27 C
Yerevan
11 Հուլիսի, 2020
83942.4 By Google Analytics 10.07.2020
Գլխավոր » Պահանջվում են Ծառուկյանի օգտին «ծպտուն հանողներ»
Գլխավոր Նորություններ

Պահանջվում են Ծառուկյանի օգտին «ծպտուն հանողներ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան ստատուսով զարմացել է, որ «արվեստի ու մշակույթի էն գործիչները, որոնք փող մուրալով են զբաղված եղել ողջ կյանքները Ծառուկյանից, մի ծպտուն չհանեցին»։

Այնուհետև տիկին Առաքելյանը սպառնում է հրապարակել «սաղի» անունները, որոնք «ծպտուն չհանեցին»։

Այսինքն, նրանք, որոնց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օգնել է փողով, պետք է խոսեին ի պաշտպանություն նրա։ Այստեղ մի բան այն չէ։ Նախ ի՞նչ պիտի ասեին նրանք՝ որ Ծառուկյանն ընտրակաշառք չի՞ բաժանել։ Նրանք ի՞նչ գիտեն։ Ամբողջ ընթացքում նրա կողքի՞ն են եղել։ Հանուն ինչի՞ խոսեին, հանուն ստացած փողի՞։

Երկրորդ, նրանք հասել են մի մարդու մոտ և փող են ուզել մեկից, որը, քննության ընթացքում գտնվող այլ գործով, այդ փողերը գողացել է, ոչ թե աշխատել։

Երրորդ, իրենք պարելով չեն ուզել այդ փողերը, այլ՝ գետինը մտնելով։ Այսօր նրանք ևս մեկ անգա՞մ պիտի գետինը մտնեին։ Իսկ եթե փող ուզելով չեն հասկացել, թե ինչ են արել, ինչու՞ անցավ գլուխները դնեն ցավի տակ։ Եվ ո՞վ ասեց, որ այդ փողը տալով Գագիկ Ծառուկյանը չի նվաստացրել նրանց։ Հենց միայն տալով։ Այո, Ծառուկյանը նույնիսկ շատ հաջող գրքերի տպագրություն է ֆինանսավորել։ Բայց մեծ հաշվով ցանկացածի համար է դժվար խոսել նրա օգտին։

Եվ եթե Ծառուկյանն իսկապես արդար է, «արվեստի ու մշակույթի գործիչները» իրենց ձայնով ի՞նչ կարող են ավելացնել այդ արդարությանը։Նրանց իշխանությունը փող չի տվել, մարդատեղ չի դրել և հասցրել է այն բանին, որ նրանք գնան օլիգարխի դուռը․ ինչո՞վ սա խայտառակություն չէ։

Ծառուկյանն ինքը հասկացե՞լ է, թե ինչ է անում օգնելով։ Հարցերը շատ են, տիկին Առաքելյան։ Ես համաձայն եմ՝ ոչ մի հնչեղ անուն առանց օգնության չի մնացել, բայց դա շատ սարսափելի է, որովհետև այնքան ոչ հնչեղ անուններ կան, որոնք մնացել են առանց օգնության։ Այնքան ոչ հնչեղ անուններ կան, որոնց հնարավոր աշխատելի գումարն է գնացել հնչեղ անունների գրպանը, որովհետև Ծառուկյանը նրանց քիչ է վճարել ու այդ գումարը տվել է հնչեղ անուններին։

Մի խոսքով ինչ-որ բան այն չէ։ Ծառուկյանի օգտին խոսելը նրանց որոշելիքն է։ Ես, ըստ երևույթին, կխոսեի։ Ընդ որում կխոսեի, եթե նույնիսկ համոզված լինեի, որ հետապնդվող մարդը մեղավոր է։ Կխոսեի իմանալով, որ սխալ եմ, որովհետև ես խոսելու էի անձամբ իմ հանդեպ ցուցաբերած ողորմածության անունից։

Բայց այդքանից հետո ինչու՞ պիտի հուսայի, որ իմ խոսքը կշիռ է ունենալու, եթե ներքին համոզմունք ունեմ, որ այն, ինչ ասում են Ծառուկյանի մասին, ճիշտ է։ Եվ չնայած դրան կխոսեի։

Կխոսեի հիշելով Ծառուկյանի կառուցած եկեղեցու բացման օրը, երբ բացումից հետո սոված ժողովուրդը հարձակվեց բացման առիթով եկեղեցու բակում գցած սեղանի վրա՝ փախցնելով խառը կանաչին ու բողկը։ Այսինքն, ով ինչ կարող էր։ Եվ այդ ժողովուրդն այսօր չի դատապարտում Գագիկ ծառուկյանին, որովհետև օրենքն արդեն հասել է այդ մարդու դուռը։

Ոչ մի կաշառված այսօր չի քարկոծում Ծառուկյանին, ուրեմն ինչո՞ւ նրա օգտին խոսեն մարդիկ, որոնք փող են ստացել գիրք տպելու, ցուցահանդես բացելու կամ ներկայացում բեմադրելու համար։ Ի՞նչ կարող են անել նրանք՝ աղոթել առանց աղմուկի, որ Ծառուկյանն իսկապես կապ չունենա այն մեղադրանքների հետ, որոնց համար հայտնվում է ԱԱԾ մեկուսարանում։ Այդպես ավելի մշակութային է։ Ընդ որում չմոռանալով, որ Ծառուկյանի հայրենի գյուղի դպրոցը կրում է նրա հոր անունը, մանկապարտեզը՝ մոր, իսկ գյուղի ամբուլատորիան՝ դստեր անունը։

Մհեր Արշակյան

Նմանատիպ Հոդվածներ

Նոր Հայաստանում դեռ իշխանություն են վայելում նախկինները

Սերինե

Գագիկ Ծառուկյան․ Երրորդ իշխանությունը

Diana Amirkhanyan

Ինչպես քարոզել «Այո» (ձեռնարկ)

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին