Գլխավոր » Չենք խաղում 4-րդ համանախագահի դեր, այլ ունենք հստակ օրակարգ, հույսներս էլ Ադրբեջանի «ոչ»-ը չէ․ Տ․ Հայրապետյանը՝ Արցախի հակամարտության գործընթացի մասին
Քաղաքականություն

Չենք խաղում 4-րդ համանախագահի դեր, այլ ունենք հստակ օրակարգ, հույսներս էլ Ադրբեջանի «ոչ»-ը չէ․ Տ․ Հայրապետյանը՝ Արցախի հակամարտության գործընթացի մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenian-ն Արցախի հակամարտության և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների հետ կապված զրուցել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ։

Տկն Հայրապետյա՛ն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արձագանգեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ ամիս առաջ արված հայտարարությանը՝ ասելով, թե «Արցախն Ադրբեջան է և վերջ», սա ինչի՞ մասին է խոսում։

Ադրբեջանի արած հայտարարությունը բնավ նոր չէր, քանի որ  նման հայտարարություն արել է բազմիցս։ Ավելին՝ նախկինում խոսում էր Երևանի մասին, հիմա կոնկրետ խոսեց Արցախի մասին։ Սա իրենց որդեգրած քաղաքականությունն է և դրա մասին մենք բոլորս գիտենք, ուստի որևէ նորություն այդ ասածի մեջ չեմ տեսնում։

– Վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոշտ արձագանքեց, թե «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը բանակցային գործընթացի չի նպաստում։ Ինչո՞ւ նույն ուղերձը չկա Ադրբեջանի պարագայում։

– Մենք դեռ չգիտենք, թե ինչ արձագանքներ են լինելու Ադրբեջանի պարագայում։ Բայց ասեմ, որ չեմ կարծում, թե Լավրովը ՀՀ-ի պարագայում որևէ կոշտ արձագանք է տվել։ ՀՀ ԱԳՆ արձագանքել է Լավրովին և հստակ նշել, որ համանախագահող երկներն ու նրանց ներկայացուցիչները խուսափեն խտրական մեկանաբանություններից։

– Փաստացի մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը կրկին անցել է ագրեսիվ հռետորաբանության, հայ-ադրբեջանական սահմանին սադրանքներ կան, ինչը որոշ ժամանակ առաջ նվազել էր։ Ի՞նչ զարգացումներ սպասենք։

– Մենք միշտ քաջ գիտակցում ենք, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է գնալ սադրանքի, մենք ունենք այդպիսի հակառակորդ։ Սրա մասին շատ լավ տեղյակ ենք, դրա համապատասխանաբար  էլ արվում են  բոլոր ռեֆորմները բանակում՝ սկսած ուտելիքից վերջացրած զենքի հետ կապված մի շարք պայմանավորվածություններով։ Խաղաղության վերաբերյալ օրակարգին ու բանակցային գործընթացին զուգահեռ մենք պատրաստ ենք կոնֆլիկտի հնարավոր էսկալացիային։ Սակայն խնդրի սրացման համար Ադրբեջանին անհրաժեշտ է առնվազն անտարբերություն միջազգային հանրությունից, ներքին համապատասախան իրավիճակ, որն այս պահի դրությամբ չեմ տեսնում։ Կարծում եմ՝ նրանք կբավարարվեն փոքր ու սադրիչ գործողություններով։ Բայց այն, որ Ադրբեջանը փորձում է  տանել էսկալացիայի ու ռազմական «լուծման», կարծում եմ, որ մենք ականատես եղել ենք։

– Ձեր ընդդիմախոսները հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հակամարտության կարգավորման բանաձևը տապալվել է, և ՀՀ-ն կրկին կոտրած տաշտակի առջև է։ Նկատում են, որ մինչ Փաշինյանը հայտարարում է, որ պետք է լինի լուծում, որը շահեկան կլինի ՀՀ-ի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների  համար, Ալիևը հայտարարում է, որ Ղարաբաղի ժողովուրդ չկա։

Փաշինյան էլ հայտարարում է, որ «Արցախն Ադրբեջան է և վերջ», և ո՞րն է այստեղ կոտրած տաշտակը, որտե՞ղ գտնենք, ի՞նչ ենք մենք կորցրել։ Հիշեցնեմ «ընդիմախոսներին», որ մենք առաջին անգամ է, որ չենք խաղում 4-րդ համանախագահի դեր, այլ մենք ունենք հստակ խնդիրներ։ Այս պահի դրույթամբ կոնկրետ որևէ փաստաթուղթ չի քննարկվում, այլ քննարկվում է մթնոլորտի առողջացում, մենք շարունակում ենք դա պնդել։  Այն, որ  Ադրբեջանը խիստ սրտնեղած է բանակցային գործընթացից վկայում է նաև Նյու Յորքի հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Մահմեդյարովի  հայտարարությունը։  Մենք ոչ միայն չենք կանգնել կոտրած տաշտակի առաջ, այլև փոխում ենք տրամաբանությունը, պարզապես դրանք շատ նուրբ քայլեր են, որոնց փակագծերը չեմ ցանկանում բացել։

–  Պարզ է, որ  Արցախի հակամարտության կարգավորման մեջ ներկայումս հաղթող ու պարտվող  կողմ չկա, սակայն արդյո՞ք ՀՀ-ին հաջողվում է տեղ հասցնել իր մեսիջները, առաջ տանել տեսլականը։

– Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում հստակ կդառնա, որ կարողանում ենք, քանի որ մեզանից յուրաքանչյուրն իր տեղում իր գործն է անում։ Մեր գլխավոր խնդիրը հակամարտության հումանիզացիան է, այսինքն՝ դուրս բերել հակամարատությունը որպես տարածքային վեճ ընկալումից, ներկայացնել այն որպես  մարդկանց խնդիրը։ Հենց վերջերս ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության օժանդակությամբ ու նախաձեռնությամբ տեղի ունեցավ համապատասխան քննարկում, որին ներկա էր նաև Արցախի ՄԻՊ-ը։ Այդտեղ խոսվում էր, այսպես կոչված, գորշ գոտիների կամ չճանաչված տարածքներում միջազգային կառույցների ընդգրկվածության ու մարդկանց իրավունքներ պաշտպանության մասին։ Մենք այս գիծը շարունակելու ենք տանել, իսկ նախարարն ու վարչապետը՝ որպես հիմնական բանակցողներ, առաջ են գնում այն օրակարգով, որի մասին բազմիցս խոսվել է՝  համապատասխան մթնոլորտի ստեղծում, Արցախի վերադարձ բանակցային սեղան, որից հետո կանցնենք համապատասխան քայլերի։ Եթե հաշվի առնենք, թե արցախյան հարցն ինչ իրավիճակում է հասել նոր իշխանություներին, ինչ վիճակ ունենք այսօր, ապա յուրաքանչյուր ոք, որը հետևել է գործընթացին կհասկանա, որ այս պահի դրությամբ մենք բարվոք իրավիճակում ենք։ Հուսով եմ՝ այսպես կշարունկվի, քանի որ այստեղ ոչ  թե նախկին, ներկա  կամ ապագա իշխանությունների հարցն է, այլ  մեզանից յուրաքանչյուրի անվտանգության ու լինել, չլինելու հարցն է։

– Ասացիք, որ Արցախյան հարցը նոր իշխանություններին այդքան էլ բարվոք չի հասել, օրինակ՝ ինչ բացթողում էին արել նախկին իշխանությունները, որը ձեզ հաջողվել է կարգավորել։

– Այդ գնահատականները, կարծում եմ, որ պետք է տան հիմնական բանակցողները, բայց հիշելով, թե ինչ իրավիճակ էր ստեղծվել 2016-ի ապրիլին, դրանից հետո, հիշելով բանակցային սեղանին դրված ու քննարկվող փաստաթղթերը, հասկանում են, որ քայլ առաջ ենք հիմա։ Նախկինում այսպես էր, որ մենք ցանկացած փոխզիջման պատրաստ ենք, եթե Ադրբեջանը համաձայնի, հիմա առնվազն նման դիրքոշմամբ հանդես չենք գալիս։ Մենք նշում ենք մեր օրակարգը, մեզ համար կարևոր խնդիրները և առաջ ենք մղում դրանք։ Հեգնելով կասեմ, որ  հույսներս չենք դնում Ադրբեջանի «ոչ»-ի վրա։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին