած Սաակաշվիլիի հետ ջերմ ընկերական հարաբերություններին, իրենք պատրաստ կլինեն հայտնել իրենց դիրքորոշումը միայն Սաակաշվիլիի հետ` իր ծրագրի մանրամասն քննարկումից հետո: Չափազանց հետաքրքիր է լինելու նախկին նախագահ և, ինչպես Սաակաշվիլիի, այնպես էլ Զելենսկիի ոխերիմ թշնամի Պետրո Պորոշենկոյի գլխավորած “Եվրոպական Սոլիդարնոստ” կուսակցության դիրքորոշումը: Հաշվի առնելով, որ Սաակաշվիլին միանշանակ դիտվում է որպես արևմտամետ գործիչ և ոմանք անգամ նրա նշանակումը կոչում են Արևմուտքի լոբբինգ և նախագիծ, ապա բավականին դժվար է դառնում Պորոշենկոյի ընտրությունը: Ռուսամետ, Յանուկովիչի ստեղծած համակարգի բեկորներից կազմված “Օպպոզիցիոն Պլատֆորմա – Զա Ժիզն”  խմբակցությունը, որը գլխավորում է ՌԴ նախագահ Պուտինի սանիկ Մեդվեդչուկը, դեմ է քվեարկելու:

Ինչ վերաբերում է Սաակաշվիլիին, ապա նա հայտարարում է, որ փորձելու է կատարել մոտավորապես այն նույն գործառույթը, որը կատարում էր Կախա Բենդուկիձեն Վրաստանում: Իր հիմնական անելիքներն են լինելու.

  • Ապակարգավորումը (дерегуляция)` ՓՄՁ կյանքը հեշտացնելու նպատակով;
  • Ուկրաինական արտահանման պրոտեկցիոնիզմը և ներքին արտադրողին պաշտպանելու նպատակով ներմուծման զսպումը` ԵՄ-ի հետ ասոցացման և ԱՀԿ-ի հետ կնքված պայմանագրերի պայմաններում;
  • Բանակցությունները ԱՄՀ-ի հետ՝ այն պայմաններով, որոնք առաջ կքաշի Ուկրաինան, այլ ոչ միայն ԱՄՀ-ն:

    Newarmenia.am-ը ուշի ուշով հետևում է այս զարգացումներին և կտեղեկացնի ընթերցողներին զարգացումների մասին։ Այս պահին ցանկանում ենք ներկայացնել մեր նախնական վերլուծությունը՝ այս անգամ Ուկրաինայում Սաակաշվիլիի իշխանության վերադարձի մասին։ Այն մի քանի ուղերձ է պարունակում, որոնցից կառանձնացնեինք հետևյալները․
  • Արձագանքելով հասարակության լայն շրջանակների դժգոհությանը բարեփոխումների՝ ոչ պատշաճ խորությամբ և արագությամբ անցկացնելու վերաբերյալ, Ուկրաինայի նախագահը կառավարություն է հրավիրում մի անձնավորության, որն իր փորձով և գործունեությամբ ապացուցել է բարեփոխումների արդյունավետ մենեջերի իր ունակությունները:
  • Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը կարող է զրոյացնել ա՛յն ոչ շատ ծավալուն փոփոխություններն ու սակավաթիվ նվաճումները, որ գրանցել էր նախագահ Զելենսկին, հաշվի առնելով ճգնաժամի խորությունն ու տևողությունը։ Սաակաշվիլիի միջազգային կապերը, ԱՄՆ-ում և Եվրոպայում տարբեր մակարդակներում քաղաքական գործիչների հետ հաստատված հարաբերությունները, միջազգային ֆինանսական կառույցների հետ ունեցած աշխատանքային փորձը մեծապես պահանջված է այսօրվա Ուկրաինայում:
  • Մեկը մյուսին հաջորդող նոր ղեկավարների պաշտոնանկությունները կասկած են հարուցել Ուկրաինայի հիմնական դաշնակից/դոնոր Արևմուտքի մոտ առ այն, որ Զելենսկին ունի քաղաքական կամք և ի վիճակի է հաղթահարել երկրում առկա մարտահրավերները։ Սաակաշվիլիի հրավերը կառավարություն ցույց կտա, որ Զելենսկին դեռ ի վիճակի է կայացնել դժվար որոշումներ և նոր թափ հաղորդել այդքան պահանջված բարեփոխումներին:
  • Զելենսկին ցույց տվեց համարձակ քաղաքական գործչի իր ունակությունները: Ինչպես խոսվեց վերևում, Սաակաշվիլին ոչ միանշանակ է ընդունվում Ուկրաինայում, հատկապես նախկիններից բաղկացած քաղաքական էլիտայի և պետական կառույցների աշխատակիցների կողմից, որոնց ավելի քան 95 տոկոսը նախորդ իշխանության ներկայացուցիչներն են (պատկերը շատ ծանոթ է)։ Կոռուպցիոն շրջանակները (իսկ կոռուպցիան շարունակում է մնալ նախորդ և ներկա կառավարությունների հիմնական մարտահրավերը) կատաղի կերպով դիմադրում են վրաց գործչի հնարավոր նշանակմանը՝ լրատվամիջոցներում արշավներ են սկսել, որոնց նպատակն է խոչընդոտել Սաակաշվիլիի նշանակումը:
  • Սաակաշվիլիի նկատմամբ կա ընդգծված բացասական վերաբերմունք Ռուսաստանի կողմից։ Այս առաջադրմամբ, Զելենսկին ցույց է տալիս, որ բարեփոխումներն այս փուլում ավելի կարևոր են, քան հնարավոր բարդությունները ՌԴ հետ հարաբերություններում։
  • Սաակաշվիլիի հնարավոր նշանակումը կրկին անգամ ցույց է տալիս այդ գործչի յուրահատուկ կարողություններն ու համարձակությունը։ Մի բան է հենվելով ժողովրդի քվեի վրա իրակաանցնել լայնամասշտաբ բարեփոխումներ կոմպակտ ու հասկանալի Վրաստանում, մեկ այլ մարտահրավեր է՝ այդ ամենը անել ծայրաստիճան բզկտված, օլիգարխիկ միջավայրում, որտեղ նրան յուրային համարելու ցանկությունը ունեն հաշված գործիչներ։ Օդեսայի մարզպետ աշխատելու փորձը ցույց տվեց, թե որքան դժվար է աշխատել, երբ վերադասի վստահությունը սահմանափակ է, իսկ մթնոլորտը՝ հաճախ՝ թշնամական։ Այն ժամանակ Սաակաշվիլին, փաստորեն, ձախողվեց:
  • Նշանակման գործընթացը, նույնիսկ չհանգուցալուծված, արդեն իսկ մեծ ալեկոծություն է առաջացրել Վրաստանում։ Սաակաշվիլիի գլխավորած Ազգային շարժում կուսակցությունը (նա՝ կուսակցության պատվավոր նախագահն է) ունի ամենաբարձր վարկանիշը (տարբեր հարցումներով մինչև 27 տոկոս) և ընդդիմադիր այլ ուժերի հետ կարող է լրջագույն հայտ ներկայացնել հոկտեմբերին կայանալիք ընտրություններին։ Վրաստանի իշխանությունները անհանգստացած են Սաակաշվիլիի՝ Ուկրաինայում բարձր պաշտոն ստանձնելու հեռանկարով, հասկանալով, որ Ազգային շարժում կուսակցությունը կստանա լրացուցիչ դրական (այդ թվում, չի բացառվում՝ նյութական) իմպուլսներ, որոնք կարող են որոշիչ լինել ճգնաժամը դժվարությամբ դիմագրավող Վրացական Երազանքի համար։ Այս կապակցությամբ ամենաբարձր մակարդակով մեկը մյուսին հաջորդող պաշտոնական ուղերձներ են հղում ՈՒկրաինա՝ փորձելով ետ կանգնացնել Զելենսկիին: Ինչպես արդեն նշել էինք, Վրաստանի վաչապետը անընդունելի էր համարել Սաակաշվիլիի նշանակումը: Վրացական կողմն անգամ սպառնում է հետ կանչել Կիևում Վրաստանի դեսպանին, այսպես կոչված, «խորհրդակցությունների» համար, ինչը դիվանագիտական պրակտիկայում բավականին լուրջ քայլ է, որին, տեսականորեն, կարող է հաջորդել դիվանագիտական հարաբերությունների խզումը: Սակայն, քչերն են հավատում վրացական կողմի այդօրինակ խիզախությանը:
  • Առաջիկայում սպասվում է առաջընթաց Ուկրաինա-Արևմուտք, հատկապես Ուկրաինա-ԱՄՆ փոխհարաբերություններում։ Սաակաշվիլին հաջողեցնելու է համոզել Արևմուտքին ավելացնել օժանդակությունը Ուկրաինային, հնարավոր է, նաև ռազմական ոլորտում։ Ուկրաինայի նախագահը այսօր այդ աջակցության կարիքը ունի։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին