21 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91817.6 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » Չնախատեսված հաստիքներ, հսկայական աշխատավարձեր, հանցավոր «բարեգործություն» «Չափագիտության ազգային ինստիտուտում»
Գլխավոր Նորություններ

Չնախատեսված հաստիքներ, հսկայական աշխատավարձեր, հանցավոր «բարեգործություն» «Չափագիտության ազգային ինստիտուտում»

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հաշվեքննիչ պալատն այս տարի հոկտեմբերին ավարտել է «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի 2017-18 թթ-ի կատարողականի ուսումնասիրությունը, և շատ տխուր պատկեր է բացահայտվել:

«Չափագիտության ազգային ինստիտուտը», որը կառավարության որոշումով սահմանվել է Չափագիտության ազգային մարմին, զբաղվում է գազի և հեղուկների հաշվիչների, բժշկական նշանակության սարքավորումների, ուժի, ամրության և ճնշման չափման միջոցների, կշեռք-կշռաքարերի, ԱԳԼՃԿ-ների, ժամանակի հաճախականության և ռադիոէլեկտրոնային սարքավորումների, ֆիզիկաքիմիական, ջերմային և իոնիզացիոն և այլ չափումների տեսակի սարքավորումների չափագիտական սպասարկմամբ։

Ըստ ՀՊ-ի հաշվետվության՝ 2016 թ-ին հաստատվել էր այս կառույցի ղեկավարման գլխավոր մարմինը՝ կառավարման խորհուրդը, որը սակայն այս տարիներին չի գործել, որևէ անգամ նիստ չի անցկացրել և չի կատարել իր լիազորությունները: Կառույցում չի ձևավորվել նաև վերստուգող հանձնաժողով և, ըստ էության, ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողական մեխանիզմը բացակայել է:

Այս 2 տարիներին Չափագիտության ազգային ինստիտուտում եղել են կառուցվածքով չնախատեսված 5 հաստիքներ՝ գլխավոր տնօրենի  գլխավոր խորհրդական և 2 խորհրդականներ, իրավախորհրդատու և արդյունաբերական կենտրոնի տեխնիկական կառավարիչ: Այս պաշտոնները զբաղեցնողների աշխատավարձն ընդհանուր կազմել է 16 մլն 80 հազար դրամ: 2017 թ. ապրիլին նախարարի հրամանով կառույցի հաստիքները 251-ից պետք է կրճատվեին 180-ի, սակայն ամսական միջինում 14 ավելի հաստիք է պահպանվել:

Պարզվել է, որ ընկերության աշխատակիցները միաժամանակ աշխատել են այնպիսի կազմակերպություններում, որոնց գործունեությունն ուղղակիորեն առնչվել է ընկերության կողմից կանոնակարգման ենթակա ոլորտների հետ: Օրինակ՝ չափագետ Գ.Բ-ն միաժամանակ աշխատել է «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում որպես պահեստապետ, չափագետ Բ.Ո-ն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Արմավիր Գազմաշ» ՍՊԸ-ում, չափագետ Կ.Դ-ն՝ «Ստանդարտ Դիալոգ» ընկերությունում՝ որպես լաբորատորիայի վարիչ: «Ստանդարտ Դիալոգում» են աշխատել նաև պետական կառույցի 8 այլ աշխատակիցներ:

Վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով կնքվել է 1 մլն 308 հազար դրամի ծառայությունների մատուցման պայմանագիր՝ չպահպանելով գնումների ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջները:

2014 թ-ից սկսած 348 կազմակերպություններ 31.12.2018 թ. դրությամբ Չափագիտության ազգային ինստիտուտին պարտք են եղել 58 մլն 381 հազար դրամ, սակայն դրա հավաքագրման ուղղությամբ որևէ  միջոցառում չի ձեռնարկվել: Փոխարենը, աշխատավարձեր վճարելու համար ընկերությունը վարկեր և փոխառություններ է վերցրել՝ 260 մլն 755 հազար դրամ ծավալով, որի դիմաց վճարել է 7.8 մլն դրամ տոկոսագումար:

Ընկերության հաշվից են վճարվել երթևեկության կանոնների խախտումների համար տուգանքները՝ 2017-18 թթ-ին 528.8 հազար դրամ:

Նաև պարզվել է, որ այս տարիներին ընկերությունն իր տարածքից մի մաս վարձակալության է տվել նույն «Ստանդարտ Դիալոգ» ընկերությանը, որի հետ ունեցել է համատեղ լաբորատորիա: Տարածքի մեկ տարվա վարձակալական ընդհանուր արժեքը կազմել է 2 մլն 14.7 հազար դրամ, սակայն պարզվել է, որ տարածքի փաստացի մակերեսը պայմանագրով սահմանվածից 324 քմ-ով ավելի է, որի յուրաքանչյուր տարվա վարձակալման արժեքը, նույն պայմանների դեպքում, կկազմեր 4 մլն 821 հազար դրամ: Ավելին՝ վարձակալի կոմունալ վճարումները կատարվել են ՓԲԸ-ի կողմից: Եթե 20 տարվա վարձակալության գումարից հանվի գազի և էլեկտրաէներգիայի ծախսը, ապա ՓԲԸ-ն վարձակալության տրված տարածքից ստացել է ընդամենը 399.4 հազար դրամի շահույթ:

Նկատենք, որ «Ստանդարտ Դիալոգի» սեփականատերն Արման Արարատյանն է, որը նախկին իշխանությունների ներկայացուցիչների մերձավորն է և ինքն էլ ղեկավարել է ՍԱՊԾ որակի տեսչությունը:

ՀՊ-ի ստուգումից հետո միայն «Չափագիտության ազգային ինստիտուտն» ընդունել է իր «բարեգործության» անօրինականությունն ու հայտարարել, թե վերանայելու է «Ստանդարտ Դիալոգի» հետ պայմանագիրը:

Ֆինանսական հաշվետվությունների ուսումնասիրությունից պարզվել է, որ 2017 թ. թվով 4 հատ թվային բուսոլի վաճառքից գոյացել է շուրջ 10 մլն դրամի հասույթ, մինչդեռ տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 2017-18 թթ. չափիչ սարքերի և դրանց պահեստամասերի վաճառք չի իրականացվել և եկամուտ չի գոյացել:

ՓԲԸ-ն հաշվապահական հաշվառման ծառայությունների ձեռքբերման մրցույթն իրականացրել է հակամրցակցային դրսևորումներով և 980 հազար դրամի պայմանագիր կնքել «Բիզնես Քոնսալթինգ» ՍՊԸ-ի հետ:

Առևտրի ոլորտում թվով 14 412 կազմակերպություններից ստուգաչափված են եղել ընդամենը 319 տնտեսվարողների կշեռքները:

Տարօրինակ են արագաչափերի ստուգաչափման ցուցանիշները. ըստ ոստիկանության՝ 2018-ի տարեվերջին ՀՀ տարածքում փաստացի տեղադրված է 165 արագաչափ, մինչդեռ ՓԲԸ-ն հաջողել է ստուգաչափել 183-ը:

Այս և այլ բազմաթիվ աղաղակող խախտումների «հիմնադիր-ղեկավար», ըստ էության, Երեմ Չախոյանն է, որը երկար տարիներ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրենն էր: Այս պաշտոնը նա լքել է 2017 թ. հոկտեմբերին, երբ նշանակվել է Մտավոր սեփականության գործակալության տնօրենի տեղակալ։ «Չափագիտության ազգային ինստիտուտի» գլխավոր տնօրենի պաշտոնում Չախոյանի փոխարեն ժամանակավորապես նշանակվել էր Արայիկ Մխիթարյանը։ Այսօր տնօրենի պաշտոնակատարն Ալբերտ Բաբայանն է: Տարօրինակ է, որ ՀՊ-ն այս առերևույթ հանցագործություն պարունակող խախտումները չի ուղարկել դատախազություն, այլ ընդամենն առաջարկներ է ներկայացրել կառավարությանը, էկոնոմիկայի նախարարությանը և «Չափագիտության ազգային ինստիտուտին»՝ դրանք ուղղելու համար:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին