6 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » «Պատերազմ է ոչ թե Արցախի, այլ հայոց պետականության համար». Ռուբեն Կարապետյան
Այլ Լուրեր

«Պատերազմ է ոչ թե Արցախի, այլ հայոց պետականության համար». Ռուբեն Կարապետյան

«Այն, ինչ տեղի է ունենում մեզանում արդեն ավելի քան 2 շաբաթ, պատերազմ է ոչ թե Արցախի համար, այլ հայոց պետականության, ողջ հայության ապագայի համար: Պահը պատմական է, հսկայական վտանգ պարունակելու հետ մեկտեղ, փայլուն հնարավորություն է ստեղծում փակելու Հայաստանի Հանրապետության պատմության 30-ամյա առաջին այս փուլը և սկիզբ դնելու նոր որակի ու տիպի հայկական պետության կերտմանը՝ իրապես անկախ, ազգային ռազմավարությամբ ու գործելակերպով միասնական Հայաստանի Հանրապետության  կառուցմանը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը:

Նա վստահ է, որ թեև դրա համար մենք այսօր չափազանց բարձր գին ենք վճարում, սակայն այս պատերազմը հեղաշրջում կիրականցնի նաև մեր մտայնության և հոգեբանության մեջ. «Գոնե սեփական պետականության նկատմամբ մեր վերաբերմունքում՝ հայոց պետականությունը նորովի արժեվորելու և գնահատելու հարցում: Իհարկե, ամեն մի զոհված զինվոր չսպիացող վերք է մեր սրտերում, իսկ նրանց յուրաքանչյուրի սխրագործության հանդեպ մեր պարտքի ու պատասխանատվության անթոթափելի բեռը կրելու ենք ողջ գիտակից կյանքում»:

Սակայն չհաղթել, ըստ ԱԳ նախարարի խորհրդականի, մենք չենք կարող: «Ուղղակի իրավունք չունենք հանուն հենց նրանց հիշատակի ու մեր երեխաների ապագայի: Իսկ պատերազմները հաղթում են ոչ միայն զենքով, այլ նաև ոգեղեն ուժի հզորությամբ, տիեզերական ներքին ուժով ու կամքով, հավատով ու վճռականությամբ: Հաղթում են՝ բացառելով պարտության, պառակտման, բաժանման որևէ միտք, խոսք և գործողություն»,-գրել է դիվանագետը՝ կոչ անելով մի կողմ դնել բոլոր կասկածներն ու վախերը, անձնական, հատվածական, քաղաքական և այլ շահերն ու հաշվարկները, նախասիրություններն ու կողմնորոշումները:

«Համախմբվել ու բռունցքվել մեր բանակի շուրջ, բոլոր միջոցերով մոտեցնել մեր հաղթական պահը, լցվել համբերությամբ ու անսասան հավատով մեր հաղթանակի հանդեպ: Մեզ պարտադրած այս պատերազմում մենք արդեն իսկ հաղթել ենք, թեև մեզանից շատերը դեռ դա չեն գիտակցում, մենք հաղթում ենք ու անկասկած հաղթելու ենք:

Մնացած բոլոր հարցերը կլուծենք հաղթանակից հետո…»,-եզրափակել է ԱԳ նախարարի խորհրդականը:

Մ.Խ.

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին